Տիկին Բաթոյան, դուք նախկինում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար եք եղել, 250 հազարական դրամը, որը նախորդ գումարման խորհրդարանը նախատեսեց որպես պատգամավորների ձեռքի ծախս, դրա հետ կապված հիմնական քննադատությունն այն է, որ սոցիալական ծանր վիճակում գտնվող երկրում, երբ աղքատության ցուցանիշն այսքան բարձր է, նման որոշման գալը բավական խոցելի է, դուք ի՞նչ դիտարկում ունեք սրա հետ կապված: Այս հարցն այսօր ուղղեցինք ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանին:
Նա պատասխանեց. «Ավելին ավելացնել չեմ կարող, քան նախորդ գումարման Աժ-ի իմ գործընկերներն են հիմնավորել, սակայն ուզում եմ մեկ շեշտադրում անել: Իհարկե, սոցիալական խնդիրները շատ են այս երկրում, բայց եթե պարզ թվաբանությամբ մենք ուղղակի այդ գումարը պատկերացնենք, ուղղենք այդ խնդիրներին, դրանք ոչ թե չնչին են, այլ աննշան են, այդ գումարներով չէ, որ պետք է սոցիալական խնդիրները լուծենք: Ես ինքս աշխատելու եմ հետեւողական լինել եւ աջակցել կառավարության այն ծրագրերին, որոնք ուղղված են լինելու սոցիալական աջակցության արդյունավետության բարձրացմանը, այդ թվում՝ նպաստների ավելացմանը, բայց ասել, որ այս գործողության փոխարեն կարող էր իրականացվել մեկ այլ սոցիալական աջակցության ծրագիր, կարծում եմ, սա խելամիտ չէ»:
Զարուհի Բաթոյանը նաեւ հայտնեց, թե ինչպես է ինքը ծախսելու այդ գումարը. «Ծախսելու եմ տրանսպորտային միջոցի վարձակալման համար, որովհետեւ գրեթե ամբողջությամբ այդ գումարը, որովհետեւ հատուկ հարմարեցված մեքենայից պետք է օգտվեմ, որը շատ քիչ է, եզակի է Հայաստանում»:
Դիտարկմանը, որ գուցե առանձին դեպքերում այդ ծախսն ընկալելի է, բայց ԱԺ պատգամավորի աշխատավարձն առանց այդ էլ բարձր է եւ ստացվում է, որ պարգեւավճարի նման բան է հատկացվում պատգամավորներին, ընդ որում՝ առանց խտրականության՝ առանց վստահ լինելու, որ նրանք մարզեր են գնալու, ընտրողների հետ են հանդիպելու ու ծախսեր են կատարելու դրա վրա՝ Բաթոյանն արձագանքեց. «Իմ մասին միայն կարող եմ ասել՝ բնականաբար, աշխատավարձով չի պայմանավորված այն աշխատանքը, որ ես պատրաստվում եմ իրականացնել: Մնացած մասով, թե որքան հաճախ կգնան մարզեր՝ դա միայն մարզեր գնալու համար չէ, հիմնավորումներից մեկն էր: Կարելի է ուղղակի վերահսկողական մեխանիզմների միջոցով ճշտել, հասկանալ՝ ինչպիսի գործունեություն են ծավալում պատգամավորերը, կարող են արդյունավետ իրականացնել աշխատանքը»:
Կարդացեք նաև
Երբ ասացինք, որ օրենքում չկա այդպիսի ձեւակերպում, որ պատգամավորները պետք է հաշվետվողական լինեն, թե ինչի վրա են ծախսել այդ 250 հազար դրամը, որ պետք է կտրոններով ապացուցեն, հիմնավորեն ծախսը՝ Բաթոյանը պատասխանեց. «Այս մասով գուցե ինչ-որ փոփոխության կամ վերանայման, ճշտման խնդիրներ կան: Չեմ կարող այս պահին մեկնաբանել, որովհետեւ ծանոթ չեմ նաեւ այդ մանրամասներին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ