«Հայաստան դաշինք» խմբակցությունից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանն այսօր ԱԺ նիստում անդրադարձավ ՔՊ-ից Հայկ Սարգսյանի նկատառմանն այն մասին, որ ի տարբերություն իրենց կողմից առաջադրված եւ ԱԺ նախագահ ու փոխնախագահներ ընտրված Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի ու Հակոբ Արշակյանի՝ Սաղաթելյանը բանակում չի ծառայել։
Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ տարկետում ստացել է գիտական աստիճանով պայմանավորված․ «Օրենքով սահմանված կարգով՝ ստացել եմ պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։ Ապրիլյան պատերազմին մասնակցել եմ, դիրքերից իջել միայն մարտական գործողությունների ավարտից հետո, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ մի քանի անգամ եղել եմ Արցախում, այդ թվում առաջնագծում, բայց այդ ժամանակ ունեցել եմ այլ առաքելություն՝ ՀՅԴ չորս վաշտերի թիկունքի մատակարարում։ Ի տարբերություն այս դահլիճում նստած շատ պատգամավորների եւ գործադիրի շատ պաշտոնյաների, ես տարբեր տեղեկանքներով ու ոչ պիտանի լինելու փաստաթղթերով չեմ ազատվել բանակից»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ