Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե անգամ ձեր մանդատը պողպատյա է, այն, միեւնույնն է, չի լռեցնելու Եռաբլուրում ծածանվող դրոշների ձայնը»․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին

Օգոստոս 04,2021 19:22

ԱԺ լիագումար նիստում այսօր ելույթի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը, դիմելով իշխանական ՔՊ-ին, հիշեցրեց, որ ամիսներ առաջ բոլորի մեջքի հետեւում ՀՀ իշխանությունը ստորագրեց փաստաթուղթ, որով ադրբեջանցիները հայտնվեցին Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա․ «Այդ ժամանակ ասում էիք, թե դա Սյունիքն անվտանգ դարձնելու համար է, որովհետեւ ՀՀ տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն է։ Տեսանք ձեր կարմիր գիծը․․․Մարդիկ վախենում են այդ ճանապարհով անցնել, որովհետեւ ադրբեջանցիները քարերով հարվածում են։ Երբ այստեղ Նապոլեոնի հաղթական կեցվածքով ելույթներ եք ունենում, հիշեք, թե ինչ վիճակում է երկիրը։ Այսօր ադրբեջանցիները Սեւ լճում են ու Գեղարքունիքում, իսկ մենք ունեք երկու մոլորված զինծառայողներ։ Որեւէ մեկը տեղեկություն ունի՞ նրանցից»։

Աննա Գրիգորյանի խոսքով՝ իշխանական պատգամավորները ելույթ են ունենում ու ասում, թե Սյունիքում՝ Շուռնուխում, մարդիկ իրենց են ընտրել․ «Ու հպարտանում եք սրանո՞վ։ Այսինքն, Սյունիքում թուրքին բերել-կանգնեցրել եք մարդկանց դիմաց ու ասում, թե տեսեք՝ «մեզ են ընտրել»․․․սա եզակի ցինիզմ է։ Տպավորություն է, որ եթե հաղթել եք ընտրություններում, ուրեմն պատասխանատվություն այլեւս չի կրում։ Ոչ, կրում եք։ Եթե անգամ ձեր մանդատը պողպատյա է, այն, միեւնույնն է, չի լռեցնելու Եռաբլուրում ծածանվող դրոշների ձայնը, չի լռեցնում Բաքվի բանտում մեր հայրենակցի ձայնը, որն ադրբեջանցի դատավորին խնդրում է իր հանդեպ բարեգութ լինել, որովհետեւ միայնակ մայր ունի։ Այս ամենը մոռացե՞լ եք»։

Աննա Գրիգորյանը նաեւ հարցադրում արեց՝ իշխանությունն  արդյոք պատրաստվո՞ւմ է առաջիկայում ստորագրել մի փաստաթուղթ, որով կպարզվի, որ Տիգրանաշենը, Ներքին Ոսկեպարը, Վերին Ոսկեպարը կհանձնվեն թշնամուն․ «Կամ հնարավո՞ր է՝ ստորագրվի մի փաստաթուղթ, որով, առհասարակ, Արցախը կհանձնվի Ադրբեջանին, այսինքն՝ մենք կճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանները, խաչ կքաշենք Արցախի, մեր հաղթանակների ու արժանապատվության վրա»։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031