Վերլուծաբաններն ու նախկին դիվանագետներն Ամերիկայի ձայնի հետ զրույցում անդրադարձել են ՀԱՊԿ-ի արդյունավետությանն ու Հայաստանի անդամակցությանն այդ կառույցին
Ռուսաստանի դոմինանտության ներքո գտնվող Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպությունն ավելի շատ խորհրդանշական, քան ֆունկցիոնալ բնույթ ունեցող կառույց է, գտնում է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին Ամերիկայի ձայնի հետ հարցազրույցում:
«Դա մի կազմակերպություն է, որը Ռուսաստանը սիրում է ցուցադրել, սակայն, երբ առաջ են գալիս անվտանգության հետ կապված հստակ խնդիրներ, Ռուսաստանը, կարծես թե, ցանկանում է օգտագործել այլ միջոցներ»,- ասում է նա:
Այլ միջոցների թվում են, ըստ վերլուծաբանի, զինադադարին հասնելու միջնորդությունները կամ երկկողմ զորավարժությունները, որոնց ականատես ենք Կենտրոնական Ասիայում՝ Աֆղանստանի հետ կապված իրադրության հետևանքով:
Կարդացեք նաև
Նա շեշտում է՝ Հայաստանը կազմակերպության միակ անդամը չէ, որը չի ստացել համապատասխան օգնություն ՀԱՊԿ-ից: Վերլուծաբանը հիշեցնում է, որ 2010 թ-ին Ղրղզստանի կառավարությունն աջակցության խնդրանքով դիմեց ՀԱՊԿ-ին՝ ներքաղաքական իրավիճակի պատճառով, սակայն չստացավ որևէ աջակցություն:
«Այսպիսով, ՀԱՊԿ-ը գոյություն ունի որպես կազմակերպություն, սակայն այն միշտ չէ, որ լավ է գործում: Կարծում եմ, որ շատ դժվար է հասնել կոնսենսուսի այդ կազմակերպության շրջանակում»,- նշում է Սթրոնսկին:
Այս մոտեցմանը համակարծիք է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը: Հայ-ադրբեջանական հակամարտության առումով ՀԱՊԿ-ի որդեգրած մոտեցման մասին խոսելիս՝ նա կարևորություն է տալիս այն գործոնին, որ Ադրբեջանը չի հանդիսանում այս կազմակերպության անդամ: Ըստ նրա, ՀԱՊԿ-ի համար շատ դժվար կլինի իրականացնել իր պարտականությունները տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում և նրա անդամների շրջանում, եթե հակամարտող կողմերից մեկն ընդգրկված չէ կառույցում:
«ՀԱՊԿ -ի ներսում առկա են երկրներ, որոնք ավելի բարյացակամ են Ադրբեջանի, քան Հայաստանի հանդեպ»,- ընդգծում է Կազլյարիչը:
Նա գտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ընդհարման պարագայում կառույցի ներսում կառաջանա ներքին լարվածություն, որը կխափանի ցանկացած տեսակի հավաքական արձագանք:
«Անիրատեսական է չափազանց շատ ակնկալիքներ ունենալ այս կազմակերպությունից ՝ որպես կառույց, քանի դեռ Ադրբեջանը մնում է դրա շրջանակներից դուրս»,- ասում է Կազլյարիչը:
Նախկին դիվանագետ, իրավաբան Արմեն Խարազյանի կարծիքով էլ ՀԱՊԿ-ն առանձին վերցրած մարմին չէ, որի հետ Հայաստանն ունի դաշնակցային հարաբերություններ, այլ անվտանգության միջազգային մի շրջանակ, որի ներքո Երևանը հարաբերվում է կառույցի այլ անդամների հետ:
«Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակում հարաբերություններ ունի բոլոր անդամ երկրների հետ, և այնտեղ որոշումներ ընդունելու մեխանիզմ կա, որը չեմ կարծում, որ Հայաստանը կարող լինի հաղթահարել, եթե հարց ծագի»,- ասում է Խարազյանը:
Նրա կարծիքով ԼՂ հակամարտության և դրան հաջորդած զարգացումների առումով ճիշտ չէ դնել ՀԱՊԿ-ի պարտավորությունների կատարման կամ չկատարման խնդիրը: Այն, ինչը չի կատարվել այդ ժամանակ, ըստ նրա, վերաբերում է հայ-ռուսական երկկողմ խարսխային պայմանագրերից բխող հանձնառություններին: Խարազյանը հիշեցնում է ՌԴ նախագահ Պուտինի ակնարկը, ըստ որի՝ ՌԴ-ն ամբողջապես կատարում է ՀՀ-ում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրով սահմանված իր բոլոր պարտավորությունները՝ պաշտպանելով Հայաստանի սահմանները ոտնձգությունից:
«Այս մեկնաբանությունը թյուր է, քանի որ հայ-ռուսական պայմանագիրը խոսում է Հայաստանին ուղղված անվտանգության սպառնալիքների մասին, այլ ոչ թե սահմանների»,- ասում է Խարազյանը:
Նրա կարծիքով ԼՂ շուրջ ստեղծված անցած տարվա իրադրությունը, ըստ պայմանագրի դրույթների, պետք է զարկ տար հայ-ռուսական ռազմակայանի մասին պայմանագրով նախատեսված հանձնառությունների կատարմանը: Նրա կարծիքով՝ ԼՂ վերջին պատերազմի ժամանակ և դրանից հետո անվտանգության հարցով հայ-ռուսական պայմանագրային փաթեթը ձախողվել է դրա նկատմամբ երկու կողմերի անլուրջ վերաբերմունքի արդյունքում:
Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ
«Ամերիկայի ձայն»