Իշխող քաղաքական ուժի առաջնահերթություններից են Հայաստանի ապաշրջափակումը եւ երկարաժամկետ խաղաղության հաստատումը։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագրից» առաջադրված թեկնածու Հակոբ Արշակյանը։
Նա նշեց․ «Մեզ հաճախ թվում է, թե միակ երկիրն ենք աշխարհում, որը թշնամիներ ունի, որը միակն է, որ պատերազմում է, եւ այդ միակությունը մեզ դարձնում է առանձնահատուկ, մղում անկյուն, ստիպում օգնության կանչել ողջ աշխարհին, անարդարության եւ անգործության մեջ մեղադրել ողջ աշխարհին, մեր խնդիրները բարդել ուրիշների վրա՝ հարեւանների, պաշտոնյանների, թշնամիների վրա։ Ցավոք, միակը չենք եւ երբեք չենք եղել։ Պատմությունը հիշեցնում է հարյուրամյա հակամարտությունների մասին Եվրոպայում, Աֆրիկայում։ Մեր գլխավոր խնդիրներից մեկը պետք է դառնա այն, որ ՀՀ-ն եւ ժողովուրդն առաջնորդվեն ոչ թե ատելությամբ, այլ պետության շահերով, ոչ թե հույսն այլ տերությունների վրա դնելով, այլ ճիշտ դաշնակցային հարաբերություններով, սխալներին գնահատական տալով»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ