2021թ. օգոստոսի 1-ին, ժամը 01:30-ին, հաղորդում է ստացվել բժշկական հաստատություններից այն մասին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երկու անձ: Նրանցից մեկը Երեւան քաղաքի ավագանու անդամ Արման Անտոնյանն էր, մյուսը՝ 87-ամյա պապը: Պարզվել էր, որ նախնական տվյալներով՝ 2021թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք մուտք են գործել Ա. Անտոնյանի՝ Նոր Արտամետ համայնքում գտնվող տուն, հարձակվել նրա վրա եւ հավանաբար դանակներով հասցրել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Նրանք փորձել էին դիմել փախուստի, սակայն հանդիպելով 87-ամյա պապի դիմադրությանը՝ հանցագործներից մեկը դանակով հարվածներ է հասցրել նաեւ տարեց տղամարդուն՝ վերջինիս պատճառելով գանգի շրջանի բաց վերքի, աջ եւ ձախ ստորին կոպերի արյունազեղումների եւ կտրվածքի տեսքով մարմնական վնասվածքներ, որից հետո դիմել են փախուստի: Հարուցվել է քրեական գործ:
Զարհուրելին իր տան մեջ գտնվող անձի, նրա հարազատի նկատմամբ ոտնձգություններն են: Մենք հավաքել ենք 2018-ից հետո կատարված ենթադրյալ հնչեղ գործերի, որոշ հասարակական դրսեւորումների, որոնք իրավական գնահատականի չեն արժանացել, ժամանակագրությունը:
Բոլոր մեջբերումները «Առավոտ»-ից են:
Ապրիլի 24- Մի խումբ քաղաքացիներ Խանջյան փողոցում սեղան էին փռել եւ խորոված էին անում: Մարդիկ էլ կային, որ ուրախությունից որպես «մաղարիչ» ջուր ու քաղցրավենիք էին բաժանում: Հրապարակի մերձակայքում, փողոցների վրա առեւտուր իրականացնող փոքր ու միջին բիզնեսի գործը եւս բարեհաջող էր ընթանում: «Առավոտի» հարցին ի պատասխան՝ տնտեսվարողներն ասացին, որ չեն հիշում՝ վերջին անգամ երբ են նման ծավալի առեւտուր ունեցել:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ էջում գրում է. «Վաղը 11.00-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, շարունակելու եւ ավարտին հասցնելու ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը»:
Aravot..am-ի հետ զրույցում Ռոբերտ Աբաջյանի եղբայրը՝ Ռուբենն ասում է. «Աբսուրդ է դա: Հանրահավաքից հետո գնացել եմ այնտեղ, դերասան Հայկոն էր այնտեղ, ասել եմ՝ դա իրենց կողմից բացթողում էր: Հարցրեցի՝ դրա համար պատասխանատու մարդ կա՞ր, ասացին՝ չէ: Ես չգիտեմ՝ իմաստը որն էր դրա, PR ինչ-որ շոու-մոու են ուզում արդեն կազմակերպեն, բայց դե սիրուն բան չեն անում համենայնդեպս»: Ռոբերտ Աբաջյանի իրական պապիկը՝ Գեւորգ Աբաջյանն «Առավոտին» ասաց. «Շատ վատ եմ վերաբերվում, որ իմ անվան տակ ելույթ են ունենում: Ես ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել, այս մի քանի օրվա իրադարձությունները, այդ ելույթն ինձ շատ վատ վիճակի մեջ էին գցել… Ինձ համար անակնկալ էր, ես տանը նստած՝ կինս ասում է՝ արի տես, դու հրապարակում հիմա խոսում ես, ելույթ ես ունենում: Ջղայնացա: Այսօր պաշտպանության նախարարությունից էլ էին ինձ հետ կապվել»:
Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2016 թվականին ՊՊԾ գնդի վրա «Սասնա ծռեր» խմբավորման հարձակումից հետո՝ դուրս է գալիս ընդհատակից: Նրա լուսանկարը հրապարակում է PARA TV-ի լրագրող Նաիրա Նալբանդյանը:
Մայիսի 17, 18, 22- Բնապահպանները փակել են դեպի հանք տանող ճանապարհները եւ տեխնիկայի մուտքը դեպի վառելիքա-քսայուղային նյութերի կայան։ Նրանք փակել են նաեւ Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղ տանող ճանապարհը, որով իրականացվում է հանքաքարի ամենօրյա փոխադրումը Սոթքի հանքից դեպի Արարատի ֆաբրիկա:
Մայիսի 24- Բաց նամակով ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին եւ արդարադատության նախարար Ա. Զեյնալյանին են դիմում ցմահ դատապարտվածներ Արսեն Արծրունին (25տ), Ստեփան Գրիգորյանը (23տ), Աշոտ Մանուկյանը (23տ), Արթուր Մկրտչյանը (23տ), Արմենակ Մնջոյանը (25տ, մահացել է):
Ասվում էր. «Հայաստանում գոյություն ունի «ցմահականների խնդիր»։ Ստորագրյալներս մաս ենք կազմում վաղաժամկետ պայմանական ազատ արձակման ենթակա ցմահ ազատազրկյալների։ Վաղաժամկետ պայմանական ազատ արձակման համակարգն ունի մի առանձնահատկություն. եթե սույն համակարգը սուբյեկտիվ ու ոչ համաչափ է գործում բոլոր դատապարտյալների համար, ապա ցմահ ազատազրկյալների դեպքում այն պարզապես չի գործում: Ցմահականների խնդիրը քաղաքական խնդիր է։ Այդպես է, քանի որ ցմահականի ազատումը օրենքի սահմաններում լուծվող խնդիր չէ առայժմ։ Այդպես է, քանի որ ՀՀ-ում իրավունքի ինստիտուտներ հանդիսացող դատախազը, Վճռաբեկ դատարանի նախագահը եւ այլն միասնաբար ամրապնդում են նման բանի բացառումը։ Այս երեւույթը պարզապես նախորդների ձեւավորած համակարգային անօրենության եւ կամայականության հերթական օրինակն է»:
Մայիսի 24- «Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»: Արձակագիր, ԱԱԾ նախկին աշխատակից Սարմեն Ղահրամանյանի վերջին հրապակարումն «Առավոտում»: Նա ինքնասպան է լինում 2019թ. օգոստոսի 26-ին:
Մայիսի 29- ԵՊՀ «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության անդամները մտնում են ԵՊՀ վարչական համալիր, ներկայացնում պահանջներ, բռնություն են գործադրում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի նկատմամբ, ինչի պատճառով նա հայտնվում է վերակենդանացման բաժանմունքում, եւ վիճակը գնահատվում է ծանր: Այդ կապակցությամբ մայիսի 30-ին ԵՊՀ պրոռեկտորներ՝ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Գեղամ Գեւորգյանը, Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեքսանդր Գրիգորյանը հանդես են գալիս հայտարարությամբ:
Մայիսի 30- Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է տեղեկություն այն մասին, թե ինչպես է ԱԺՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը օրենքին հակասող զանազան հնարքների միջոցով թաքցրել 40 միլիարդ դրամի շրջանառությունից առաջացող 20 տոկոս ԱԱՀ եւ շահութահարկը, վճարելով ընդամենը 2 տոկոս շրջանառության հարկ: Դա, ըստ ԱԱԾ հայտարարության, արվել է մի քանի հարյուր, այսպես ասած՝ կեղծ ԱՁ գրանցելու միջոցով, տարբեր քաղաքացիների անձնագրերով: ԱԱԾ-ն հայտարարել է քրեական գործ հարուցելու մասին:
Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ Մելիքյանն «Ազատության» հետ զրույցում պնդել է՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բռնության է ենթարկվել: Բացի նրանից, որ Վեհափառի դեմ պայքարող անձինք Գնդեւանքի մոտ շրջափակել են նրա մեքենան՝ զրկելով նրան ազատ տեղաշարժվելու իրավունքից, Հայր Կորյունը նաեւ սպառնացել է Կաթողիկոսին փակել Գնդեւանքում, Գարեգին 2-ին նաեւ քաշքշել են: Տեր Վահրամը շեշտեց՝ այդ իրավիճակում իրավապահները պետք է բոլորովին այլ գործողություններ իրականցնեին: «Ես կարծում եմ, որ այդտեղ այլ գործողություններ եւս պետք է կատարվեին եւ Վեհափառ Հայրապետը չպիտի հայտնվեր նման իրավիճակում»:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ապրիլի 20-ին «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թեհմինե Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հունիսի 22- Ոստիկանություն է զանգահարել Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը եւ հայտնել, որ իրեն սպառնում են` ասելով՝ գլուխը կկոտրեն, իրեն եւ ընտանիքին կմորթեն:
Օգոստոսի 1- Իջեւանի «ՍՕՍ մանկական գյուղի» սաներից մեկը ինքնավնասում է կատարել:
Սեպտեմբերի 11- ԱԱԾ տնօրեն Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Խաչատրյանի գաղտնալսման տեսանյութը տարածվում է համացանցում:
Դեկտեմբերի 5- Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Արփինե Հովհաննիսյանը հրավիրվում է ոստիկանություն՝ բացատրություն տալու: Արփինե Հովհաննիսյանը համացանցում հայտնել էր, որ իր նկատմամբ սպառնալիքներ են հնչեցրել:
(շարունակելի)
Պատրաստեց Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
04.08.2021