«Ամերիկայի ձայն». Հետաքննությունը պարզել է, որ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն սեռական ոտնձգություն է կատարել բազմաթիվ կանանց նկատմամբ և խախտել դաշնային և նահանգային օրենքները, օրերս հայտարարել է Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լեթիտա Ջեյմսը:
Վերջինիս խոսքերով՝ հետաքննությունը պարզել է, որ նահանգապետ Քուոմոն սեռական բնույթի ոտնձգություններ է կատարել Նյու Յորքի նահանգի ներկա և նախկին աշխատակիցների հանդեպ՝ իրեն թույլ տալով, առանց փոխադարձ համաձայնության, գործողություններ և բազմաթիվ վիրավորական մեկնաբանություններ աշխատակիցների նկատմամբ:
Քուոմոյի գրասենյակը անմիջապես չի մեկնաբանել մեղադրանքները, սակայն հետագայում 63-ամյա նահանգապետը հերքել է դրանք:
Քննիչները հինգ ամսվա հետաքննության ընթացքում հարցաքննել են 179 մարդկանց, այդ թվում` բողոքողներին և գործադիր պալատի ներկա և նախկին անդամներին, տեղեկացրել է Ջեյմսը:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ հետաքննությունը հանգեցրել է «խորը անհանգստացնող, սակայն հստակ պատկերի»: Դատախազն այն որակում է «թունավոր աշխատանքային միջավայր» և «վախի մթնոլորտ», որի ժամանակ Քուոմոն սեռական ոտնձգություններ է կատարել բազմաթիվ կանանց հանդեպ, որոնցից շատերը երիտասարդ են: Նրա գործողությունները ներառում են ոչ փոխադարձ հպումներ, համբույրներ, գրկախառնություններ և անտեղի մեկնաբանություններ, նշել է Ջեյմսը:
Նա ասում է, որ Քուոմոն և նրա թիմը վրեժխնդիրր են եղել առնվազն մեկ նախկին աշխատակցից, ով բողոքել է նահանգապետի վարքագծի կապակցությամբ:
Հայտարարությանը նախորդել է մարտ ամսին սկսված մեկամսյա հետաքննությունը, երբ երկու նախկին օգնականներ դեմոկրատ նահանգապետին մեղադրել են աշխատավայրում իրենց հետապնդելու մեջ: Հետագայում մի քանի այլ կանայք ևս հանդես եկան սեռական ոտնձգության մեղադրանքներով ՝ վտանգի տակ դնելով Քուոմոյի վարչակազմը և նրա քաղաքական ապագան: