Մեղրիի նախկին համայնքապետ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը կմնա կալանավորված։ Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, ուժի մեջ է թողել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ մերժելով Զաքարյանի պաշտպանի բողոքը։
Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածի հատկանիշներով։ Մասնավորապես՝ 308-րդ հոդվածի 2-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող՝ իր՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելը կամ նման տեղեկությունը թաքցնելը)։
Զաքարյանը երկու ամսով կալանավորվել է հուլիսի 13-ին, նրա նկատմամբ վարույթ սկսելու եւ ազատությունից զրկելու որոշում կայացրել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ