Հակագազով եւ մահակով ցուցմունք կորզելու գործով օգոստոսի 4-ի դատական նիստի ընթացքում մեկնարկեց դատաքննության փուլը: Դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազը ներկայացրեց ապացույցները:
Հիշեցնենք՝ 13 տարի առաջ Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Վաչագան Ներսիսյանը եւ նախկին ավագ օպերլիազոր Նարեկ Սիմոնյանը ցանկալի ցուցմունք կորզելու համար բռնություն էին գործադրել Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են խմբով, դիտավորությամբ բռնություն եւ հատուկ միջոց գործադրելով զուգորդված այնպիսի գործողություններ կատարելու մեջ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից եւ էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու շահերին։ Մասնավորապես դատարանի դահլիճում դատախազությունը ներկայացրեց տեսաձայնագրություն, որը հայտնվել էր լրատվամիջոցում, դրա հետ կապված մանրամասներ: Անդրադարձան նաև գործով տուժող Արմեն Մարտիրոսյանի հանցագործությանը, ինչը հիմնավորում է՝ նա բերվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:
Aravot.am-ի փաստմանը՝ նախորդ դատական նիստի ընթացքում Վաչագան Ներսիսյանի պաշտպան Բաբկեն Մարտոյանը միջնորդություն էր ներկայացրել վաղեմության ժամկետ կիրառել՝ իր պաշտպանյալի առողջական խնդիրներից ելնելով, որը մերժվել էր և հարցին՝ մասնավորապես ի՞նչ խնդիրներ կան, պաշտպանը պատասխանեց. «Ամբաստանյալը մեղքը չի ընդունում, բայց, քանի որ անընդհատ սպասողական վիճակ է. գնալ գալ է, ինքն էլ սրտի վիրահատություն է տարել, ճնշում ունի, ամեն նիստին գալուց պատկերացնում եք՝ վիճակն ավելի է ծանրանում: Մտածեցինք՝ գոնե վաղեմության ժամկետ միջնորդենք, գոնե դրանով ավարտվի գործընթացը: Մերժումը բոլորովին ապօրինի է: Մեր օրենսդրությունը նման արգելանք չի դրել ո′չ դատավորի, ո′չ ուրիշ մեկի վրա, որ չի կարելի վաղեմության ժամկետ կիրառել»:
Հետաքրքրվեցինք՝ ամբաստանյալի դիրքորոշումը շարունակո՞ւմ է մնալ նույնը, Բաբկեն Մարտոյանը պատասխանեց. «Դիրքորոշումը նույնն է մնում: Ապացույցներ՝ որպես այդպիսիք, որ տվյալ անձինք կատարել են հանցագործություն, չկան: Դատաքննության ավարտական փուլում կհամոզվեք»: Մեր հակադարձմանը՝ մեղադրանքի համաձայն՝ Արմեն Մարտիրոսյանին գցել են գետնին, գլխին անցկացրել հակագազ և ձեռքերով ու մահակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, Բաբկեն Մարտոյանը պատասխանեց. «Շատ բան է գրված: Ցանկացած քննիչ, որ կարողանա իր գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան, պիտի կարողանա դատախազին համոզել, որ ապացույցները բավարար և ամբողջական են: Ուրիշ բան չուներ նա անելու: Ոչ մի քննիչ այս գործը կարճել չէր կարող, որովհետև նման հնչեղության գործի դեպքում ամեն մի քննիչ տվյալ պարագայում կցանկանար արագ գործն ավարտեր, ուղարկեր դատարան, որպեսզի ինքն այդ խնդիրների տակից դուրս գա»:
Կարդացեք նաև
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենան սեպտեմբերի 4-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ