Տղամարդը օգոստոսի 4-ին մտել է Ուկրաինայի նախարարների կաբինետի շենք և սպառնացել է պայթեցնել ձեռքի նռնակը: Մեկ ժամ հետո ոստիկանությունը նրան ձերբակալել է: Այս մասին հայտնում է Kyivpost-ը:
Կիևի ոստիկանապետ Իգոր Կլիմենկոն ասել է, որ տղամարդուն սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում. «Իրավիճակը անսովոր է, քանի որ նա պատերազմին մասնակցած զինծառայող է, որը երկու անգամ վիրավորվել է, այդ թվում նաև ստացել է գլխի վնասվածք»:
Տղամարդը նույնականացվել է որպես Վլադիմիր Պրոխնիչ՝ պատերազմի վետերան, որը «Այդար» գումարտակի անդամներից է եղել: Գումարտակը կազմավորվել է 2014 թվականին՝ Դոնբասում Ռուսաստանի ղեկավարած զինյալների դեմ պայքարելու համար: Ըստ տեղեկությունների, Վլադիմիր Պրոխնիչը միացել է գումարտակին Ռուսաստանի դեմ պատերազմի առաջին օրերին՝ որպես սակրավոր:
Համացանցում տարածվել է միջադեպի տեսանյութը, և ոստիկանությունը հաստատել է դրա իսկությունը: Տեսանյութում անցորդները փորձում են հանգստացնել տղամարդուն, մինչդեռ ինքը խնդրում է հետ կանգնել և ասում է, որ նռնակը կպայթեցնի:
Կարդացեք նաև
«Սա շենքի գրավում է, հեռացրե՛ք մարդկանց, հեռացրե՛ք մարդկանց»,- բղավել է Պրոխնիչը:
Ըստ ոստիկանության, տղամարդու ընկերը՝ պաշտոնյա Վասիլ Օլեքսյուկը, որպես միջնորդ է հանդես եկել և համոզել նրան հանձնվել ոստիկանությանը:
«Նա կատարել է այս հանցագործությունը, քանի որ կյանքում դժվարություններ ունի»,- ասել է Կիևի ոստիկանապետը:
Իսկ «Այդարի» մեկ այլ վետերան` Ադրիանա Սուսակը հայտնել է լրատվամիջոցներին, որ Պրոխնիչը հիվանդ է քաղցկեղով և ենթադրաբար օգնություն է խնդրել իշխանություններից. «Նա հոգնել էր բյուրոկրատիայից»:
Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ