«Հայաստան դաշինք» խմբակցությունից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանից այսօր ԱԺ լիագումար նիստում «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ մամուլը գրեց, Նիկոլ Փաշինյանն էլ ակնարկեց, որ դուք Սեւանա լճի ափին սեփականաշնորհել եք հանգստյան տներից մեկը, դարձրել հյուրանոց։
Սաղաթելյանը պարզաբանեց, որ Սեւանի ափին որեւէ շինություն չի սեփականաշնորհել․ «Բոլորին հայտնի է, որ ես Սեւանի ափին ունեմ հյուրանոցային համալիր, կառուցել եմ բաց դաշտի մեջ, որտեղ չի եղել որեւէ կոմունիկացիա։ Այն պատկանում է իմ ընտանիքին։ Որեւէ բարձր պաշտոն չեմ ունեցել, չորս ամիս եղել եմ Գեղարքունիքի մարզպետ։ Առաջին ընկերությունս ստեղծել եմ 2015թ․-ին, ընտանիքս մշտապես զբաղվել է բիզնեսով։ Ինձանից հրեշի ու թալանչու կերպար ստեղծելը չի ստացվելու»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ