Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է առաջ գնանք: Մեր ճանապարհը մարդկային, ֆինանսական ռեսուրսների ու գործառութային արդյունավետության բարձրացումն է. Փաշինյան

Օգոստոս 04,2021 16:03

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Գնել Սանոսյանին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սուրեն Պապիկյանին՝ նախարարի պաշտոնում կատարած արդյունավետ աշխատանքի համար և նշել. «Իհարկե, նաև այդ աշխատանքի արտահայտությունն է, որ պարոն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ և իր գործունեությունը շարունակելու է այդ կարգավիճակով: Եվ, իհարկե, այս բերումով շարունակելու է ուղիղ առնչություն ունենալ ոլորտի հետ»:

Վարչապետը շնորհավորել է Գնել Սանոսյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու առիթով և շնորհակալություն հայտնել Գեղարքունիքի մարզպետի կարգավիճակում իր կատարած աշխատանքի համար:

Նշելով, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կառավարության ամենամեծ, խոշոր օղակներից է և անդրադառնալով 2019թ. կառավարության կառուցվածքում իրականացված բարեփոխումներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր բարեփոխումների նպատակը կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնելն էր, որովհետև կարծում էինք, որ շատ նախարարություններում, գերատեսչություններում կա գործառութային անարդյունավետություն և բեռնվածություն: Մեր նպատակադրումը հետևյալն էր, որ նախարարությունների միավորման միջոցով հասնենք ավելի մեծ արդյունավետության՝ մարդկային ռեսուրսների, ֆինանսների կառավարման և այդպես շարունակ»:

Վարչապետի խոսքով, այդ որոշումները պահի տակ կայացված որոշումներ չեն. «Իհարկե, ես չեմ ասում, որ այդ որոշումները կատարյալ են, և այդտեղ լավարկման ինչ-որ գործընթացներ չեն կարող տեղի ունենալ: Բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ բոլորս գիտակցում ենք, որ պետք է առաջ գնանք և հետ գնալու ճանապարհ չկա: Այն, ինչի համար այդ գործընթացն սկսել ենք, պետք է ուղղակի իր լրումին հասցնել. մարդկային ռեսուրսի, ֆինանսական ռեսուրսի, գործառութային արդյունավետության բարձրացումն է մեր ճանապարհը, և պետք է շարունակենք գնալ այդ ճանապարհով»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սուրեն Պապիկյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս երեք տարիների ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնն իրեն վստահելու համար:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար, որովհետև երեք տարիների ընթացքում նոր նախարարության ձևավորման ընթացքում համատեղ հսկայական աշխատանք ենք կատարել: Ունենք լավ արդյունքներ, ունենք նաև որոշակի թերացումներ, որոնցից պիտի դասեր քաղենք»,-նշել է Սուրեն Պապիկյանը:

Նա հաջողություն է մաղթել Գնել Սանոսյանին պատասխանատու գործում: Նշելով, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը երկրի ամենակարևոր հենասյուներից է, «և մեր գրեթե ամենակարևոր արյունատար անոթներն անցնում են այս նախարարության համակարգման ներքո»՝ Սուրեն Պապիկյանն իր պատրաստակամությունն է հայտնել ի պաշտոնե ամեն հարցում աջակից ու հենարան լինել: «Պարոն վարչապետ, Ձեր թույլտվությամբ, կշարունակենք նախարարության զարգացման այն միտումները, որ մեր առջև դրել ենք, որպեսզի կարողանանք երկրի ապագան օր առաջ ավելի լավը դարձնել»,-նշել է նա:

Գնել Սանոսյանն ընդգծել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հսկայական դերակատարում ունի: Նրա խոսքով, նաև աշխատանքների ծավալը շատ է մեծացել՝ կապված հետպատերազմյան և այլ իրավիճակներով: Ըստ Գնել Սանոսյանի, մյուս կողմից՝ Սուրեն Պապիկյանը շատ բարձր նշաձող է սահմանել, անձնակազմը հսկայածավալ աշխատանք է արել, և գործընկերների հետ փորձելու են նախ այդ տեմպը պահել և նոր առաջ եկած մարտահրավերներին դիմակայել ու լուծումներ տալ:

Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ այս ծանր, բարդ շրջանում նման բարձր պաշտոն վստահելու համար և հավաստիացրել, որ ճանաչելով անձնակազմին ու աշխատանքի բերումով ոլորտին ծանոթ լինելով, արագ կանցնեն աշխատանքային պրոցեսի և իրենց առջև դրված խնդիրները համատեղ կլուծեն:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031