Լրահոս
Օրվա լրահոսը

Մոռանալու իրավունք չունենք

Օգոստոս 04,2021 14:30

Սերբերը վշտացած են, իսկ Խորվաթիայում ցնծություն է

Այսօր, օգոստոսի 4-ին, նշվում է Խորվաթիայի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված «Փոթորիկ» ռազմական գործողության ընթացքում սերբ ժողովրդի տառապանքի տարելիցը:

1995 թվականին Խորվաթիայի բանակը, ՆԱՏՕ-ի հավանությամբ եւ աջակցությամբ, ինչպես նաեւ Խորվաթիայի պաշտպանության խորհրդի եւ Բոսնիա-Հերցեգովինայի բանակի համակարգված գործողությամբ հարձակում իրականացրեց Սերբական Կրայինայի Հանրապետության կազմում գտնվող Սերբիայի Կրայինա ինքնավար մարզի վրա:

Դա տեղի ունեցավ ի հեճուկս այն իրողության, որ մարզն այդ ժամանակ գտնվում էր ՄԱԿ-ի պաշտպանության ներքո, եւ որ Սերբական Կրայինայի Հանրապետության ներկայացուցիչները նախօրեին Ժնեւում եւ Բելգրադում ընդունել էին հակամարտության խաղաղ լուծման միջազգային հանրության առաջարկը:

Կրայինա սերբերի դեմ (230 հազար բնակիչ, 30 հազար զինվոր) Խորվաթիան իր ռազմական գործողություններն սկսեց շուրջ 200000 հոգանոց բանակով: Արդյունքում ավելի քան 220 հազար սերբեր արեւմտյան Կրայինայից հարկադրված լքեցին իրենց տները եւ տեղափոխվեցին Սերբիա եւ Բոսնիա-Հերցեգովինայի Սերբական Հանրապետություն: 2014 թվականից Սերբիան եւ Բոսնիա-Հերցեգովինայի Ֆեդերացիայի կազմում գտնվող Սերբական Հանրապետությունը համատեղ նշում են Երկրորդ աշխարհամարտում եւ «Փոթորիկ» գործողության ընթացքում սերբ ժողովրդի կրած տառապանքների տարելիցը:

Օգոստոսի 4-ը, Սերբիայի համար այս ողբերգական օրը, Խորվաթիայում նշվում է որպես մեծ տոն: Սերբիան, սակայն, այդ օրը նշում է որպես զոհերի եւ տեղահանվածների հիշատակի օր: Այն ժամանակ 220 հազար սերբեր լքեցին իրենց օջախները, 1852-ը մահացան եւ անհետ կորան, ոչնչացվեցին ավելի քան 13 հազար շենքեր, 25 հազար տներ, ավերվեցին 78 եկեղեցիներ, ինչպես նաեւ մեծ թվով թանգարաններ, հուշարձաններ, արդյունաբերական ձեռնարկություններ:

«Փոթորիկ» գործողության սարսափելի հետեւանքների ամենապերճախոս վկայությունները 1991 թվականի մարդահամարի տվյալներն են, ըստ որի Խորվաթիայի Հանրապետությունում ապրում էր 581663 սերբ (ընդհանուր բնակչության 12,2%-ը), իսկ 2011-ին՝ ընդամենը 186633 սերբ (4,36%): Քաղաքացիական պատերազմից եւ սերբ ժողովրդի զանգվածային գաղթից հետո Խորվաթիայում սերբերի թիվը կրճատվել է երկու երրորդով, իսկ Խորվաթիայում սերբերն այսօր ապրում են հիմնականում այն տարածքներում, որոնք չեն տուժել «Փոթորիկ» գործողությունից:

Այսօր Եվրոպայում եւ աշխարհում գրեթե չի խոսվում Երկրորդ աշխարհամարտում նացիստական Խորվաթիայի Անկախ Պետության տարածքում սերբերի հանդեպ իրականացված ցեղասպանության մասին, իսկ Յասենովացի համակենտրոնացման ճամբարին վերաբերող սարսափելի պատմությունն առ այսօր շղարշված է լռության քողով: Սերբ ժողովրդի հանդեպ 20-րդ դարի վերջին կատարված ոճրագործությունները չեն կարող դիտվել Երկրորդ աշխարհամարտի տարիներին իրականացված հանցագործությունների եւ ցեղասպանության համատեքստից դուրս:

Չնայած Սերբիայի Հանրապետությունը եւ Բոսնիա-Հերցեգովինայի Սերբական Հանրապետությունը ցանկանում են հաշտություն եւ խաղաղություն, այնուամենայնիվ, վճռականորեն պայքարում են սերբ զոհերի մասին շարունակվող լռության դեմ՝ ամենեւին չցանկանալով նվաստացած զգալ: Թեեւ մենք չենք պնդում ճանաչել ցեղասպանությունը, սակայն, ցանկանում ենք, որ այդ ողբերգական օրը որպես տոն նշելու փոխարեն հարգանքի տուրք մատուցվի սերբ նահատակներին: «Փոթորիկ» գործողությունը, որպես Երկրորդ աշխարհամարտից հետո աշխարհում էթնիկ զտումների ամենամեծ հանցագործություններից մեկը, այլեւս չպետք է կրկնվի: Սերբիան թույլ չի տա ցեղասպանություն սերբ ժողովրդի դեմ:

Խորվաթիայում, ցավոք, այսօր էլ քիչ չեն դեպքերը, երբ դրական վերաբերմունք է ցուցաբերվում ուստաշների նկատմամբ, խանդավառությամբ են ընդունվում նացիստական արժեքներն եւ ձեռքբերումները: Այնտեղ, օրինակ, կան փողոցներ՝ ոմն Միլե Բուդակի անունով, մի անձնավորություն, որի կարգախոսն էր. «Սերբական հարցը Խորվաթիայում պետք է լուծել սերբերի մեկ երրորդին սպանելով, մեկ երրորդին կրոնափոխ անելով, մնացած մեկ երրորդին՝ վտարելով»:

Սերբերի, ինչպես ցանկացած այլ ժողովրդի համար, խաղաղությունն ամենակարեւորն է, եւ Սերբիան երբեք նոր բախումներ հրահրելու կոչերով հանդես չի գա եւ չի պատասխանի հարեւանների հաճախակի սադրանքներին, քանի որ ցանկանում է զարգանալ եւ համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Եվ, սակայն, Սերբիան երբեք չի լռի ու մոռացության չի մատնի անցյալի ողբերգությունները՝ կանխելով, որ ապագայում այլեւս տեղի չունենան նման ոճիրներ:

Ներկայիս միջազգային հարաբերություններում հաճախ բացակայում է արդարությունը, իսկ կեղծիքն ու երեսպաշտությունը դառնում են այն հիմնական սկզբունքը, որը, ցավոք, տեսանք «Փոթորիկի» հանցավոր գործողության ընթացքում, երբ միջազգային հանրությունը պարբերաբար անտեսում էր դա: «Փոթորիկ» եւ «Բռնկում» ռազմական գործողությունների ժամանակ գրեթե քառորդ միլիոն սերբերի վտարման եւ մեծ թվով խաղաղ բնակիչների ու գերեվարվածների սպանության համար Խորվաթիայի ռազմական եւ քաղաքական ղեկավարությունից ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց Հաագայի դատարանում, իսկ ռազմական գործողությունների կազմակերպիչներն ազատ արձակվեցին:
Խոսելով վերոհիշյալի մասին, Սերբիայի համար անհասկանալի է միջազգային հանրության եւ դիվանագիտական առաքելություն իրականացնող ներկայացուցիչների մասնակցությունը խորվաթական «Փոթորիկ» գործողության հանդիսություններին, որը, ըստ էության, մեկ ազգի էթնիկ զտման տարելիցն է՝ վերածված տոնակատարության:

Այսօր Խորվաթիայում մնացած սերբերը հաճախ բախվում են բազմաթիվ մարտահրավերների` փորձելով պահպանել իրենց ազգային ինքնությունը: Նրանք զրկված են լեզվի, մշակույթի, տնտեսական առաջընթացի եւ արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքից: Չնայած ազգային փոքրամասնությունների վերաբերյալ Խորվաթիայի օրենսդրական դաշտին, գործնականում կան բազմաթիվ խոչընդոտներ օրինականորեն երաշխավորված իրավունքների իրականացման համար: Ատելության խոսքի, պատմական ռեւիզիոնիզմի, սերբ ժողովրդի նկատմամբ խտրականության, նույնիսկ ֆիզիկական բռնության եւ գույքի օտարման դեպքերը հազվագյուտ չեն: Դեռեւս կան չլուծված բազում հարցեր, որոնք վերաբերում են ձեռք բերած իրավունքների եւ սեփականության անհասանելիությանը, տնտեսական անկայունությանը, աշխատանքի իրավունքի խտրականությանը, պետական կառավարման մարմիններում, դատական համակարգում եւ ոստիկանությունում սերբերի ոչ լիարժեք ընդգրկվածությանը, լեզվի օգտագործման իրավունքի խոչընդոտմանը: Այս ամենով վտանգվում է ազգային պատկանելության ազատ արտահայտման իրավունքը, որը փոքրամասնությանը վերաբերող հիմնական սկզբունքներից է:

Պատմությունը եւ անցյալից տառապանքները մեզ սովորեցնում են դիմակայել ապագա մարտահրավերներին, դառնալ ավելի խոհեմ եւ ուժեղ: Եվ, որ ամենակարեւորն է՝ ողբերգությունները երբեք չկրկնվեն:

Մենք պետք է միասին քայլենք դեպի ապագան, բայց երբեք չպետք է մոռանանք անցյալը:

Տատյանա ՊԱՆԱՅՈՏՈՎԻՉ-ՑՎԵՏԿՈՎԻՉ

Հայաստանում Սերբիայի
Հանրապետության դեսպանության
գործերի ժամանակավոր հավատարմատար

«Առավոտ» օրաթերթ
04.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031