Շուշին 1902թ. նոյեմբերին
Նոյեմբերի կեսերից Շուշիում անձրեւներին ու ցրտին փոխարինել է տաք եւ զով եղանակը. «Մօտ մի շաբաթ է, որ մեզանում եղանակները կատարեալ գարնանային են: Կենսական մթերքների սաստիկ թանկութիւն է տիրում. ածուխի եւ փայտի գները մանաւանդ, սարսափելի թանկ են: Տակսա ասուած բանը նոյնքան գոյութիւն ունի մեզանում, որքան քաղաքային վարչութիւնը»:
Նոյեմբերի 17-ին Ղազանչեցոց եկեղեցում կայացել է ծխականների ժողով՝ քահանայացու ընտրելու համար: Այդ առթիվ թղթակիցը գրել է. «Բենիկ վարդապետը կարդաց խնդրատուների առաջարկած խնդիրքները եւ աւելացրեց մի զեկուցագիր իր կողմից, որով ուզում էր 5 վկաների միջնորդութեամբ ժողովրդի չլինքին փաթաթել մի անծանօթ քահանայի, որ այժմ Նուխումն է եւ ընտանիքի ու երեխաների հետ այնտեղի օդը չը վերցնելու պատճառով՝ ուզում է տեղափոխվել: Չենք իմանում մեր եկեղեցու որ կանոնադրութեան հիման վրա Բենիկ վարդապետը ցանկանում է եւ ճիգ է թափում վկաներով քահանայ ընտրել տալ ժողովրդին մի անծանօթ անձնաւորութիւն: Ասում ենք, ճիգ էր թափում, որովհետեւ, երբ յայտնվեց 5-րդ վկան, որ վկայում էր Երեմիա քահանայ Ապրելեանի (այդպէս է քահանայի անունը) լաւ քահանայ լինելու մասին, Բենիկ վարդապետը բարձրաձայն գոչում էր. «Ահա եւ 5-րդ վկան, որ նրա մասին նպաստաւոր կարծիք ունի, էլ ինչու էք ուշացնում, ինչու չէք ընտրում եւ այլն»: Սակայն այդ նոյն վկան ասում էր եւ այն, որ ինքը միշտ տեսել է Ապրիլեան քահանայի ընտանիքը շատ առողջ դրութեան մէջ եւ օդը չէր կարող պատճառ լինել նրա տեղափոխվելուն: Այսպէս թէ այնպէս, ժողովը եւ մօտ 30 ստորագրութիւնը, որ այսօր հաւաքվեց, կարծում ենք, չէ կարող օրինաւոր համարվել»:
Իսկ մեկ ուրիշն էլ թղթակցությունում գովաբանում է Բենիկ վարդապետին. «Ձեզ արդէն յայտնի է լրագրական յայտարարութիւնից, որ քաղաքիս եկեղեցիների համար պէտք է նոր քահանայացուների ընտրութիւններ կատարուեն: Սրբազան առաջնորդը կարգադրել է, որ այդ ընտրութիւնները կատարուեն Բենիկ վարդապետի նախագահութեամբ եւ նրա անմիջական հսկողութեան տակ. ամբողջ հասարակութիւնը գոհ է այդ կարգադրութիւնից: Գործիչն իւր գործերից է երեւում: Բենիկ վարդապետին նորից ճանաչելու կարօտութիւն չունենք մենք. բթամիտ շովունիստ պէտք է լինել, չխօստովանելու համար, որ մեր քահանայական դասը մեծ մասամբ մտաւոր ստոր վիճակի մէջ է գտնւում, իրականութիւնը պերճախօս փաստերով է խօսում: «Տխրութեամբ եմ նայում ես պազայի վրայ: Մեր եկեղեցին անընդունակ կըդառնայ կանգնել իւր կոչման բարձրութեան վրայ, եթէ շարունակենք ձեռնադրել տգէտ քահանաներ»: Հայր սուրբի այդ խօսքերը մեզ իրաւունք են տալիս յուսալու, որ գէթ այսուհետեւ կազատուենք տգէտ տիրացուներից»:
Կարդացեք նաև
Նոյեմբերի 23-ին, Ագուլեցոց մայր եկեղեցում պատարագին, երգել է ուսուցիչ Ստեփան Դեմուրյանի կազմած քառաձայն խումբը, որ բաղկացած էր 40 հոգուց: Խմբի երգողները հիմնականում թեմական դպրոցի աշակերտներն էին եւ երկու աշակերտ էլ ռեալական դպրոցից: Այն Դեմուրյանի խմբի առաջին ելույթն էր. «Քառաձայն խումբը, որ առաջին անգամ երգեց մեզ մօտ, բաւական աջող էր եւ ներդաշնակ: Նոյն օրը հոգեհանգիստ կատարվեց թեմական դպրոցի բոլոր բարերարների համար եւ կարդացվեցին նաեւ հարուստներին խրախուսելու համար նուիրաբերողների անուանացուցակը եւ գումարները»: Իսկ հաջորդ օրը՝ նոյեմբերի 24-ին, Ագուլեցոց եկեղեցում տեղի է ունեցել երեցփոխանական երկրորդ եւ վերջին ընտրությունը, որի ժամանակ հավաքված մոտ 500 ծխականները գրեթե միաձայն ընտրել են Հովսեփ Իսաղուլյանին: Վերջինս տասնյակ տարիներ եղել է արքունական ծառայության մեջ, բանտապետի պաշտոնն է զբաղեցրել եւ այդ ժամանակ աշխատել է քաղաքային վարչությունում: Նշվել է, որ նա «յայտնի է իբրեւ մաքուր, բարի եւ ազնիւ մարդ: Ամենքը յոյս են տածում, որ նա կը լինի եւ լաւ երեցփոխ»: Շուշիի Երեւանյան դարպասների մոտ՝ ընդարձակ գերեզմանոցում, ամփոփված են Հովսեփ Իսաղուլյանի մանուկ հասակում մահացած զույգ որդիները՝ Մուշեղը (1874-1875 թթ.), Մովսեսը (1876-1878 թթ.) եւ դուստրը՝ Աննան (1870-1887 թթ.):
Ագուլեցոց Սբ Աստվածածին եկեղեցին կառուցել են 1822թ. Հին Նախիջեւանի Ագուլիս քաղաքից Շուշի տեղափոխվածները։ Այն մոտ 29 մ երկարությամբ եւ 18 մ լայնությամբ քառասյուն եկեղեցի էր, որը ունեցել է երկու գավիթ։ Եկեղեցուն բավականին գեղեցիկ տեսք են տվել տանիքի արեւելյան եւ արեւմտյան գագաթնագծերի վրա կառուցված կաթողիկեները եւ նրանց մեջտեղում կառուցված մեծ կաթողիկեն։
Եկեղեցին ունեցել է երեք դուռ՝ հարավային, արեւմտյան եւ հյուսիսային, մի ավագ, չորս փոքր խորաններ եւ կանանց մի վերնատուն։
Հարավային դռան ճակատակալ քարի վրա եղել է շինարարական արձանագրությունը. «Կամաւն Աստուծոյ Սուրբ Աստուածածնայ աւագ եկեղեցիս կառուցին արդամբք եւ ծախիւք իշխանք ազնուազգի հարազատ աղայք Զօհրապ, Յովհանջան, Մարկոս եւ Բաբա Տէր-Մատթէոսեան Թառումեանց …»: Եկեղեցին ավերվել եւ ոչնչացվել է 1920թ. մարտին թուրքերի կողմից քաղաքի հայկական թաղամասի վրա հարձակման ժամանակ եւ չի պահպանվել:
Նոյեմբերի 24-ին Ղազանչեցոց եկեղեցում, խուռն բազմության ներկայությամբ, թեմական դպրանոցի բարերարների հիշատակին կատարվել է հոգեհանգիստ: Պատարագիչը եղել է Բենիկ վարդապետը: Այդ առթիվ եկեղեցում նշվել է. «Հարկաւոր է արդեօք բացատրել դպրոցների նշանակութիւնն ազգերի կրթական գործում. մի րոպէ ընդունենք թէ դպրոցներ չկան, ի՞նչ կը լինի արդեօք մարդկութեան դրութիւնը, ո՞վ կը կրթէ սերունդները, ո՞վ կը մշակէ այն հողը, որի վրայ բարի սերմեր են աճում: Բարեգործութիւնը գեղեցիկ բան է: Մարդկային այդ գեղեցիկ յատկութիւնը գնահատում ենք եւ մենք հայերս, թէեւ քիչ չափով: Մեր մամուլն երբէք առիթը ձեռքից բաց չէ թողել գովելու այս կամ այն բարեգործին, թէ նրան կենդանութեան ժամանակ եւ թէ մեռնելուց յետոյ: Մենք համոզուած ենք, որ բարեգործներին ուղղած այդ գովասանքներն ունին անկասկած մի բարի նպատակ. – այն է՝ օրինակ տալ ուրիշներին, յորդորել որ ուրիշներն էլ հետեւեն այդ օրինակին եւ բարեգործութիւն անեն. թէեւ խիստ ցանկալի էր, որ մեր հասարակութիւնն այն աստիճան հասունացած լինէր, որ գիտակցաբար եւ հաւաքական ոյժերով պահպանէր իւր դպրոցները, մամուլը, գրականութիւնը, բարեգործական եւ այլ ընկերութիւնները»:
Նոյեմբերի 27-ին, երեկոյան ժամերգութունից հետո, Ղազանչեցոց եկեղեցում կատարվել է հոգեհանգիստ անցյալ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ընկած զինվորների համար, իսկ հաջորդ օրը, պատարագից հետո, նոյն եկեղեցում գոհացողական մաղթանք է կատարվել Պլեվնայի գրավման 25-ամյակի առթիվ: Ամբողջ Շուշին զարդարվել է դրոշակներով:
Նոյեմբերի վերջին Շուշիի թատերասերները, ուսուցիչ Ի. Տեր-Հովհաննիսյանի ղեկավարությամբ, պատրաստել են առաջիկայում բեմադրել «Սամվել» պատմական դրաման եւ «Նավթի ֆանտան» վոդեւիլը: Այդ առթիվ թղթակիցը գրել է. «Պէտք է ասել, որ մեր թատերասէրները բաւական շնորհալի խաղացողներ են. բայց դժբաղդաբար չեն կարողանում ժամանակակից լաւ պիէսներ խաղալ եւ, այդ նրա համար, որ չեն կարողանում գէթ մի հատիկ կնոջ համաձանեցնել բեմ դուրս գալու: Այսպիսի պայմանների մեջ, շատ էլ զարմանալու չէ, որ մեր թատերասէրները տարեկան մի անգամ հազիւ են կարողանում բեմ դուրս գալ եւ խաղալ այնպիսի պիէս, որի մէջ կնոջ դեր կամ բնաւ չկա եւ կամ եղածն էլ, երկրորդական եւ երրորդական դեր լինելով, դուրս են ձգում պիէսից»:
Նոյեմբերին մամուլում նշվել է, որ Շուշիի գրադարան-ընթերցարանը, որը միակն է քաղաքում, վերին աստիճանի աննախանձելի դրության մեջ է եւ անհրաժեշտ է շուտափույթ նյութական միջոցներ ձեռք առնել այն պահպանելու համար: Այդ կապակցությամբ քաղաքային դումայում վարչության անդամներ են ընտրվել Գ. Տեր-Միքելյանը, Մ. Յուզբաշյանը, Բ. Միրզոյանցը, Ռ. Հախնազարյանը, Ա. Ջանումյանը եւ ուրիշներ, որոնք պետք է միջոցներ հայթայթեին գրադարանը պահպանեու համար: Նշվել է, որ գրադարանը դեռեւս 1898թ. սկսած չի ստացել ոչ մի գիրք, իսկ ընթերցարանը չի ստանում նույնիսկ այնպիսի հրատարակություններ, ինչպես «Кавказь», «Баку», «Бак. Изв.», «Рус. Вед.», «Новое Время», «Մուրճ» եւ ուրիշ շատերը:
Գրադարան-ընթերցարանը մոտ մեկ տարի փակ մնալուց հետո (այն հիմնել էր Հայոց բարեգործական ընկերության տեղի մասնաճյուղը), քաղաքային վարչության կողմից վերաբացվել է 1900թ. դեկտեմբերի 31-ին: Գրադարանի պատասխանատու անձ ընտրված էր Մելիք-Հովսեփյանը, իսկ գրադարանապետի պաշտոնումը՝ Ս. Մղունեանցը, որը մի կրթված երիտասարդ էր: Նա աշխատավարձը ամսական 30ռ. էր:
Հոկտեմբերին Գանձակից գրվել է. «Բանանց գիւղում մի ութ տարեկան տղայ երեխայ խաղալով լցրած հրացանի հետ, որը տան մեծերի պախարակելի անփութութեան շնորհով ընկած է լինում մահճակալի տակին, անգիտակցաբար պարպում է նրան ու տեղն ու տեղը սպանում իր դեմ կանգնած մի տասներկու տարեկան աղջիկ երեխայի: Զէնքի հետ զգուշութեամբ վարվելը ու նրան պահելը գիւղացու համար դարձեալ դժուար բան է, քանի որ շատ անփոյթ, անհոգ ու անկարգ մարդ է նա»: Իսկ Չովդար գյուղում (Գանձակից 25 կմ հարավ-արեւմուտք) պատահել է մեկ ուրիշ ցավալի դեպք. «Մի տաս տարեկան երեխայ տանում է ձիուն ջուր տալու ու որպէս զի ձին չը կարողանայ նրա ձեռքից ընկնել, նրա կապը, նոխտան, ամուր կապում է իր ձեռքից: Շների հաչոցից ձին խրտնում է, վայր գցում խեղճ մանուկին, քաշքշում իր ետեւից քարերի վրայով ու ջախջախում: Երեխան մեռնում է»:
Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ,
գիտաշխատող
«Առավոտ» օրաթերթ
03.08.2021
Հարգելի գիտաշխատող,
«Ղազանչեցոց եկեղեցի» չի կարող կոչվել, հորդորում եմ անվանման ճիշտ ձեւն օգտագործել՝ Շուշիի սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, սուրբ Ամենափրկիչ մայր տաճար(առավել եւս երբ որպես գիտաշխատող՝ հանդես եք գալիս նման հոդվածներով)․ Ղազանչի՝ նշանակում է կաթսայագործ, չի կարող լինել «կաթսայագործների եկեղեցի», այն էլ՝ սուրբ, անգամ եթե հանրային խոսքում այդպես է ընդունված, անգամ եթե վիքիպեդիայում է այդպես գրված։ Շատերն են այս սխալն անում, այդ թվում ժամանակին ես, բայց երբեք ուշ չի ուղղել, առավել եւս, երբ անվան բառարմատը հայերեն չէ։