Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վճռաբեկ դատարանը ուշացումով հաստատեց «Ռ. Քոչարյանը և մյուսները» գործով խափանման միջոց կալանքի վերաբերյալ ՀՀ դատախազության դիրքորոշումների հիմնավորվածությունը

Օգոստոս 04,2021 21:01

ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է քրեական գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. հունիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և տուժողների ներկայացուցիչների, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների և Ռ. Քոչարյանի պաշտպանի՝ շուրջ մեկ տարի առաջ ներկայացված  վճռաբեկ բողոքների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2021թ. հուլիսի 30-ի որոշումը:

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր 18.06.2020թ. վերոնշյալ որոշմամբ բավարարել էր Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքը, մասնակիորեն բեկանել և փոփոխել էր Առաջին ատյանի դատարանի որոշումը, և, վերացնելով Ռ. Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտել գրավը՝ 2մլրդ դրամի չափով:

ՀՀ գլխավոր դատախազն իր բողոքով ՀՀ վճռաբեկ դատարանից հայցել էր Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասով բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի այդ որոշումը, և նոր դատական ակտով նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

Իր որոշման մեջ ՀՀ վճռաբեկ դատարանը գրեթե ամբողջությամբ ընդունել է ՀՀ դատախազության հիմնավորումները, համաձայնել վերջինիս դիրքորոշումների հետ առ այն, որ քննության տվյալ փուլում միայն խափանման միջոց կալանավորումը կարող էր ապահովել ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պատշաճ վարքագիծը:

Մասնավորապես, ՀՀ Վճռաբեկ դատարանը գտել է, որ Ռ. Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ի մասով մեղսագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, ակնկալվող պատժի խստությունը, ենթադրյալ հանցավոր արարքները հանցակիցների ներգրավմամբ կատարելը, ովքեր զբաղեցնում էին պետական բարձր պաշտոններ և ամբաստանյալից գտնվում էին ծառայողական կախվածության մեջ, դատավարության մասնակիցների աննախադեպ մեծ  քանակը, ինչպես նաև ի սկզբանե ենթադրյալ հանցավոր արարքները դրանք թաքցնելուն ուղղված գործողություններով զուգակցելը և գործի բուն քննության ընթացքում նույնպես դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու մասին վկայող տվյալների առկայությունն առանցքային նշանակություն ունեն և հանդիսանում են այնպիսի գործոններ, որոնք էականորեն բարձրացնում են գործի քննությանը խոչընդոտելու հավանականության ռիսկը հատկապես դատավարության տվյալ պահին, երբ գործը դատաքննության փուլ դեռևս չէր անցել և որևէ ապացույց դեռևս չէր հետազոտվել:

Վճռաբեկ դատարանը, ըստ այդմ, անընդունելի է համարել Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ ժամանակի ընթացքում ամբաստանյալ Ռ. Քոչարյանի կողմից հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու ռիսկերը նվազել են այնքան, որ հնարավոր չէ այլևս կալանավորումը որպես խափանման միջոց դիտարկել:

Այս իմաստով հատկանշական է ՀՀ դատախազության կողմից մշտապես արտահայտված դիրքորոշումից բխող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի այն դիտարկումը, որ Ռ. Քոչարյանին մեղսագրվել են իր ծառայողական գործունեության ոլորտում ենթադրաբար կատարված հանցավոր արարքներ, գործի հետ առնչություն ունեցող անձինք ամբաստանյալից գտնվել են ծառայողական կախվածության և ենթակայության հարաբերությունների մեջ, իսկ նրանց մի մասն էլ անցնում են գործով որպես ամբաստանյալի հանցակիցներ: Հետևաբար, ըստ Վճռաբեկ դատարանի, Ռ. Քոչարյանի՝ երկար տարիներ զբաղեցրած պաշտոնը, ունեցած դիրքն ու հեղինակությունը, հսկայական ազդեցությունը, կապերն ու լծակները, ինչպես նաև նրան մեղսագրվող հանցագործությունների բնույթը վկայում էին դատավարության տվյալ փուլում գործի քննությանը միջամտելու, դատավարության մասնակիցների նկատմամբ հնարավոր անօրինական ազդեցություն դրսևորելու ռիսկի շարունակական առկայության մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ տվյալ փաստական հանգամանքների պայմաններում գրավը չէր կարող լինել ազատության մեջ գտնվելու դեպքում ամբաստանյալ Ռ. Քոչարյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը զսպելու արդյունավետ միջոց:

Չնայած այս և այլ իրավական հետևություններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշմամբ  մերժել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը՝ ըստ էության, միայն այն պատճառաբանությամբ, որ նախքան գործով որոշում կայացնելը, ՀՀ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հիման վրա Ռ. Քոչարյանին մեղսագրվող հանցավոր արարքներից մեկով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով առավել ծանր հանցագործության դրվագով, որի շրջանակներում են արվել նրա նկատմամբ խափանման միջոց կալանքի անայլընտրանքայնության վերաբերյալ հիմնական եզրահանգումները, քրեական հետապնդումը դադարեցվել է:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանն այս որոշմամբ նաև մերժել է Ռ. Քոչարյանի պաշտպանի կողմից ներկայացված բողոքը իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու կամ կիրառված գրավի գումարի չափը նվազեցնելու մասով:

 

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031