Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականության ամենատարբեր նկարագրով Խաչիկ Մանուկյանի ընդգրկուն պոեզիան

Օգոստոս 04,2021 20:35

Խաչիկ Մանուկյանի գրականությունը բացահայտում է կյանքի ողջ բազմազանությունը: Տեսանելի ու անտեսանելի երևույթները բառերի համակցմամբ գրական դրսևորում ձևավորելը բնորոշ է Խաչիկ Մանուկյան գրողին, որը սերը շքեղ պատկերներում ներկայացնելու ժամանակ էլ չի հատում սահմանը, այլ ստեղծում է գագաթնակետ, որին անպայման հասնում է իր տողերով:  Նա յուրովի է մոտենում  Աստծո ստեղծած ցանկացած երևույթի և այն դարձնում գրական գլուխգործոց: Երբ մի քանի բանաստեղծություն ես ընթերցում, իսկույն նկատելի է դառնում ստեղծագործական ոգևորությունը:  Ձևի և բնույթի տեսանկյունից համաչափ ու շատ անգամ համեստ համեմատություններով հագեցած տողերի ենք հանդիպում, որոնք որպես երևույթ, տարբեր կերպ կարող են հաղորդել բովանդակության մասին:

Ես քեզ կգրկեմ ամուր, ամուր՝

Դու կզգաս ավելին, քան սերն է,

Կժպտաս՝  կծաղկի ամենուր,

Չես տրվի ցավերին,

Կցնդեն հոգսերդ,

Ճաքելու պատրաստ իմ հասուն նո՛ւռ:

 

Ես քեզ կգրկեմ ամուր, ամուր՝

Կալիքվեն ափիս մեջ վարսերդ,

Կլցվեն երազով գիշերները թափուր,

Կվառվեն աշխարհի լույսերը

 

Մենք նախ ծանոթանում ենք սիրո բազմապիսի պատկերների հետ, որը հեղինակը ներկայացրել է սահուն, բովանդակալից ու առանց պաթետիկ ձևակերպումների: Սահունության մեջ տեսնում ենք գիշեր, գրկելու և լուսավոր ընթացքի տեսարաններ:

Խաչիկ Մանուկյանի տողերը իրականության ամենատարբեր նկարագրերով են հագեցած։ Տողեր, որոնք վերջ չունեն և  զարգանում  են գեղարվեստական ինքնատիպ լուծումներով և գրողի յուրատիպ հայտնագործություններով։ Բառերի վեճն այստեղ հարթվում է և թողնում, որպեսզի ամեն տող հնչի որպես սիրո, պայքարի, ոգու երգ։

 

Կան տողեր, որտեղ հուսալքության մեջ գրողը լավատեսության սերմեր է ցանել, եթե լավ փնտրի ընթերցողը, անպայման կգտնի։

 

Կքայլենք` ի վար, ի վեր,

Կպարենք առանց նվագ,

Երկնքի հայացքի տակ 

Կճախրենք առանց թևեր։ 

 

***

Շտապիր, ես արդեն հասել եմ,

Գրկիս մեջ` աշխարհը` ծաղկեփունջ։ 

 

***

Քեզ չեմ շրջանցի, քեզ ապրելու եմ՝

Իմ հրաշք երկիր, իմ խինդ ու ցավ,

Քեզանից հեռու՝ ինձ ատելու եմ

Բոլոր պահերի մեջ ուրացյալ:

Քեզանից հեռու՝ ինձ կապելու են

Անորոշության պոչից անծայր,

Փայլփլանքներով ինձ խաբելու են՝

Անսեր, աններկա ու անանցյալ

Նրանց համար, որ քեզնից հեռու են,

Քո կարոտի տաք արցունքը կա,

Քեզանից հեռու՝ ես մեռնելու եմ՝

Ինքս իմ էության մեջ բացակա:

 

Տեսնում ենք բանաստեղծական ներդաշնակությունը` խաղաղության տրամաբանությամբ հագեցած։ Մեկ-մեկ նկատում ենք, թե ինչպես է միայնակ դառնում տողը, երբ գրողի հուզազգացական աշխարհում նոր դասակարգումներ են տեղի ունենում։ Առնչվում ենք նրբության ու կոպիտ նրբանկատության հետ, իրականության ու մութ ներկայի, արժեքների գնահատման և արժեքներից մեր իսկ կամքով հեռանալով (չնայած որոշ դեպքերում` կամա թե ակամա)։

 

Ինձ լքում է գույնը՝ ցանցառ շարժումներով,

Համբարձվում է բառը՝ տառետառ, տառետառ,

Ամպը քողարկում է քո հայացքը ներող,

Եվ պատգամ է հղում, որ  չգթամ:

Ես հասցեն եմ փնտրում երկնային տան,

Անձրևները շուրջս վարարում են,

Սովորել ենք՝ իրար ցավի միջից ժպտանք,

Որ չավարտվի լույսի արարումը:

Խաչիկ Մանուկյանի տողերում կա ամեն բան ու ամեն ինչ, որը հեղինակի համար տարբեր են ու գերիրական, իսկ այն ընթերցողի ներսն ու դուրսը տակնուվրա է անում այն ժամանակ, երբ պահի թելադրանքը դառնում է հրամայական, այսինքն` լինում է այն, ինչ պատկերված է բանաստեղծական տողերում։

Հայրենիքի ներկայիս վիճակի  համար ցավը տարբեր կերպ ենք ընկալում մի շարք գրողների ստեղծագործություններում։ Խաչիկ Մանուկյանի տողերում տեսնում ենք հեռուն հասնող, անգամ մեզ հանդիպած այնպիսի պատկերներ, որոնք անորոշության պատճառ են ու վշտի, ցավի, կարոտի, հեռացումի մեղեդիներ։

Մենք չենք տեսնում տողեր, որոնք կասկածելի են։ Մենք կարդում ենք իրականը, որը ինչքան ցավոտ, նույնքան հաջորդ սերունդների  դաստիարակության համար լայն ու  կարևոր շեշտադրումներով լի էջ կբացի։

 

Երազ էր` եկավ, անցավ,

Թվում է` չի էլ եղել.

Երկիրս` սուրբ հուշարձան,

Մենք` քայլող, շնչող մեռել։

Իմ ազգը ամբոխ դարձավ

Իմ կյանքը` աշնան տերև.

Փշրվեց` անճիչ, անցավ,

Թվում է` չի էլ եղել

 

Խոսելով Խաչիկ Մանուկյանի ստեղծագործությունների ինքնատիպության մասին, նշենք նաև  դրանց բովանդակային անծայրածիր կառուցվածքը, որը չնայած արտահայտված է շատ անգամ ութ  կամ մի  քիչ ու  շատ  տողերում, սակայն իր արձագանքը տալիս է գաղափարական առումով։ Բառերի ընթացքը կարծես ընթերցողը կանոնակարգում է և փորձում բացահայտումներ անել առաջին տողից սկսած։ Գրողը ասում է այն, ինչի մասին մտածել, բայց չենք բարձրաձայնել, կամ չենք մտածել ու իսկապես մտածելու համարձակության պակաս ունենք։ Ահա մտածելու համարձակությունն է բնորոշ Խաչիկ Մանուկյանի պոեզիային։

Խիտ և ընդգրկուն պատկերներով են հագեցած Խաչիկ Մանուկյանի տողերը։

 

Ես քո մանկության գնացքներով

Գնում, չեմ հասնում կայարանին

Հին հեքիաթների շունչը գերող

Քշել, տարել է քինոտ քամին:

ՈՒղեկցողուհին սաստում է ինձ՝

Հոգին անմահ է, մի տատամսիր

Իսկ մարմինները կարոտելիս

Կասե՞ք՝ ու՞մ պատմեմ դրա մասին

Ապրելու համար պետք չէր գուցե՝

Այսքան ջինջ, այսչափ հզոր լինել,

Սիրո դռները ո՞վ էր գոցել,

Շարելով մահվան հիմնասյուներ

Շրջանցել ես այս վայնասունը

Գետնամածներին էլ չես ներում,

Ձայնի՜ր–  Քեզ ընդմիշտ սպասում եմ

Ժամանակի այլ չափումներում:

 

Բազմաշերտ է գրողի ասելիքը, որը լույս է սփռում երկրի ու երկնքի միջև կապը որոնելիս, երկրի մասին խոսելիս ու երկնային սիրուն նկարագրելիս։

Մենք տողերի մեջ նկատում ենք բուռն քննարկում, միջավայր, պատկերներով հարուստ ժամանակներ։ Խաչիկ Մանուկյանի տողը խոսում է մարդու հետ, կարծես երկխոսության երանելի պահ է ստեղծվում։

Մենք զգում ենք իրական բանաստեղծության համը, հոտը, տառապանքը, երջանկությունը, սերը, միաբանումը։

Պոետական սրտաբուխ  չափ ու ձևած յուրաքանչյուր արարում հասցեագրված է թղթին ու ընթերցողին։

 Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031