Սկիզբը՝ այստեղ:
ՌԴ-ն ե՛ւ Արցախի կարգավիճակի հստակեցմանն է կողմ, ե՛ւ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափով՝ սահմանազատման
գործընթացին մինչեւ ԼՂ կարգավիճակի հստակեցումը
Ի տարբերություն Ռուսաստանի, որը փորձում է համատեղել «չեզոք խաղաղապահի», ՀՀ ռազմավարական դաշնակցի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահի իր գործառույթները, Արեւմուտքից վերջին օրերին լսեցինք, թեեւ ոչ ուղիղ հասցեական, սակայն առավել հստակ հայտարարություններ Հայաստան-Ադրբեջան սահմանային իրավիճակի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման անհրաժեշտության վերաբերյալ:
ԱՄՆ-ը դատապարտեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային սահմանների երկայնքով բռնությունների վերջին սրացումները` կոչ անելով հնարավորիս շուտ վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ «Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին կատարել հրադադարի իրենց պարտավորությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի լարվածությունը թուլացնելու համար», – հայտարարեց Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ Հայտարարությունում ասվում էր՝ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով պահպանվող լարվածությունը ընդգծում է այն փաստը, որ միայն համապարփակ լուծումը, որը կկարգավորի չլուծված մնացած հարցերը, կարող է նորմալացնել երկու երկրների միջեւ հարաբերությունները՝ հնարավորություն տալով տարածաշրջանի երկու ժողովուրդներին միասին ապրել խաղաղության մեջ։ Միացյալ Նահանգները Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորում է հնարավորինս շուտ վերադառնալ բովանդակային քննարկումների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար։
Կարդացեք նաև
Անցյալ շաբաթ հեռախոսազրույց էին ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Մտահոգություն հայտնելով երկու երկրների սահմանին լարվածության կապակցությամբ, Ֆիլիպ Ռիքերն ընդգծել էր իրավիճակը կայունացնելու անհրաժեշտությունը։ Բայրամովը նշել էր, թե Ադրբեջանը հետաքրքրված չէ լարվածության սրացմամբ ու հավատարիմ է քաղաքական ու դիվանագիտական միջոցներով բոլոր վեճերի կարգավորմանը, ապա նա հավելել էր, որ անհրաժեշտ է, որ՝ «Հայաստանը գիտակցի իր պատասխանատվությունը եւ դադարեցնի սադրանքները»։ Ի դեպ, նշվում էր նաեւ, որ կողմերը քննարկել են ինչպես նաեւ եռակողմ ձեւաչափով` Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Անցյալ շաբաթ սահմանային հերթական լարվածությունից հետո Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերվեց պայմանավորվածություն հյուսիս-արեւելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հուլիսի 29-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Արմեն Գրիգորյանը դատապարտել էր հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի վրա իրականացված ադրբեջանական զինված ուժերի հարձակումը, որը նա որակել էր որպես Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ուղղված բացահայտ ոտնձգություն։ «Ընդգծվեց, որ մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման եւ շարունակական սադրիչ գործողությունների հետեւանքով ստեղծվել է լարված իրավիճակ, որը հնարավոր կլինի հաղթահարել ադրբեջանական զինված ուժերի՝ ելման դիրքեր վերադարձից հետո», ասվում էր ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարն ընդգծել էր հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման, դեէսկալացիայի կարեւորությունը: Նաեւ կարեւորվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը։ Հաղորդագրությունում ասվում էր, որ Արմեն Գրիգորյանը եւ Ֆիլիպ Ռիքերը քննարկեցին նաեւ՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում համագործակցության հետագա ծավալման հեռանկարները»։
Նույն օրը Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց էր ունեցել Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Ըստ ԱԳՆ-ի, քննարկվել էր Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, Արմեն Գրիգորյանը ներկայացրել էր Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից հարձակողական գործողությունների հետեւանքները։ «Շեշտվեց, որ սադրիչ ռազմական գործողություններին զուգահեռ Ադրբեջանն առաջ է քաշում Հայաստանի հանդեպ տարածքային եւ պատմական կեղծ պահանջներ, որոնք միտված են տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության խաթարմանը», – նշված էր ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։ Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարն ընդգծել էին անհրաժեշտ բոլոր ջանքերի գործադրման կարեւորությունը՝ իրավիճակի դեէսկալացիայի ապահովման համար։
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն եւս հանդես էր եկել հայտարարությամբ՝ թվիթերյան իր էջում գրելով. «Հայ-ադրբեջանական սահմանին բազմաթիվ միջադեպերի մասին հաղորդումները լուրջ մտահոգություն են հարուցում: Կողմերին կոչ ենք անում զարգացնել հումանիտար քայլերը եւ ամբողջովին իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որպեսզի բոլոր չլուծված հարցերը կարգավորվեն խաղաղ ճանապարհով»:
Սահմանային իրադրությանն արձագանքեցին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահները: Հիշեցնենք, որ Ռուսաստանը փոխեց ԵԱՀԿ Մինսկի խմբում իր համանախագահին: 2010-ից Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովին փոխարինել է Իգոր Խովաեւը, որը վերջին 5 տարիներին Ռուսաստանի դեսպանն էր Ֆիլիպիններում: Նա առաջին դասի հանձնակատարի դիվանագիտական աստիճան ունի: Հուլիսի 29-ին համանախագահի պաշտոնում նախօրեին Խովաեւն առաջին անգամ մյուս համանախագահներ՝ Ստեֆան Վիսկոնտինի եւ Էնդրյու Շոֆերի հետ հանդես եկան հայտարարությամբ:
Համանախագահները կոչ արեցին Հայաստանին եւ Ադրբեջանին անհապաղ հանդարտեցնել իրավիճակը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից եւ գործողություններից, ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ հրադադարի համաձայնեցման այլ պայմանավորվածությունները: Համանախագահները վերահաստատել էին հակամարտության բոլոր հիմնական հարցերը բանակցված, համապարփակ եւ կայուն կարգավորմամբ լուծելու անհրաժեշտությունը եւ կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին իրենց հովանու ներքո: «Նրանք (միջնորդները) կրկնում են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը վերանայեն եւ համատեղ համաձայնեցնեն կառուցվածքային օրակարգը` արտացոլելով իրենց առաջնահերթությունները` առանց նախապայմանների», – նշվում էր հայտարարության մեջ:
Այսպես, Վաշինգտոնը Հայաստանին եւ Ադրբեջանին բովանդակային քննարկումների կոչ է անում, շեշտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ համապարփակ լուծմանը հասնելու անհրաժեշտությունը: Իսկ սա ենթադրում է նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցում: Հատկանշական է, որ համանախագահները՝ «ուղիղ երկկողմ խորհրդակցություններ» կազմակերպելու մասին են ակնարկում:
Ու այստեղ հետաքրքրականն այն է, որ Ռուսաստանի ներկայացուցիչը միանում է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության հայտարարությանը, սակայն մյուս կողմից՝ Մոսկվան Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափով սահմանազատման գործընթացում շտապողականություն է ցուցաբերում եւ չի թաքցում, որ կողմնակից է Ռուսաստանի հովանու ներքո արագ համաձայնություններին, ընդհուպ՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 04.08.2021