Լրահոս
Օրվա լրահոսը

Սխալ հիմքեր, սխալ շարունակություն

Օգոստոս 04,2021 10:00

Այն, ինչ քիչ թե շատ կայացել էր վերջին 30 տարում, իրեն արդարացնում է նաեւ հիմա: Այդպիսին է, օրինակ, բանկային համակարգը՝ իր բոլոր թերություններով, որն այս ցնցումների պայմաններում կարողանում է, ընդհանուր առմամբ, պահել դրամի կայունությունը: Չի տապալվել նաեւ առողջապահական համակարգը՝ նույն այդ ցնցումների ժամանակ: Իհարկե, հնարավոր չէ նսեմացնել վերջին երեք տարվա առողջապահության նախարարների եւ ԿԲ նախագահների աշխատանքը, բայց, կրկնեմ, համակարգերի հիմքերը դրվել են տասնամյակների ընթացքում:

Եվ հակառակը. ինչ որ վատ էր առաջ, վատ է նաեւ այս երեք տարվա ընթացքում ու հիմա էլ է վատ: Պատերազմը դրա վառ ապացույցն է: 2016 թվականի ապրիլին, ինձ թվում է, ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը վաղ թե ուշ լայնամասշտաբ պատերազմ է սկսելու, ինչպես նաեւ պարզ դարձավ, թե ինչպիսին է այդ պատերազմը լինելու: Ռազմական գործի մասնագետ պետք չէր լինել՝ հասկանալու համար, որ պատերազմը կրելու է տեխնոլոգիական բնույթ, որ զինվորի ձեռքը ինքնաձիգ տալը եւ խրամատ ուղարկելն այլեւս բավարար չէ:

2016 թվականի ապրիլից մինչեւ 2020 թվականի սեպտեմբեր անցել էր 4 տարի, որից 2-ի ընթացքում իշխում էին «նախկինները», 2  տարի էլ՝ «ներկաները»: Ի՞նչ են արել թե՛ առաջինները, թե՛ երկրորդները համապատասխան տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար: Ոչ մի բան՝ երկուսն էլ, հավանաբար, կարծում էին՝ «որ վախտը գա, ռուսները կօգնեն»: Այսինքն՝ ձրի կամ մեծ զեղչերով մի բան կտան: Չտվեցին, իսկ նախկինում իրենց տված C-300 համակարգը հակառակորդը առաջին իսկ երեք օրվա ընթացքում կարողացավ կործանել: Պարզ է, որ պետք էր փողով գնել անհրաժեշտ տեխնոլոգիաներն այն երկրներից, որոնք պատրաստ էին վաճառել, իսկ այդպիսի երկրները բավականին շատ են:

Բայց ինչի՞ համար է պետք ամենը հիշել: Իրար մեղադրելու, քարկոծելու, «թուրք» եւ «դավաճան» անվանելու համա՞ր: Իմ կարծիքով, դա անիմաստ զբաղմունք է, ընտրազանգվածներին հաճոյանալու համար: Ոչ ոք «թուրք» եւ «դավաճան» չի, պարզապես վատ ղեկավարներ են՝ չընտրված կամ ընտրված: (Ի դեպ, ՔՊ-ականների ընտրված լինելը նրանց լավ ղեկավարներ չի դարձնում):

Անցյալը հիշելը պետք է թերեւս միայն մի նպատակով՝ ճիշտ դասեր քաղելու: 2020 թվականին մեր վերջին պատերազմը չէր, եւ հիմա էլ է պետք  պատրաստվել հաջորդ պատերազմին: Այդ առումով անհապաղ քայլեր են պետք դիվանագիտության եւ բանակաշինության մեջ՝ վստահ չեմ, որ այդ գերատեսչությունների ղեկավարներ են նշանակվել նման քայլերի ընդունակ մարդիկ:

Բոլոր դեպքերում նստել եւ սպասել, որ ռուսները մեզ բոլոր հարցերում կօգնեն, անարդյունավետ է: Մենք «խռովել» ենք Իսրայելից, որ պատերազմի ժամանակ Ադրբեջանին զենք էր մատակարարում, բայց նույնն անում էր նաեւ Բելառուսը, որից, կարծես թե, չենք նեղացել: Ահա ձեզ երկու երկիր, որոնցից, ի թիվս այլոց, կարելի է զենք գնել եւ որոնք բազմիցս, գրեթե պաշտոնապես, հայտարարել են, որ մեր նման դիմումը չեն մերժի:

Իհարկե, անվտանգության ապահովումը միայն զենք գնելով չէ: 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք, որպես պետություն, ոչ մեկի համար հետաքրքիր չենք: Իսկ որպեսզի հետաքրքիր լինես, որեւէ մեկին պետք լինես, անհրաժեշտ է, որ նպատակ ունենաս ու քեզնից ինչ-որ բան ներկայացնես: Բայց դա առանձին եւ շատ ծանր թեմա է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. garo says:

    Իմ կարծիքով մենք պարտվել ենք առաջին հերթին երկրում տիրող բարդակի պատճառով, որը առավել ցայտուն զգացվելա պատերազմի ընթացքում: Ոչինչ չի արվել երկիրը մոբիլիզացնելու ու հայրենական պատերազմ մղելու համար:
    Ունեցել ենք իշխանություն ու գերագույն հրամանատար որը դատարկ խոսալուց բացի ուրիշ ոչինչ չի կարող անել:

    Մի հատ հասարակ հարց ինչի ենք մենք նախաձեռնությունը ամբողջությամբ զիջել հակառակորդին, ինչի ոչ մի հարձակողական գործողություն ողջ պատերազմի ընթացքում չենք արել՞
    Ոչ թե հակահարձակում էն հատվածներում որտեղ հակառակորդը ճեղքել էր, այլ հենց հարձակում: Օրինակ Քելբաջարից ու Վարդենիսից հարձակում դեպի Խանլար/ Դաշքեսան:

    Վստահ եմ, որ եթե նախորդ 1992-1994-ի պատերազմում էլ Նիկոլի ու Արայիկի պես վախկոտ ղեկավարներ ունենաինք էլի խայտառակ պարտություն ու կապիտուլյացիա կլիներ: 1992-ի ամռանը ճակատում շատ ավելի ծանր վիճակ էր քանի 2020-ի նոյեմբերին:

  2. Armen says:

    Պատերազմին պատրաստվելու հաշվարկը պետք է սկսել առնվազն 1998թ.-ից՝ 20տարի (ղարաբաղյան կլան) +2տարի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031