«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանն այսօր ԱԺ նիստում ելույթի ժամանակ շեշտեց՝ ոչ մեկի մահը չի ցանկանում, բայց ստացվել է այնպես, որ պատերազմի հետեւանքով զոհված հազարավոր հայորդիների թվում չկան գործող պաշտոնյաների զավակներ, նրանց հետ առնչվող «հաբռգած» օլիգարխների որդիներ, մինչդեռ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ինքն էր ժամանակին ասում, որ սահմանին զոհվում են միայն աղքատ ընտանիքների երեխաները։
Մանուկյանի ելույթի ժամանակ դահլիճից շշուկներ լսվեցին, ինչին ի պատասխան նա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հորդորեց «թիմակիցներին կարգի հրավիրել»։
Ելույթի ավարտին էլ ՔՊ-ից Մաթեւոս Ասատրյանը տեղից նստած վրդովված ինչ-որ բաներ ասաց։ Աղմուկը չէր դադարում, եւ Ալեն Սիմոնյանը նրան նկատողություն հայտարարեց, ինչից հետո Ասատրյանը ցուցադրաբար դուրս եկավ դահլիճից։
Ապա ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ Մանուկյանի ելույթի նշյալ հատվածին․ «Մեր պատգամավոր Հակոբ Ասլանյանը մասնակցել է պատերազմին եւ վիրավորվել։ Վաղարշակ Հակոբյանի զարմիկը զոհվել է։ Մաթեւոս Ասատրյանի եղբորորդին է զոհվել։ Այս դեպքերի մասին ես գիտեմ։ Դուք փորձո՞ւմ եք հասկանալ, թե նրանք ինչ զգացին ձեր ելույթի ժամանակ։ Խնդրում եմ՝ ոչ հրապարակային մոտեցեք նշյալ անձանց ու ներողություն խնդրեք։ Ամենավատ բանը, որ կարող ենք անել, զոհերով մրցելն է։ Դա խայտառակություն կլինի։ Պատերազմը բոլորի կողքով է անցել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ