Լրահոս
Օրվա լրահոսը

Արդիականացման չորս նախապայմանները

Օգոստոս 04,2021 14:00

Երբ է իշխանությունը դադարում պահպանողական լինել

Ցանկացած իշխանություն, անկախ ժամանակաշրջանից, երկրի ավանդույթներից եւ ռեժիմից, իր էությամբ պահպանողական է եւ շահամոլ: Եթե անգամ իշխանությունը ձեւավորվել է հեղափոխության միջոցով, այն պահպանողական է պարզապես այն պատճառով, որ կորցնելու բան ունի, նրա հիմնական նպատակն է status quo-ն պահպանելը: Շահամոլ է, որովհետեւ եթե անգամ առաջին դեմքերը չեն ձգտում անձնական հարստության (ինչպես Հայաստանում Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանն էին), նրանցից ցածր գտնվող օղակներում հեղափոխություն իրականացրածները եւ հեղափոխությանը աջակցած օլիգարխիան իրենց «շահաբաժինն» են պահանջում, նաեւ խնդիր են դնում, որ որոշ պաշտոններում իրենց մարդիկ նշանակվեն, եւ այդպիսով կամաց-կամաց հաստատվում է նույն լճացումը, որը կար հեղափոխություններից առաջ: Իշխանությունը, իներցիայի ուժով շարունակելով կրկնել «ժողովուրդ» բառը, իրականում հենվում է իրեն հավատարիմ էլիտայի վրա՝ այդ բառի գիտական, ոչ թե պոպուլիստական իմաստով: Իշխանատենչությունն ու կոռուպցիան ամեն տեղ սովորական բան են, պետությունների առօրյան են: Անսպասելի են եւ, կարելի է ասել՝ սենսացիոն այն դեպքերը, երբ էլիտաները համախմբվում են եւ (ժամանակավորապես) նվիրվում են պետական շահին:

Ինչո՞ւ է, այնուամենայնիվ, այս կամ այն իշխանությունը բարեփոխումներ, արդիականացում անցկացնում: Ինչո՞ւ էր Պետրոս առաջինը կարողանում կտրել բոյարների մորուքները եւ ազնվականներին եվրոպական հագուստ հագցնել: Ինչպե՞ս կարողացավ Աթաթուրքն իր երկիրը աշխարհիկ դարձնել, թուրքերին տալ անուն ազգանուններ եւ անցնել լատինատառ գրագրության: Ինչպե՞ս են արդիականացվել Չինաստանը եւ Սինգապուրը: Այդ հարցերի շուրջ գրվել են եւ գրվելու են հարյուրավոր գրքեր: Բայց, ամենայն հավանականությամբ, այստեղ պետք է համընկնեն մի քանի գործոններ, նախապայմաններ՝ այսպես ասած՝ «մոլորակների շքերթ» լինի. ա/ վճռական եւ հստակ ծրագիր ունեցող առաջնորդ՝ իր թիմով, բ/ էլիտաների համախմբվածություն, գ/ օլիգարխիայի (անվանումը կարեւոր չէ՝ խոսքը տնտեսական վերնախավի մասին է) զսպում պետության կողմից, դ/ արտաքին բարենպաստ պայմաններ, հաճախ նաեւ՝ աջակցություն:

Հայաստանում այդ չորս պայմաններից ոչ մեկն այսօր չկա: Մուրճով վազվզելը, սպառնալը, հայհոյելն ու հոխորտալը դեռեւս վճռականության նշան չէ: Ծրագրերի մասին չխոսենք. այս իշխանության ծրագիրը, գաղափարախոսությունը, գերխնդիրը, ինչպես նաեւ քաղաքական ռեսուրսը «նախկինների» հանդեպ ատելությունը վառ պահելն է:

Էլիտաների համախմբում նույնպես առայժմ չի ստացվում. կրկնեմ, որ «էլիտա» ասելով, նկատի չունեմ դասախոսներին ու գիտնականներին, որոնց իշխանությունը արհամարհանքով «ինԾիլիգենտ» է անվանում՝ չնայած մի փոքր ավելի շատ խելք ունենալու դեպքում իշխանավորները կհասկանային, որ այդ խավը կարող է լինել իրենց պոտենցիալ դաշնակիցը: Էլիտան (վերնախավը), նախևառաջ նրանք են, ովքեր իշխանություն եւ/կամ փող ունեն: Տվյալ դեպքում առաջին հերթին դրանք ներկայացված են խորհրդարան անցած ուժերով: Համախմբման տակ ես հասկանում եմ, որ, պահպանելով բոլոր հակասությունը, միասնական օրակարգ է ձեւավորվում, կողմերը հրաժարվում են իրար ոչնչացնելու մոլուցքից: Պատկերացնում եմ, որ այս տողերը կարդալուց հետո իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները բացականչում են՝ «ինչպե՞ս», «մենք սրա՞նց հետ», «երբե՛ք»: Եվ նույն ցասումով, վստահ եմ, այդ գաղափարը կընդունեն նաեւ երկու կողմերի խանդավառ երկրպագուները: Բայց քաղաքականությունը հուզական բացականչությունների ոլորտ չէ. այստեղ հաշվի է առնվում ուժերի իրական հարաբերակցությունը: Հասարակական բեւեռացմանը նպաստող երկու «թշնամական» ճամբարները բավականաչափ ռեսուրս չունեն՝ իրար ոչնչացնելու համար: Հետեւաբար, դրանք, հավանաբար, վաղ թե ուշ ստիպված կլինեն պայմանավորվել, պարզապես ինքնապաշտպանական բնազդից ելնելով: Մոտավորապես այնպես, ինչպես 70-ական թվականներին ռազմավարական սպառազինությունների կրճատման հարցում համագործակցում էին Խորհրդային Միությունը եւ Միացյալ Նահանգները:

2018 թվականի հեղափոխությունից հետո ես, ճիշտն ասած, հույս ունեի, որ օլիգարխների ախորժակները պետության կողմից զսպվելու են:

Այդպես էի մտածում ոչ միայն ես. թե՛ հեղափոխության մասնակիցների եւ թե՛ հունիսի 20-ի ընտրություններին իշխանությանը այսքանից հետո ձայն տվողների գլխավոր հույսն այն է, որ պետությունը կսահմանափակի չինովնիկների հետ միավորված խոշոր գործարարների ոտնձգությունները մանր սեփականատերերի դեմ՝ ոտնձգություններ, որոնք դարձել էին «նախկինների» հանդեպ բուռն ատելության պատճառներից մեկը: Հիմա, երբ խոշոր գործարարները մտել են խորհրդարանի իշխանական խմբակցություն, այդ հույսերն ինձ իրատեսական չեն թվում: Ավելին՝ ենթադրում եմ, որ այս իշխանությանը կործանելու է ոչ թե ընդդիմությունը, որն, ինչպես արդեն ասացի, նման ներուժ չունի, այլ հենց օլիգարխիան, որը գնալով ավելին ու ավելին է պահանջելու: Ո՞ւմ հաշվին: Բնականաբար, մանր սեփականատերերի, գյուղացիների հաշվին, որոնք առայժմ այս իշխանության հենարանն են:

Վերջապես, դրսից եկող օգնության մասին: Որքան էլ արժեքավոր լինի ԵՄ օգնությունը, դրա նպատակն այն է, որ մեր պետությունը վերջնականապես չկործանվի (իհարկե, եվրոպացիներն այստեղ ունեն իրենց շահերը): Արդիականացման հետ դա կապ չունի: Մեր հրաշալի հայրենակից Քըրք Քըրքորյանը Հայաստանին նվիրել էր ընդհանուր առմամբ մոտ 1 միլիարդ դոլարից ավելի գումար: Դրանից մեր երկիրը չի արդիականացել: Հայաստանը ՝ 20-րդ դարի 50-70-ական թվականներին արդիականացրեց Խորհրդային Միությունը՝ իր պլաններին, իր պատկերացումներին համապատասխան: Հնարավոր չէ միանշանակ՝ դրական կամ բացասական գնահատական տալ այդ գործընթացին ու դրա հետեւանքներին, բայց պարզ է, որ դա այլ երկրի եւ ոչ թե բուն Հայաստանի օրակարգ էր: Տեսանելի ապագայում նման տարբերակ այլեւս չի լինելու՝ որքան էլ Պուտինը ցանկանա վերականգնել խորհրդային կայսրությունը:

Որքան էլ դա բարդ լինի, որքան էլ հայաստանցիների մեծամասնությունը դրա հետ համաձայն չլինի, մեզ պետք է մեր սեփական օրակարգը, որը կարող է ձեւավորվել վերոհիշյալ 4 պայմանները բավարարելու դեպքում: Դա համընդհանուր օրինաչափություն է. երբ «դանակը հասնում է ոսկորին», խնդիրը դրվում է հետեւյալ կերպ՝ կամ դու ես արդիականանում, կամ ինչ-որ մեկը գալիս է եւ քեզ արդիականացնում: Հարց է՝ արդյո՞ք դանակը հասել է ոսկորին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031