Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի Ալվանք համայնքի նախկին ղեկավարին 10 դրվագով մեղադրանք է առաջադրվել

Օգոստոս 04,2021 12:34

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալվանք համայնքի հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. հողամասերի օտարման աճուրդային գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք կազմակերպվել և անց են կացվել խախտումներով:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Ալվանք համայնքի ղեկավարը, պաշտոնավարման ընթացքում՝ 2014-2016թթ. տարբեր ամիսներին, անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով, տվյալ պահին գործող «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված՝ երկու հայտատու, գնային երկու առաջարկ ապահովելու նպատակով, իր հետ ազգակցական կապերով և մտերիմ փոխհարաբերություններով փոխկապակցված անձանց, այդ թվում՝ եղբոր, քենակալի, վերջինիս որդիների օգտին կատարել է պաշտոնեական կեղծիք:

Քննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարի ազգականներն ու մտերիմները, պայմանավորվածություններ ձեռք բերելով համայնքի ղեկավարի հետ, հաստատապես տեղյակ լինելով աճուրդների ձևական բնույթ կրելու և փաստացի տեղի չունենալու մասին, առանց ներկայանալու համայնքապետարան և մասնակցություն չունենալով նշված գործընթացին, դրա օրինականության պատրանք ստեղծելու դրդապատճառով, օժանդակել են նրա կողմից պաշտոնեական կեղծիքների կատարմանը:

Նշված անձինք, տեղյակ լինելով հրապարակային սակարկության մասնակիցների թիվը մեկից ավելի չլինելու դեպքում աճուրդի չսկսվելու մասին «ՀՀ հողային օրենսգրք»-ի դրույթներին, աճուրդային գործընթացների փաստաթղթաշրջանառության ամբողջականությունն ապահովելու և օրենսդրական արգելքը հաղթահարելուն նպաստելու միջոցով խոչընդոտները վերացնելու եղանակով հանցագործությանն օժանդակելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել համայնքի ղեկավարի հետ, ստորագրել են աճուրդի մասնակցության հայտերը, արձանագրությունները և բովանդակությամբ կեղծ այլ փաստաթղթեր:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի օժանդակությամբ, ի պաշտոնե լինելով համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման աճուրդի կազմակերպիչ, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման պահանջների խախտմամբ, աճուրդը կայացած համարվելու և դրանում կոնկրետ մասնակցի հաղթող ճանաչված լինելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող պաշտոնական փաստաթղթերում ներառել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ և դրանք վավերացրել իր հետ հանցակցած անձանց ստորագրություններով:

Աշխատակազմի ղեկավարն իր հերթին, իրականացնելով հայտերի ընդունման, արձանագրությունների և այլ փաստաթղթերի պատրաստման գործառույթներ, պայմանավորվածություն է ձեռք բերել համայնքի ղեկավարի հետ և հաստատապես տեղյակ լինելով աճուրդների ձևական բնույթ կրելու և փաստացի տեղի չունենալու մասին՝ կազմել և ստորագրել է հողամասի աճուրդով վաճառքին մասնակցելու մասին հայտերը: Դրանց արդյունքների մասին բովանդակությամբ կեղծ արձանագրությունները ստորագրվել են աճուրդի մասնակիցների և համայնքի ղեկավարի կողմից, որոնց հիման վրա էլ հողամասերի նկատմամբ գրանցվել է անձանց սեփականության իրավունքը:

Արդյունքում՝ 0,5839 հա, 0,2330 հա, 0,8705 հա, 0,94325 հա, 0,2115 հա, 0,49575 հա, 0,68194 հա, 3,0 հա, 0,89407 հա և 1,8 հա հողամասերը, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, դուրս են բերվել համայնքի գույքային ֆոնդից և քաղաքացիաիրավական բնականոն շրջանառությունից:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ), իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին, ինչպես նաև՝ համայնքի ղեկավարի ազգականներին ու մտերիմներին՝ թվով 10 անձանց, մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031