Կոճակ սեղմո՞ղ է լինելու ՔՊ խմբակցության նոր պատգամավորը, թե՞ ընդդիմանալու է
Երրորդ օրն է՝ խորհրդարանում ընդդիմությունը իրավիճակը լարված է պահում՝ բոյկոտներ, թեժ հարցադրումներ, սեղանների վրա հարվածելով ակցիաներ:
ՔՊ նորընտիր պատգամավոր Վիգեն Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ ընդդիմությունը խոստացել է, որ իշխանականներին օր ու արեւ չի տալու, հաջողվո՞ւմ է նրանց՝ պատասխանեց. «Ես չեմ կարծում որ իրենք ճիշտ պահվածք են որդեգում, դա անօգտակար դրսեւորում կլինի, ու հուսով եմ կհասկանան՝ խորհրդարանը այն տեղը չի, որտեղ օր ու արեւ են տալիս, կամ չեն տալիս»:
Ընդդիմությունը նաեւ խոստացել է, որ 1,5 տարի հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու: Այս կանխատեսումը Վիգեն Խաչատրյանն իրատեսական չի համարում. «5 տարի աշխատելու է»:
Կարդացեք նաև
Հարցին՝ դուք ՔՊ-ի թիմին միացաք դժվար ժամանակներում՝ պատերազմում պարտությունից հետո, ինչը՞ ձեզ մղեց այդ քայլին դիմել, հավատացել եք գաղափարների՞ն, խոստումների՞ն՝ նա պատասխանեց. «Ինձ որեւէ բան չի մղել: Ես երբեւիցե չեմ էլ ենթադրել, որ կվերադառնամ քաղաքականություն 20 եւ ավելի տարիների ընդմիջումից հետո: Պարզապես ինձ առաջարկ է եղել միանալ եւ օժանդակել աշխատանքներին եւ քանի որ ես վստահ եմ, որ շատ պատասխանատու փուլ է մտնում մեր պետությունը, յուրաքանչուրն իր ուժերի ներածին չափ պիտի աջակցի, որ մենք այս ծանր կացությունից հնարավորինս շուտ դուրս գանք: Բոլոր նրանք, ովքեր դարձել են պատգամավոր, լուրջ բեռի ու պատասխանատվության տակ են մտել ու ամեն օր դա պիտի գիտակցեն»:
Հարցին՝ ընդդիմությունը պնդում է, որ այս իշխանությունն ապիկար է, երկրի վիճակը չի լավանա, մինչեւ բանակցողը՝ վարչապետը չփոխվի՝ Խաչատրյանն արձագանքեց. «Ցանկացած մարդ կարող էր նման տեսակետ ունենալ, բայց մեր ժողովուրդը որոշեց, որ չպիտի՛ փոխվի: Պետք է հարգել ժողովրդի որոշումը եւ սպասարկել պետական, հասարակական շահը, ոչ թե հետապնդել խմբակային կամ նեղ կուսակցական շահեր: Դա վնաս է ե՛ւ այդ խմբին, այդ կուսակցությանը, ե՛ւ երկրին»:
ԱԺ նիստերի դահլիճում ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հիշեցրեց, թե ինչ մանդատ են իրենք ստացել ժողովրդից: Հարցին՝ այդ «պողպատե մանդատի» տակ ի՞նչ պիտի հասկանանք՝ հետապնդումներ նախկին համայնքապետերին, ճնշումներ՝ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե ոչ: Դա ենթադրում է «օրենքի առջեւ բոլորը հավասար են» սկզբունքի կիրառում: Դա ենթադրում է, որ պիտի լինի օրենքի եւ իրավունքի գերակայություն, որից բխում է, որ յուրաքանչյուր հանցագործ պետք է արդարադատության իր գնահատականը ստանա: Դա հետապնդում չէ: Այլ բան է, եթե մարդուն մեղադրում են մի հանցանքի մեջ, որն ինքը չի գործել, դա անթույլատրելի է: Ինչպես նաեւ անթույլատրելի է ուղղորդեն դատական համակարգին, իրավական համակարգին: Պետք է ոչ պատվեր կատարեն, ոչ հանցագործին պաշտպանեն: Անկախ, ինքնուրույն իրավական համակարգ է պետք»:
Հարցին՝ իշխանական պատգամավորներին դիտարկում են որպես «կոճակ սեղմողներ», որոնք իրականացնելու եք թիմի ղեկավարի թելադրածը, դուք, օրինակ, կարո՞ղ եք անհամաձայնության դեպքում ընդդիմանալ՝ Վիգեն Խաչատրանը պատասխանեց. «Ես նոր մարդ եմ այս թիմում: Մինչ վճիռ ընդունելը որեւէ թիմում, հատկապես խմբակցությունում բաց մտքերի բախում է տեղի ունենում եւ վեճեր: Բայց շատ հետաքրքիր է, որ դա չի ավարտվում նեղանալով, իրարից հեռանալով: Եթե կա 5 կարծիք, ընդունվում է մեկը, որը պետք է իրականացվի»: Ճշտեցինք՝ ՔՊ-ի թիմում այդպե՞ս է, որովհետեւ «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորներն ասում էին, որ այդտեղ անձի պաշտամունք է՝ Խաչատրյանը պատասխանեց. «Բա ուրիշ ո՞նց պետք է հիմնավորեն իրենց դուրս գալը: Անձի պաշտամունքի խնդիրը չի, կա իհարկե առաջին դեմք, որին շատերն ականջալուր են լինում, որի վճիռները փորձում են իրականացնել: Բայց ես մի ամիս էլ չկա, ինչ այստեղ եմ, տեսնում եմ, թե ինչ լուրջ եւ սուր քննարկումներ են գնում: Ես դրա ականատեսն եմ լինում: Հանձնաժողովի անդամի թեկնածուների քննարկման ժամանակ երբ որ պատմում էին ինչ են արել, ինձ մոտ հարց առաջացավ՝ բա լավ, հանրությունն ինչո՞ւ չի տեղեկացվում, որ դուք այսքան գործ եք անում: Եվ դա իրենց ամենաթույլ տեղերից է իմ կարծիքով: Այդ թիմի մասին բացասական ստեղծված վերաբերմունքն ավելի շատ արհեստական ստեղծված կերպար է, քան իրականում կա»: Մեր զարմանքին, որ պոպուլիստների թիմ են ասում, այդպես չէ՞՝ Վիգեն Խաչատրյանը վստահեցրեց, որ ներսից տեսնում է՝ բոլորովին այդպես չի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.08.2021