Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ռուս-թուրքական սահման գծելու առաջարկ արեց

Օգոստոս 04,2021 12:00

Պաշտոնական Երեւանը Բաքվին մեղադրեց խաղաղապահների եւ ՀԱՊԿ-ի դեմ գործելու մեջ

Անցյալ շաբաթ կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանագծում տիրող իրավիճակին, արձանագրելով, որ ի հեճուկս կառավարության եւ միջազգային հանրության գործադրած ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում: Նա հիշատակեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կողմերին կոչ են անում առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո: «Ադրբեջանը չի արձագանքել այս կոչին, մինչդեռ Հայաստանը բազմիցս ընդգծել է իր պատրաստակամությունը՝ ցանկացած պահի սկսելու բանակցային գործընթացն առաջարկվող ֆորմատով: Մենք արտահայտել ենք նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատից դուրս գտնվող հարցերի վերաբերյալ երկխոսության մեջ լինելու մեր պատրաստակամությունը: Այսուհանդերձ, Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որեւէ հնարավորություն՝ հռետորաբանությամբ եւ գործողություններով վարկաբեկելով նաեւ նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները», -նշեց նա:

Մատնացույց անելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը, նա փաստեց, որ Ադրբեջանում շարունակվում են հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց շինծու դատավարությունները, որի հետեւանքով նրանք դատապարտվում են երկար տարիների ազատազրկումների. «Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո, խաղաղապահների պատասխանատվության գոտիներում: Եթե այս փաստը համադրում ենք այն լայնածավալ հակաքարոզչության հետ, որ Ադրբեջանում վարվում է ընդդեմ խաղաղապահների եւ այն փաստի հետ, որ Ադրբեջանը մինչեւ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում կայունության ու խաղաղության դեմ իրականացվող գործողությունների շարք է»:

Գալով տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեմային՝ նա ընդգծեց, որ ո՛չ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ վերաբերելի կետում, ո՛չ հունվարի 11-ի հայտարարության մեջ չկա որեւէ «միջանցք» արտահայտություն կամ սահմանում, չեն ընդգծվում կոնկրետ երթուղիներ, սակայն Ադրբեջանը շարունակում է արծարծել ինչ-որ միջանցքի թեմա՝ մատնանշելով կոնկրետ երթուղիներ եւ ուղղություններ:

Փաշինյանը կրկին ընդգծեց, որ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու միջանցքային տրամաբանության որեւէ հարց, իսկ Ադրբեջանը փորձում է խափանել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, որը Հայաստանի համար «չափազանց կարեւոր հարց է» եւ «գտնվում է կառավարության առաջնահերթությունների շարքում»: Փաշինյանը շեշտեց. «Մեզ համար միանշանակ է եւ աներկբա, որ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն եւ ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա այդ թվում՝ դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա, այդ թվում՝ դեպի Նախիջեւան, Վրաստան, Իրան»:

Այնուհետեւ, ներկայացնելով Ադրբեջանի կողմից վարկաբեկման մյուս ուղղությունը, նա նշեց՝ ՀԱՊԿ-ն. «Ադրբեջանի զինված ուժերը ոչ միայն շարունակում են ապօրինի կերպով մնալ ՀՀ տարածքում, խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, այլեւ շարունակաբար սադրիչ գործողություններ են ձեռնարկում՝ սրանով փորձելով վարկաբեկել Հավաքական անվտանգության պայմանագրի համակարգը: Այս ծրագիրը կյանքի կոչելու համար սադրիչ գործողություններին զուգահեռ, Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իբր սադրանքներ գործելու մեջ: Լինելով ՀԱՊԿ անդամ, ով սույն թվականի սեպտեմբերից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը: Եվ ես պաշտոնապես բացառում եմ Հայաստանի զինված ուժերի կողմից որեւէ սադրիչ գործողություն: Միեւնույն ժամանակ կարծում եմ, որ Ադրբեջանի եւ մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով: ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ, ներառյալ՝ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահությունը»:

Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանի փորձերը՝ ցույց տալ, թե Հայաստանը դեմ է սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա սկսելու գործընթացին, որեւէ կապ չունեն իրականության հետ. «Ընդհակառակը՝ մենք կողմ ենք, ավելին՝ նման գործընթաց մեկնարկելու, տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու մանդատ ենք ստացել սեփական ժողովրդից: Դեռեւս մայիսի 27-ի ԱԽ-ի նիստում ես բարձրաձայնել եմ մեր պատկերացումները սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: Դրանք հետեւյալն են՝ Սոթք-Խոզնավար հատվածում հայ-ադրբեջանական սահմանային գծից թե՛ հայ, թե՛ ադրբեջանական զորքերի հետքաշում, սահմանային գծի երկայնքով ՌԴ սահմանապահ զորքերի հենակետերի տեղադրում եւ սահմանային գծի մոնիթորինգ, ապա սահմանազատման աշխատանքների մեկնարկ, ինչին մեր պատրաստակամությունը հայտնել ենք բազմիցս: Առկա իրավիճակը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի: Համենայնդեպս՝ այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ»:

Այսպես, Երեւանն ու Բաքուն գտնվում են միմյանց մեղադրելու հրապարակային փուլում: Այն, որ Ալիեւը ցանկացած փաստաթուղթ կարող է Ադրբեջանի համար շահեկան դիրքերից մեկնաբանել՝ դրանում որեւէ անսպասելի բան չկա: Հետեւաբար, պաշտոնական Երեւանը նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի փաստաթղթերի վերաբերյալ պարտավոր էր ունենալ պատկերացումներ, թե Ադրբեջանը ինչ պահանջներ կարող է ներկայացնել Հայաստանին:

Այս ողջ գործընթացում կարեւոր է, թե Հայաստանն ինչ գործիքակազմ է օգտագործում, ինչ հաջողությունների է ձգտում հասնել, մասնավորապես՝ խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանի հետ երկկողմ քննարկումներում: Փաշինյանի ելույթի շեշտադրումներից կարելի էր եզրակացնել, որ նա փրկության ծրագրի տարբերակ է համարում՝ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

Խոսքը գնում է մի կառույցի մասին, որը 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերեց ընդգծված ադրբեջանամետ կեցվածք, այսօր, երբ ՀՀ ինքնիշխան տարածք են ներխուժել ադրբեջանական ստորաբաժանումները՝ այս կառույցը ունակ չէ իրականացնել իր իսկ կանոնադրության 4-րդ հոդվածը, համաձայն որի՝ «Եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Այսինքն, ՀՀ-ն անդամակցում է մի կառույցի, որն ի զորու չէ կատարել ստանձնած պարտավորությունները, իսկ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, քանի որ ստանձնել է «չեզոք խաղաղապահի» դեր Լեռնային Ղարաբաղում՝ կաշկանդված է զգում «կտրուկ» գործողություններից՝ անգամ ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ մեկ նախադասություն չի հայտարարում: Այս պայմաններում Ալիեւը, պարզ չէ՞, որ իրեն ազատ է զգալու Հայաստանին պահանջներ ներկայացնելու տեսանկյունից, ինչպես եւ վարվում է:

Մոսկվայի ոչինչ չասող արձագանքը

Փաշինյանի ելույթից մեկ օր անց Մոսկվայի արձագանքը, կարելի է ասել, արձագանք էր՝ պաշտոնական Երեւանի հրապարակային առաջարկն անտեսելու մասին:

Ռուսաստանցի սահմանապահներ եւ ՀԱՊԿ դիտորդներ հայ-ադրբեջանական սահմանին տեղակայելու մասին Փաշինյանի հայտարարությունը ո՛չ Կրեմլը, ո՛չ էլ Ռուսաստանի արտգործնախարարությունը չմեկնաբանեցին: Ռուսաստանի ԱԳՆ-ն, մասնավորապես, հայտարարություն էր հրապարակել, որում լուրջ մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում մարդկային զոհերի պատճառ դարձած վերջին զինված միջադեպերի կապակցությամբ: ՌԴ ԱԳՆ-ն նաեւ նշում է, որ ցավոք, իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ, եւ կողմերին կոչ էր արել բոլոր հարցերը լուծել քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով Մոսկվան հերթական անգամ շեշտել էր, թե պատրաստ է շարունակել տրամադրել բոլոր անհրաժեշտ օժանդակությունները ադրբեջանա-հայկական սահմանին իրավիճակը կարգավորելու համար, ապա՝ հերթական անգամ առաջարկել էր հնարավորինս արագ անցնել սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին:

Ի դեպ, Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ օրերս տարածած հայտարարությամբ, վերահաստատում է հակամարտության բոլոր հիմնական հարցերը բանակցված, համապարփակ եւ կայուն կարգավորմամբ լուծելու անհրաժեշտությունը, որով կողմերին կոչ արեցին հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին իրենց հովանու ներքո: Այդ հայտարարության տակ ստորագրել է նաեւ Ռուսաստանի նոր ներկայացուցիչը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության ձեւաչափում՝ Իգոր Խովաեւը, որը փոխարինել է Իգոր Պոպովին։

Ստացվում է, որ Մոսկվան, թեեւ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության ձեւաչափում կողմ է բանակցությունների շարունակմանը ղարաբաղյան կարգավորման շուրջ, որը իր հերթին ենթադրում է նաեւ՝ Արցախի կարգավիճակի շուրջ քննարկումներ, սակայն մյուս կողմից` կողմերին կոչ է անում արագ սկսել սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման գործընթաց սկսել:

Եվ ամենակարեւորը՝ Մոսկվան, ըստ էության, նախընտրեց ռուս սահմանապահներին հայ-ադրբեջանական սահմանին տեղակայելու Փաշինյանի առաջարկն անտեսել՝ նախընտրելով սահմանափակվել ընդհանրական, կրկնվող կոչերով ու հայտարարություններով: Փաշինյանի ելույթից հետո Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էր ասել. «Շփումները պաշտոնական Երեւանի հետ շարունակվում են, ավելացնելու բան չունեմ»։

Որքանո՞վ էր հաշվարկված Փաշինյանի առաջարկը, երբ այն պաշտպանելու հարցում ոչ Մոսկվայի, ոչ ՀԱՊԿ-ական մեկ-երկու պետության աջակցության մասին պայմանավորվածություն չկար: Առհասարակ, ուշագրավ է հետեւյալ հարցը՝ ԼՂ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանը կարո՞ղ է սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին՝ այն էլ սահմանազատման աշխատանքներից առաջ:

Այսօր մենք նույնիսկ չունենք պատկերացում, թե հնարավոր սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներից, հաղորդակցության ուղիների ապաշրջափակումից հետո ռուսական կողմն ինչ ներկայություն ու դերակատարություն է ունենալու, եւ արդյոք Հայաստանը չի հայտնվելու թուրք-ադրբեջանական սահմանի ու թուրք-ադրբեջանական բանակի առջեւ դեմ հանդիման: Խոշոր հաշվով, Փաշինյանի անցյալ շաբաթվա ելույթը կարելի է համարել ռուս-թուրքական սահման գծելու մասին պատրաստակամության վերաբերյալ հայտ, որը տեղավորվում է տարածաշրջանը Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ ազդեցության գոտիների բաժանելու տրամաբանության մեջ:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 03.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031