Լրահոս
Օրվա լրահոսը

«Աջակցելով վարչապետին՝ կորցրել եմ շատ ընկերներ, գործընկերներ…»

Օգոստոս 05,2021 12:30

Հարցազրույց դերասան, ֆոտոմոդել Արամ Ավետիսյանի հետ

– Դուք այն եզակի երիտասարդ դերասաններից եք, որ նույնիսկ փորձ էլ չի արել կարիերա սկսել որեւէ թատրոնում։ Փոխարենը ձեզ հանդիպել ենք սիթքոմներում, սերիալներում։ Հետաքրքիր է՝ թատերականում ուսումնառության տարիներին ձեզ ոչ մի թատրոնում չէի՞ք տեսնում։

– Ուսանել եմ Լալա Մնացականյանի եւ Ռաֆայել Քոթանջյանի արվեստանոցներում։ Վերջին կուրսում էի, երբ մասնակցեցի քասթինգի՝ սերիալում նկարահանվելու համար։ Բայց լսելով տիկին Մնացականյանի հորդորը՝ կենտրոնանալ ուսման վրա, ընդունեցի, ու թեեւ արդեն սկսվում էին նկարահանումները, ես հրաժարվեցի։ Ինչ վերաբերում է թատրոններին, այո, ունեցել եմ նախընտրածս թատրոնները՝ կամերային եւ «Մհեր Մկրտչյան արտիստական»։ Բայց ինչ-ինչ պատճառներով նույնիսկ փորձ էլ չեմ արել համալրել այդ թատրոնների արտիստական խումբը։ Վաղուց է ձգել դերասանի մասնագիտությունը, բայց հետաքրքրված էի նաեւ մոդելային բիզնեսով։ Արի ու տես, որ այստեղ էլ, պարզվեց, մի խնդիր ունեմ. հասակս 5 սանտիմետրով պակաս է ընդունված նորմերից (հասակը 1,78 սմ է)։ Բայց ինձ այնքան էր ձգում այդ ոլորտը, որ ելքը գտա. ընտրեցի ֆոտոմոդելի աշխատանքը։ Հանդիսանում եմ մի քանի հեղինակավոր սրահների դեմք, ավելի ճիշտ՝ բրենդային ապրանքանիշերի դեմքը…

– Կարելի՞ է ենթադրել, որ դերասանի մասնագիտությունը դրել եք մի կողմ եւ տրվել ֆոտոմոդելայինին։

– Ոչ, 2019թ. Արտաշատ եւ Արարատ քաղաքներում հիմնել եմ «Արամ Ավետիսյան» դերասանական ստուդիաները, դասավանդում եմ բեմական խոսք, դերասանի վարպետություն եւ ընդհանուր հաշվով այսօր ունեմ 120 սան։ Զուգահեռ էլ երեխաների մասնակցությամբ ու երեխաների համար հաղորդումներ եմ պատրաստում՝ դրանք տեղադրելով համացանցում։

– Յութուբում հանդիպել ենք ձեր սցենարով «Ուսուցչի նամակը» սերիալին…

– Դա վեց մասից բաղկացած սերիալ է, որի առաջին մասն արդեն ունի ավելի քան 60 հազար դիտում։

– Ասում են՝ համացանցում տեղադրված ձեր սցենարով եւ ռեժիսուրայով ֆիլմերից մեկը նույնիսկ ցուցադրվել է մեծ էկրաններին, բայց, ճիշտն ասած՝ երեւանյան կինոթատրոններում գոնե մենք չենք հանդիպել։

– Խոսքը «Փրկության գինը» ֆիլմի մասին է, որն իրականացրել եմ ընկերներիս ու համախոհներիս հետ։ Այն ուսուցիչ-աշակերտ-ընտանիք հարաբերությունների մասին է։ Ֆիլմը համացանցային այնպիսի դիտումներ ունեցավ, որ որոշեցինք այն բարձրացնել նաեւ մեծ էկրան. ցուցադրեցինք Վեդի, Արտաշատ եւ Վանաձոր քաղաքներում։ Անկեղծանամ՝ նման ընդունելություն ակնկալել էինք ֆիլմի մոնտաժման աշխատանքներն ավարտելուց հետո։ Այս օրերին ձեռնամուխ ենք եղել նոր ֆիլմի ստեղծման աշխատանքներին, այն ավելի շատ պատանիներին է հասցեագրված եւ մեծ հաշվով պատերազմի, հայրենասիրության, սփյուռքահայության՝ Հայաստանին զորավիգ լինելու մասին է։



– Ի դեպ, մենք տեղեկություն ունենք, որ դուք ոչ միայն 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում, այլ դրանից հետո էլ չեք դադարեցրել բարեգործական աշխատանքները։

– Պատերազմի օրերին ստուդիայիս սաների հետ իսկապես ինչով կարողացել օգնել ենք մեր զինվորներին։ Թեեւ այդ մասին ընդունված չէ բարձրաձայնել, բայց պետք է ասեմ, որ այդ աշխատանքներին մեծ պատասխանատվությամբ էին մասնակցում սաներս, նույնիսկ Արցախից եկածներին ենք օթեւանով ապահովել։ Եթե ասում եմ, ուրեմն մինչեւ վերջ ասեմ. շարունակում ենք աջակցել զինվորներին եւ նրանց ընտանիքներին։


– Արդյոք Ճի՞շտ է, որ որոշ զինվորների ու նրանց ընտանիքների հետ այնքան եք մտերմացել, որ հարսանիք եք կազմակերպել եւ քավոր «կանգնել»։

– Դա այդպես է։ Այդ հարցում ինձ օգնել է մարմնամարզուհի Անի Վարդազարյանը։ Իրականում ոչ թե հարսանիք, այլ նշանադրություն էր՝ 44-օրյա պատերազմի մասնակից Ռաֆայելի եւ Էլենի նշանադրությունը։ Մենք դա գաղտնի էինք պահել, մտածել էինք, եթե կարելի է այդպես ասել՝ սցենար, եւ այն իրականացրել։

– Անդրադառնանք մշակութային գործունեությանը։ Ողջունելի է ձեր նվիրվածությունը երեխաներին, այն էլ մարզաբնակ։ Բայց գիտենք, չէ՞, թե ինչ վիճակում են, օրինակ, մեր որոշ մարզերի մշակույթի տները։ Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ որոշ մարզային թատրոններ էլ ունեն հիանալի շենքեր, բայց…

– Բայցը հասկանալի է. հավանաբար ուզում էիք ասել, որ դրանք վերանորոգման կարիք ունեն…

– Օրերս մեկնարկած 8-րդ գումարման ԱԺ-ից ակնկալիքներ ունե՞ք մշակույթի մասով։

– Կուզեի, որ մեծ ուշադրության արժանանային ինչպես նշեցիք՝ ոչ բարվոք վիճակում գտնվող մարզային մշակութային օջախները, վերանայվեր դերասանների աշխատավարձը… Հայաստանում պարզապես հօդս ցնդեր խնամի-ծանոթ-բարեկամ հովանավորչությունը, ինչը, գաղտնիք չէ՝ գործում է նաեւ մշակույթի ոլորտում։

– Դերասանի մասնագիտությունը հաճախ օգտագործում եք նաեւ քաղաքական թեմաներով «լայվերի» ժամանակ, որոնց մեկնաբանությունների մեծ մասը մեղադրանք է ձեր հասցեին՝ վարչապետին աջակցելու համար։ Լրագրողական փոքրիկ հետաքննության արդյունքում էլ պարզեցինք, որ հենց այդ պատճառով էլ երկու TV-ներում ստեղծվել է այնպիսի վիճակ, որ դուք ստիպված էիք հեռանալ։

– Դա եղել է։ Իսկ ամենակարեւորը՝ աջակցելով վարչապետին, կորցրել եմ շատ ընկերներ, գործընկերներ… Այսքանը։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
04.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Եթե տղան մի քիչ է շնորհալի լիներ, էլի ոչինչ, բայց…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031