ԱԺ լիագումար նիստում այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ամբիոնից իրենց դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանին խնդրեց պարզաբանել՝ ի վերջո, Նիկոլ Փաշինյանն իր թիմով մասնակցե՞լ է ապրիլյան ռազմական գործողություններին։ Մանուկյանը հիշեցրեց՝ երեկ իրենց խմբակցության պատգամավորները կասկածի տակ դրեցին այդ հանգամանքը։ Խոսակցությունը բացվել էր նրանից, որ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Հակոբ Արշակյանի կենսագրության մեջ նշված էր ապրիլյան գործողություններին մասնակցության փաստը, սակայն ընդդիմադիր պատգամավորները հիշել էին, որ ՊՆ-ն, ի պատասխան հարցումներից մեկի, գրել էր, որ ՔՊ-ի անդամների մասնակցությունը կայացել է առաջնագծից հեռու, նրանք խրամատ են փորել, ընդ որում՝ մայիսին։
Սեյրան Օհանյանը նախ շեշտեց, որ արցախյան ազատամարտի եւ ապրիլյանի դեպքում այդ ժամանակվա իշխանությունն ապահովել է միասնությունը, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ միասնական մոբիլիզացիան չարտահայտվեց։
«Ապրիլյանի ժամանակ եւ դրանից հետո շատ կամավորական ջոկատներ մեկնել են ու աջակցել բանակին, որովհետեւ պետք էր արագ լրացնել բոլոր բնագծերը, դրանցում խնդիրներ կատարել։ Շատ ստորաբաժանումներ մասնակցել են մարտական գործողությունների։ Շատ անհատներ են կամավոր գնացել, լրացրել բանակի շարքերը։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ստորաբաժանմանը, որն ինքն էր ղեկավարում, իհարկե, ապրիլյան պատերազմի կոնկրետ մարտական գործողություններին այն չի մասնակցել։ Մասնակցել են որոշակի ինժեներական ապահովման աշխատանքների։ Դա չի համարվում մարտական գործողություններին մասնակցություն։ Այդ աշխատանքները ՊՆ-ն գնահատել է, եւ իմ կողմից պատվոգիր է տրվել, ես այն ստորագրել եմ, հո հետ չե՞մ վերցնելու այն»,-հարցադրում արեց պաշտպանության նախկին նախարարը։
Կարդացեք նաև
Արեգնազ Մանուկյանը շարունակեց․ «Ձեր կարծիքով, ինչո՞ւ էին նիկոլենք անընդհատ գլուխ գովում, թե մասնակցել են»։ Դահլիճում աղմուկ բարձրացավ։ «Սովորեք ճշմարտությունը լսել։ Այսուհետեւ այդպես է լինելու»,-ասաց Մանուկյանը։
Միջամտեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ կոռեկտ լինելու կոչ արեց Մանուկյանին, որը հարցրեց, թե ինչն էր իր ասածի մեջ ոչ կոռեկտ։ Սիմոնյանը պատասխանեց․ «Վարչապետին անունով, անունը ձեւափոխելով կամ որեւէ այլ կերպ դիմելու պարագայում կկիրառեմ կարգապահական տույժ։ Բոլորը պետք է կոռեկտ լինեն»։
Ապա Մանուկյանը շարունակեց հարցադրումը, թե ինչու այդքան գլուխ գոված իշխանավորները չմասնակցեցին 44-օրյա պատերազմին։ Իշխանական խմբակցության շարքերում կրկին աղմուկ բարձրացավ։ Վրդովվել էր «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներից Հակոբ Ասլանյանը, որը մասնակցել է ապրիլյան եւ 2020թ․-ի պատերազմներին, վերջինիս ընթացքում վիրավորվել։
Սեյրան Օհանյանն անդրադարձավ հարցին․ «Իմ համար այս դահլիճում անհասկանալի է առաջին դասարանցիների պահվածքին նմանվող ձեւաչափը, որն ընդունված է քաղաքական մեծամասնության մոտ։ Խաղաղ, հանդուրժող լինելու մասին ձեր կոչերը հասկանալի չեն։ Թողեք մարդիկ արտահայտվեն։ Եթե խոսքերը ձեր դուրը չեն գալիս, ձեր ելույթներում կասեք այս մասին։ Իսկ հարցի պատասխանն այն է, որ մեծամասնության մոտ PR-ի աստիճանը բարձր է, եւ դա երեւացել է, կներեք, երեք տարիներին։ Խոնարհվում եմ այն մարդկանց առաջ, ովքեր մասնակցել են 44-օրյա պատերազմին։ Բայց երբ գլուխ են բարձրացնում նրանք, որոնք գնացել են ու հյուրանոցներում պառկել-քնել, դա իմ համար անընդունելի է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ