2008թ․-ի մարտի 1-ի զարգացումների ընթացքում ՊՆ զորքն ամբողջությամբ ապահովել է սահմանների անձեռնմխելիությունը։ Այս մասին այսօր ԱԺ լիագումար նիստում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար, մարտյան իրադարձությունների ժամանակ ԶՈՒ ԳՇ պետ, «Հայաստան դաշինք» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց․ «Այդ ժամանակահատվածում նաեւ ոտնձգություն է եղել մեկ դիրքում։ Մեր ստորաբաժանումներն արժանի հակահարված են տվել, հետ են շպրտել հակառակորդին։ Կարծեմ՝ մարտի երեքին էր, Մարտակերտի հատվածում։ Իսկ ՊՆ-ի ներգրավվածությունն այդ գործընթացում արտակարգ դրության մասին օրենքի համաձայն է եղել, եւ ՊՆ ստորաբաժանումները ներգրավվել են կարեւոր օբյեկտների պաշտպանությանը։ Ինչ վերաբերում է իրավական գործընթացներին, ապա կարծում եմ, որ մարտի մեկից հետո եւ վերջին շրջանում հետապնդումները ղեկավարության, զինվորականների նկատմամբ, ՊՆ փոխնախարարների հանդեպ շարունակվել են։ 44-օրյա պատերազմից հետո եթե անգամ կա դատական գործընթաց, ապա իշխանությունը պատշաճ չի մատուցում հանրությանը, թե որ ուղղությամբ ինչ է արվում՝ որեւէ բան բացահայտելու համար»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ