Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկին խորթ էին պարտվել ու հանձնվել բառերը. Նա ձգտեց բարձունքին, փորձեց հաղթել ու այդպես էլ եղավ

Օգոստոս 04,2021 13:30

Ընկերները, դասղեկն ու մայրը՝ 44-օրյա պատերազմում զոհված Նարեկի մասին

Նարեկ Մանուկյանը մեկն է այն քաջորդիներից, որ մարտնչել է Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմում: Այսօր նրա մոր՝ Մարինեի ձեռքերում «Հերոսի պատվոգիրն»-ն ու «Մարտական ծառայության» մեդալն է: Այն ամեն շոշափելին, ինչը բանակային կյանքից հետո մնացել է: Նարեկը չկա, բայց նրա մասին հիշողություններ ու պատմություններ ինչքան ասես: Ապրած 19 տարիների ընթացքում, ինչպես մայրը, ուսուցիչներն են նշում, Նարեկը վառ անհատականություն է եղել: Մարտի դաշտում նույնպես հենց այդպես էլ իրեն դրսեւորել է:

«Փոքրուց շատ հետաքրքրասեր էր: Նրան հետաքրքրում էր ամեն ինչ՝ ինչ վերաբերում էր գիտությանն ու նորարարություններին: Դպրոցական տարիներին հաճախում էր մարմնամարզության, կարատեի, հետագայում՝ նկարչության եւ լողի մարզումների: Նաեւ կիթառի դասերի էր գնում»,-«Առավոտի» հետ զրույցում պատմում է Նարեկի մայրը՝ տիկին Մարինեն:

«Ես միշտ հպարտացել եմ տղայովս, դպրոցում եւ այլուր միայն գովեստի խոսքեր էի լսում նրա մասին: Արդարադատ էր: Հիշում եմ՝ կարատեի մրցումների ժամանակ, երբ ինքն իր մրցակցին հաղթեց, չէր ընդունում իր հաղթանակը: Ասում էր՝ իմ մրցակիցն ինձնից թույլ էր, մենք հավասարներով չէինք պայքարի մտել, ես ինձ հաղթող չեմ համարում, անարդար ճանապարհով մեդալ ինձ պետք չէ: Գնահատող էր: Մարդկանց վստահում էր ու հավատում»,- ասում է մայրը:

Նարեկը 4 տարի առաջ կորցրել էր հորը, որը մեծ հարված է եղել ընտանիքի համար: Կրկնակի հարված էր Նարեկի մահը:
Մարինեն ունի 2 զավակ՝ Նարեկն ու Դավիթը, երկուսն էլ 44-օրյայի ժամանակ ծառայության մեջ են եղել: Նարեկը՝ մարտի դաշտում առաջնագծում: Բարեբախտաբար, կրտսեր որդին՝ Դավիթը վերադարձել է, տանն է՝ մոր կողքին: Դավիթը չի խոսում ու չի պատմում եղբոր մասին: Մոր խոսքով, եղբոր մահը շատ ծանր է տանում ու չի կարողանում այդ մասին խոսել. հոգեպես էլ շատ ծանր վիճակում է:

«Նարեկը ավագ որդիս էր, իմ լավագույն ընկերն ու խորհրդատուն: Նրա հետ զրուցելիս թեմաները չէին ավարտվում, հետաքրքիր ու հաճելի զրուցակից էր: Երբ եկավ բուհ ընդունվելու ժամանակը՝ դիմեցի դպրոցի տնօրենին, որպեսզի պարապող մասնագետի ընտրության հարցում ինձ խորհուրդ տա: Նա մերժեց՝ ասելով, որ Նարեկը, անկասկած, իր ուժերով կարող է ընդունվել: Այդպես էլ եղավ, ինքնուրույն պարապեց եւ ընդունվեց բուհ՝ Երեւանի Ճարտարապետական եւ շինարարական ֆակուլտետի դիզայնի բաժին: Բայց որդիս մեկ կիսամյակ սովորեց բուհում: Մեծ հաճույքով ու սիրով էր հաճախում: Ոչինչ չէի խնայում նրա համար, բոլոր ցանկություններն ու պահանջները կատարում էի, բայց նա երբեք չէր առիթավորում դրանից, ամեն ինչից միշտ շնորհակալ էր»:

Նարեկը բանակ է զորակոչվել 2019 թվականի հունվարի 31-ին, չնայած որ ունեցել է տեսողության ու մեջքի կիֆոզ, որն ազատման աստիճանի է եղել, Նարեկը չի օգտվել այդ հանգամանքից եւ մեկնել է ծառայության: «Ասում էր՝ ես իմ ընկերներից լավը չեմ ու ոչնչով պակաս չեմ, որ պետք է ազատվեմ, ես պետք է ծառայեմ, որ եղբորս համար ճանապարհ հարթեմ: Վերջում էլ բոլոր ընկերներին փառքով ճանապարհեց ու զորակոչի հենց վերջին օրը ինքն էլ մեկնեց ծառայության: Սկզբում Կապանի զորամասում է ծառայել, հետո տեղափոխվել Կուբաթլու, որտեղ էլ ծառայել է մնացած ամիսները»,-պատմեց մայրը: Նրա խոսքով, ծառայության հենց սկզբից էլ աչքի է ընկել խելացիությամբ ու գծագրելու ունակությամբ: Զորամասում քարտեզագիր էր. «Որոշ ժամանակ անց հրաժարվեց, ասելով, որ չի ուզում զորքից տարբերվել ու առանձնանալ:

Ծառայության 21 ամիսների ընթացքում 5 անգամ տեղափոխվել են Ջրական (Ջաբրայիլ) զորավարժությունների: Ամեն անգամ, երբ զանգում էր՝ ոգեւորությամբ պատմում էր իր առաջադիմությունների մասին: Նարեկը շատ սիրված էր, բազում ընկերներ ուներ՝ այդ թվում նաեւ աղջիկ ընկերներ: Երբեք մենակ չէր մնում, գիշերն էլ չէր ուզում քնել, օրը կարծես չէր բավականացնում նրան: Հոգ էր տանում բոլորի մասին: Իր գիտելիքներով հարստացնում էր նաեւ իրեն շրջապատող մարդկանց: Ասում էր՝ ես ձգտում եմ բարձունքների, որպեսզի շատ բան ունենամ տալու մնացածին: Ծառայության ընթացքում էլ նույն դրսեւորումներն էին: Նարեկի լավ ու հայրենիքին նվիրված ծառայության համար նրան տրվել էր՝ կրտսեր սերժանտի կոչում, հետագայում՝ ջոկի հրամանատարի: Գոհ էր ծառայությունից ու երբեք չէր տրտնջում ոչնչից»:

Սեպտեմբերի 27-ին, ժամը 11:30-ի կողմերը, Նարեկը խոսել է մոր հետ՝ ասելով, որ իրեն տարել են այնտեղ, որտեղ միշտ տարել են. «Անուններ չտալով, ասաց՝ մամ ջան, մի քիչ խառն եմ, բայց չանհանգստանաս, հենց հարմար լինի՝ քեզ կզանգեմ: Այդ զանգից հետո 4 օր լուր չունեցա որդուցս: Հետո իմացանք, որ Նարեկենց զորքն այդ ժամանակ թեժ մարտերի մեջ կռիվ տալով հայտնվել էր շրջափակման մեջ եւ 4 օր կորած համարվել: Հետո մի կերպ, Նարեկն իր 10 հոգանոց ջոկով բազում կիլոմետրեր կտրել անցնելով` ոտքով հասել էին իրենց Կուբաթլուի զորամաս: Պատերազմի ժամանակ զանգում էր, շատ կարճ էինք խոսում: Հարցնում էր` ձեր մոտ ի՞նչ կա, լուրերից էր հետաքրքրվում, նրանք ամբողջովին կտրված էին աշխարհից: Ասում էր` մենք հեռու ենք սահմանից, այնինչ մշտապես ու ամենուր առաջնագծերում էին: Հոկտեմբերի 17-ին զորքը նահանջի հրաման ստանալով տեղափոխվում է Գորիս, որտեղից էլ նորից անցնում են Խնձորեսկի դիրքերի պաշտպանության:

Հոկտեմբերի 22-ի լույս առավոտյան, Նարեկը նկատում է աթս-ն եւ զգուշացնում զինակիցներին, մի քանի վայրկյան անց, ժամը 6:46- ին կասետային ականի պայթյուն է որոտում: Որդիս վիրավորում է ստանում սրտի հատվածում: Առաջինն իրեն են հասնում զինակիցները, կանչում բուժօգություն, սակայն տղայիս կյանքը փրկել չի հաջողվում: Վերջին անգամ որդուս հետ խոսել եմ զոհվելու նախորդ երեկոյան: Այդ գիշեր երկար խոսել է եղբոր հետ, հետո ասել է` սիրտս հանգստացավ, որ եղբայրս ապահով է ու կարծես հրաժեշտ է տվել»: Տուն են ուղարկել: Այդ օրվանից Մանուկյանների տան լույսը մարել է: Նարեկին հուղարկավորել են հոկտեմբերի 24-ին Եռաբլուր Պանթեոնում:

Նարեկի դպրոցի ուսմասվարը՝ Լարիսա Մովսեսյանը մեծ ջերմությամբ ու ափսոսանքով է հիշում ու պատմում Նարեկի մասին: Ասում է՝ տաղանդավոր ու խելացի տղա էր, մի անգամ էլ, երբ միջոցառմանը պետք է երգեր, որոշվել է, պետք է կենդանի կատարում լինի: Սկզբում Նարեկը հրաժարվել է, բայց երկու օր անց փայլուն ելույթ է ունեցել:

«Նարեկը, իմ տարբերվող ու յուրահատուկ Նարեկը… Դասավանդել եմ չորս տարի, դեռ փոքր տարիքից երեւում էր նրա ինքնատիպությունը. խելացի, հավասարակշռված, համեստ, զուսպ ու խոհեմ, միշտ պատրաստ թույլին, անպաշտպանին աջակցելու։ Ուներ որոշ հասուն դատողական միտք ու մեծին վայել նրբանկատություն։ Հիշում եմ` ինչպես էր Գառնու տաճարում բռունցքը խրոխտ ուղղել դեպի երկինք` մանկան մատների ողջ ուժով ասես սեղմած տիեզերքի էներգիան: Նարեկի հայրենասեր տեսակը դրսեւորվում էր նաեւ բեմում` հայրենիքի համար սուրը ձեռքին մարտնչող քաջ ռազմիկի կերպարում, զարմանալի չէր, որ տարիներ անց այդ նույն հզոր բռունցքն ուղղվեց նենգ թշնամու դեմ` հայրենիքի առջեւ իր պարտքը կատարելիս»,- ասում է Նարեկի դասղեկը՝ Աննա Սաֆարյանը:

Նարեկի զինակից ընկերները՝ Հայկ Պանոսյանն ու Մասիս Աբրոյանը, «Առավոտի» հետ զրույցում ցավով նշեցին, որ զրկվել են Նարեկի պես ընկեր ունենալու հնարավորությունից:

«Մենք ծառայում էինք նույն վաշտում, բայց տարբեր դասակներից էինք։ Նարեկը ինձ շատ բան է սովորեցրել` թե բանակային կյանքից, թե առհասարակ, որոնք մինչեւ հիմա ինձ օգնել են։ Ես նրա հետ լավ եւ վատ օրեր եմ տեսել, որոնք միշտ կհիշեմ։ Մի անգամ, երբ ընկերներով նստած էինք` նա մեր ապագան էր ասում, թե ով ինչ մասնագիտությամբ կխորանա: Ինձ ասաց, որ ես լավ ֆինանսիստ եմ դառնալու ու միասին համագործակցելու ենք։ Կռվի ժամանակ էլ ինձ ասում էր` ես պետք է կռվեմ, որ հետո տղաս կարողանա գովել ու ասել, որ իր հայրը կռիվ է տվել թուրքի դեմ, ոչ թե փախել։ Նարեկը, երբ վերջին անգամ գնաց ինժեներական աշխատանքների, ես այդ ժամանակ տաքությունով հիվանդ էի։ Ասաց, որ մնամ լավանամ, ես չէի ցանկանում, բայց խնդրանքը չմերժեցի: Ասաց՝ մի օր անգամ չենք մնում, գնում ենք փորենք գանք, մի անհանգստացի, ես էլ ասացի, որ զգույշ լինեն: Սա եղավ մեր վերջին խոսակցությունը։ Նա փրկեց իմ կյանքը: Հետո Նարեկը զոհվեց իր 6 զինվորների հետ: Նարեկից ինձ մոտ միայն մի հուշագիր է մնացել՝ դա նրա ստորագրությունն է իմ նոթատետրում, որի շնորհիվ հիշում եմ նրա հետ անցկացրած յուրաքանչյուր օրը»,-ասաց Հայկը։

Մասիսի ու Նարեկի ծանոթությունը եղել է պատահական ու հիշարժան: «Ծանոթացել եմ կարանտինի ժամանակ՝ հրամանատարության հրամանով տեղագրական քարտեզներ պատճենելու ժամանակ, որը հետագայում Մասիսն ու Նարեկը միասին են արել: Նարեկը ՄՀՎ-ում էր ծառայում, ես՝ Մարտկոցում, բայց դա չէր խանգարում մեր ընկերական հանդիպումները ազատ ժամերին կազմակերպելուն: Ընկերասեր էր, նվիրվող, իր տեսակով լիդեր էր, նպատակներ ուներ ու հասնում էր դրանց, եթե սկսում էր՝ անպայման ավարտին էր հասցնում սկսածը: Լիդեր լինելու փաստը զգացին նաեւ մեր վերադասներն ու նրան կրտսեր սերժանտի կոչում տվեցին՝ ջոկի հրամանատար։ Մեդալներ ու պատվոգրեր շատ էր սիրում, միշտ ձգտում էր ավելիին, փոփոխել մի բան դեպի լավը»,-ասում է Մասիսը: Նրա խոսքով, պարտվել ու հանձնվել բառերը խորթ էին նրան. «Թեկուզ մեր ընկերական բանավեճերի ժամանակ նա միշտ հաղթողի դերում էր: Նարեկից շատ բաներ են հասցրել ընդօրինակել, սովորել, նա իրոք հարստություն էր բոլորիս: Ուրախ ու հպարտ եմ, որ Նարեկի պես ընկեր եմ ունեցել ու ցավով եմ նշում, որ զրկվել եմ նրան գրկելու ու խորհուրդներ հարցնելու հնարավորությունից: Նա ձգտեց բարձունքին, փորձեց հաղթել ու այդպես էլ եղավ, ինչպես միշտ, նա հաղթեց, հաղթեց ճակատամարտում ու հասավ ամենաբարձունքին, բարձունքից էլ վեր, իսկ մենք բոլորս պարտավոր ենք գլուխ խոնարհել իմ հերոս ընկերոջ, իմ Նարեկի ու մնացած քաջորդիների առաջ, որոնք մնացին բարձունքում»:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031