«Պատերազմից անցել է ինը ամիս, սակայն պատերազմի մասնակից զինվորներին չեն տրամադրում զինվորական հաշմանդամության կարգ: Զինվորը ստացել է քաղաքացիական թոշակ՝ 26 հազար դրամ, բայց որպես զինվոր պետք է զինվորական թոշակ ստանար՝ 64 հազար դրամ: Այսօր նոր հաստատել են, որ այդ զինվորը մասնակցել է պատերազմին և պետք է ստանա զինվորական թոշակ: Մինչդեռ ինը ամսվա թոշակներն իրենցով են անում»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ահազանգեց արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը:
Նա բարոյական չի համարում, որ պատգամավորների աշխատավարձերը, Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերը ցանկանում են բարձրացնել, մինչդեռ հայրենիքի սահմանները պահած զինծառայողներն այսպիսի վերաբերմունքի են արժանանում: Մանուել Մանուկյանը այսպիսի կասկածներ ունի. «Ուրեմն խոստում է եղել ընտրություններից առաջ, որ եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը հաղթի՝ կկրկնապատկվեն բոլոր նրանց աշխատավարձը: Իսկ զինվորն ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանի համար, զինվորն անում է իր հայրենիքի համար»:
Խոսելով իշխող ուժի կողմից հնչող համագործակցության առաջարկների մասին՝ Մանուել Մանուկյանն ասաց. «2018 թվականի մի ամբողջ ազգ՝ այդ թվում սփյուռքը համագործակցեց ձեզ հետ: Կառուցողական եղան, ձեզ հետ համագործակցեցին, ձեզ տվեցին իշխանություն, մանդատներ, ի՞նչ արեցիք: Տվեցիք ամբողջ ազգին հազարավոր զոհեր, տասնյակ հազար վիրավորներ, հիասթափեցրիք ողջ սփյուռքին, բոլոր քաղաքացիներին գցեցիք անորոշության մեջ: Այսօր նորից վերադառնում, ասում եք՝ եկեք կառուցողական լինե՞նք: Իսկ ո՞վ է պատասխան տալու մեր տղերքի արյան համար»: Ըստ Մանուել Մանուկյանի՝ այս խնդիրը պետք է բարոյականության մեջ դիտարկվի: Նա պարզաբանեց. «Եթե այդքան հնարավորություն ունեք, բարձրացնում եք այդ պաշտոնյաների աշխատավարձերը, ապա զինվորների արժանիքները գնահատելով՝ նրանց էլ պիտի այդ հնարավորությունը տաք»:
Մանուել Մանուկյանը վրդովված է՝ զինվորական թոշակների հարցով ոչ մեկն իրավիճակին չի տիրապետում: Բոլոր կառույցները մեկը մյուսի վրա են բարդում այս խնդրի լուծումը:
Կարդացեք նաև
Նա ցավում է, որ թեև խոսում ենք առաջնագծի պաշտպանության մասին, սակայն թիկունքում ամուր չենք ու ասաց. «Երբ խոսում ենք անընդհատ սահմանից և առաջնագծից, հիշենք, որ մենք մեր թիկունքի պատճառով հայտնվել ենք այս վիճակում: 44 օր սահմանում, առաջնագծում զինվորը հերոսաբար կռվել է, արել անհնարինը, սակայն նրան թիկունքից չեն օգնել: Նրան քաղաքական օգնություն չի տրամադրվել, բանակցություններ չեն վարվել: Ամեն ինչ մնացել է զինվորի ու հրամանատարի ուսերին, իրենք փախել, մտել են իրենց բունկերները, և պատերազմը վերջացել է, իրենք սկսել են իրենց իշխանությունը պահելու հարցերը լուծել»:
Նա կոչ արեց՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր հայրենիքի պաշտպանության համար պայքարի, միևնույն ժամանակ ասաց. «Միայն դրանով չի սահմանափակվում: Մենք կարող ենք էլի վեր կենալ, գնալ առաջնագիծ, բայց եթե մեզ թիկունքից ծախում են, ինչքան ուզում ես՝ գնա, ծախում են քեզ մարդիկ: Եվ դու դավադրությունը զգում ես, դա ակնհայտ է: Թիկունքում քո մեջքը չամրացնելով՝ միայն մտածես առաջնագծի մասին, կլինի սխալ մարտավարություն այս պայքարում: Մենք պիտի մեր թիկունքն ուժեղացնենք:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ