Արտադրական տարածքների ոչ պատշաճ վիճակ, մաքրման աշխատանքների թերի իրականացում, սանհանգույցների բացակայություն, հանդերձարանների ոչ պատշաճ կահավորված վիճակ: Այսպիսի խախտումներ է հայտնաբերել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ սնունդ արտադրող մի շարք ընկերությունների մոտ: Տեսչական մարմնի Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանն այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց, որ պլանային եւ ոչ պլանային ստուգումներ են իրականացրել, ինչի արդյունքում որոշ տնտեսվարողների գործունեությունը դադարեցվել է՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով պայմանավորված: Ըստ նրա, որպես կանոն, տնտեսվարողի գործունեությունը կասեցվում է վտանգավոր արտադրանքի թողարկման, սանիտարահիգիենիկ անհամապատասխանությունների եւ այլ դեպքերի պարագայում:
Վերջերս կասեցվել է կաթնամթերք արտադրող 2 ընկերության արտադրական գործընթացը, որոնցից մեկը թերությունները վերացրել է եւ աշխատանքը վերսկսել: Մյուս ընկերությունը դեռեւս չի իրականացրել այն փոփոխությունները, որոնք պահանջել է տեսչական մարմինը:
Ըստ Վահե Դանիելյանի, 40-ից ավել արտադրողների մոտ իրականացնելու են վերահսկողություն, որոնց թվում են փոքր, միջին եւ մեծ բիզնեսներ: Ընկերությունները հիմնականում պաղպաղակ, պանիր արտադրողներ են. «Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում արագ փչացող սննդի արտադրությունն է: Կաթնամթերքը հանդիսանում է առավել բարձր ռիսկային սննդամթերք, այդ պատճառով տեսչական մարմինն ավելի շատ թիրախավորում է կաթնամթերք արտադրողներին, քան հացամթերք արտադրողներին»:
Վարչության պետի խոսքով, կաթնամթերք արտադրող մեծ ընկերությունները նույնպես թիրախային են, որովհետեւ գործ ունենք մարդկային գործոնի հետ եւ խախտումներ կարող են իրականացնել թե՛ մեծ, թե՛ փոքր արտադրողները. «Մեծերը մեզ համար ռիսկային են այնքանով, որ, չնայած, նրանց մոտ եղած սանիտարահիգիենիկ բավարար պայմաններին, ռիսկը պայմանավորված է իրացման շրջանակով, ինչը եւս ռիսկի գործակից է հանդիսանում»:
Կարդացեք նաև
Ըստ Վահե Դանիելյանի, մրցակցության շնորհիվ մեծ արտադրողների մոտ բավականին նորմալ սանիտարահիգիենիկ պայմաններ են, բայց դրանով հանդերձ, տեսչական մարմնին չեն բավարարում այն չափորոշիչները, որոնք ներդրված են. «Մենք քննարկումների, հանդիպումների ժամանակ ցուցումներ ու առաջարկություններ ենք անում արտադրողներին, որոնք էլ փորձում են շտկել եւ բարելավել իրենց արտադրությունները՝ համապատասխանեցնելով միջազգային չափորոշիչներին»: Ինչը նաեւ, ըստ պարոն Դանիելյանի, ԵԱՏՄ շուկայի պահանջներից է:
«Այս տարի տեսչական մարմինն իրականացրել է ոչ պլանային 50 ստուգում, որոնց մի մասը եղել է քաղաքացիների ահազանգերի հիման վրա»,-հայտնեց Վահե Դանիելյանը: Նա չբացառեց, որ կրկին կարող են գրանցվել սիբիրյան խոցի դեպքեր՝ պայմանավորված երաշտով:
Ասաց, որ ամիսներ առաջ Շիրակի մարզում արձանագրված դեպքերը պայմանավորված էին թերի պատվաստումներով. «Մենք ստիպված էինք այդ բռնկումից հետո հայտարարել կարանտին, այդ համայնքներից մսի տեղաշարժը դադարեցվել էր, կրկին իրականացվել է պատվաստում եւ այս պահին թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների մոտ նոր դեպքեր չունենք»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ