«Երեկվա նիստը շատ լավ նիստ էր: Ընդդիմություն էլ իր տարերքը ո՞րն է, իր հարցերն ուներ, հարցեր էր տալիս»,- խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը Ազգային ժողովի երեկվա անդրանիկ նիստն այսպես գնահատեց ու բոլորովին չի դժգոհում, որ ընդդիմությունը «օր ու արեւ» չտվեց իրեն: Դիտարկմանը, որ ճնշում էին, խառնվել էիք իրար՝ Հասանովն արձագանքեց. «Ինչի՞ էի խառնվել, չէի խառնվել, իրար խառնվելու բան էլ չկար: Իրենք իրենց առաջարկություններն էին անում, հարցերն էին տալիս, ես էլ պատասխանում էի»:
Հարցրեցինք՝ իշխանական թեւից «իշմարներին» նորմալ հետեւո՞ւմ էիք, որովհետեւ երեկ դահլիճի բարձրախոսներից լսվում էր, թե ինչպես է ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը թաքուն ցուցումներ տալիս ձեզ, թե՝ «սաղ լավ ա, մալադեց, դուխով, մենակ մեկ-մեկ մեր կողմ նայի էլի, իշմարներ ենք տալիս»:
Հասանովը պատասխանեց. «Ես չեմ լսել իշխանական ոչ մի նշմար չկար, ես չեմ լսել: Ռուբինյանը կարող է, իմ ընկերն է, մոտիկանա, կամ հեռվից ինձ բարեւ տա, բայց էդ նշմար չի: Նշմարը ո՞րն է»:
Բացատրեցինք, որ հեռվից աչքով-ունքով կարող են անել՝ ինչ-որ բան հուշելու համար՝ Հասանովը նեղացավ. «Ես էն մարդու տպավորությունն եմ թողնում, որ ինձ պիտի նշմար տան ու ես նոր խոսեմ, հա՞: Ես միշտ էլ կողմնորոշված եմ»: Իսկ ինչո՞ւ էր նիստի ժամանակ անընդհատ նայում ՔՊ-ականների կողմը, ընդդիմադիրներն էլ հորդորում էին, որ նայի ԱԺ կանոնակարգ օրենքին, Սահմանադրությանը, ոչ թե իրենցից աջ նստած ՔՊ-ականներին՝ Հասանովը ճպպացրեց. «Դե լավ, հա: Ես համ էն կողմն եմ նայում, հա՛մ ընդհանուր ուղիղ եմ նայել, հա՛մ էս մի կողմ եմ նայել, բոլորին էլ նայել եմ եւ դա իմ պարտականության մեջ է մտնում, որ բոլորին էլ նայեմ: Ուղղակի ամեն մեկը տեղից վարման կարգով հարց էր ուզում տալ, ես պիտի բոլորին էլ նայեի ու նայել եմ»:
Հարցրեցինք՝ 8-րդ գումարման խորհրդարանն իր սրտո՞վ է՝ այսպիսի ներկայացվածությամբ, այսպիսի ընդդիմադիրներով՝ Հասանովը պատասխանեց. «Այ հարգելիներս, ինչի՞ պիտի իմ սրտով չլինի, իմ խորհրդարանն է, ես 4 տարի է՝ այս խորհրդարանում եմ, սա 3-րդ անգամ է՝ խորհրդարանը բացում եմ, բոլորն ինձ համար հարազատ մարդիկ են՝ դիմադիր, ընդդիմադիր, բոլորն էլ հայ են, իմ ընկերներն են»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
հարգելի լրագրող, Դուք ձեր գրածը ստուգում եք? Օր. …Ես համ էն կողմն եմ նայեմ… կամ
… դա իմ պարտականության մեջ եմ մտնում …
Հարգելի Մարգարիտ, շնորհակալ ենք դիտողության համար: Վրիպակներն ուղղված են