Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Աղպաշեան. մեծանուն Հայը

Օգոստոս 03,2021 20:45

Հովհաննես Աղպաշեան անուն-ազգանունը ինձ ծանոթ է 1980-ականներից, երբ հնարավորություն ունեցա ավելի մոտիկից ծանոթանալու սփյուռքյան մամուլին, ընթերցելու Հովհաննես Աղպաշեանի հրապարակախոսական և երգիծական հոդվածները։ Ապա` հանդիպեցի նույն ազգանվամբ այլ հեղինակի՝ Պարույր Աղպաշեան, և հետագայում, ոչ ի զարմանս ինձ, տեղեկացա, որ արժանավոր հոր արժանավոր որդին նույնպես հրապարակախոս-խմբագրապետ է։

Այն ասացվածքը, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում, կարելի է ամբողջովին վերագրել Աղպաշեան ընտանիքին։ Այնուհետ թե՛ հոր, թե՛ որդու հեղինակած հրապարակումներն անհրաժեշտաբար գրավեցին իմ ուշադրությունը, քանի որ զբաղվում էի սփյուռքյան հիմնախնդիրներով, Հայաստանի և Սփյուռքի համայնքների միջև այնքան անհրաժեշտ կամուրջների ձևավորման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման աշխատանքներով։ Հնարավորություն ու պատիվ ունենալով գործակցել Սփյուռքի կառույցների և Աղպաշեանների պես անհատների հետ, գործնական բազմաթիվ շփումների, աշխատանքային հանդիպումների ընթացքում փորձեցի հասկանալ այդ բազմաշերտ, բազմաճյուղ, բարդ երևույթը, որ կոչվում է ՍՓՅՈՒՌՔ։

Անգոյությունից ստեղծվել էր ՀՀ Սփյուռքի նախարարություն, որը կարողացանք ձևավորել ու կայացնել։ Մեկտեղվեցին Սփյուռքյան խնդիրները պատկերացնող մարդիկ։ Արդյունքում՝ գրագետ թիմով փորձում էինք ծրագրեր նախաձեռնել ու իրականացնել, գաղափարներին սլացք հաղորդել, հիմնահարցերը դասդասել, վերլուծել և նոր որակ հաղորդել արդեն ձևավորված Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, հաստատված կապերին և գործակցության բազմաբնույթ ուղղություններին։ Հաշվի առնելով Սփյուռքում առկա մոտեցումները, գերակա դիրքորոշումներն ու առաջարկները՝ ծրագրել էինք իրականացնել ավելի շատ կոնկրետ ձեռնարկներ՝ միտված Հայրենիք-Սփյուռք գործակցությանը և հատկապես համայնքների հետ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, որոնք, սակայն, կիսատ մնացին․․․

Ինչ խոսք, Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման ընթացքում ծագել են հիմնախնդիրներ, որոնց լուծումների փնտրտուքում հաճախ ակամայից ինձ օգնության են հասել աղպաշեանների հրապարակախոսությունը, քանզի օգտվել եմ նրանց դիպուկ և տեղին առաջարկներից և չեմ սխալվել։

Ոչ միայն ընթերցել, քննարկել, ուշագրավ առաջարկներ եմ վերցրել Պարույր Աղպաշեանի հրապարակային հոդվածներից, այլև առիթներ եմ ունեցել անձամբ նրա հետ քննարկելու Հայաստան-Սփյուռք գործակցության բազմաթիվ խրթին, տարողունակ և տարաբնույթ հարցեր։ Ինձ համար Պարույրը սփյուռքահայ մտավորականի իսկական կերպար է, ով, կրթվելով Հայաստանում, լավ ճանաչելով հայաստանյան և սփյուռքյան իրողություններն ու մարդկանց հոգեբանությունը, կարողանում է շատ ճիշտ բացահայտել ամենակարևոր հարցերը, ախտորոշել խնդիրները և իր ճկուն մտքի ու կուռ տրամաբանության շնորհիվ բանաձևել պատասխանները, մատնացույց անել խնդիրների լուծումները։

Ես հաճույքով եմ կարդում աղպաշեանական ստորագրությամբ ցանկացած նյութ։ Յուրաքանչյուր շփում նրանց գրական-հրապարակախոսական ժառանգության հետ հիացնում, հարստացնում, մտավոր սնունդ է տալիս, գեղագիտական բավականություն պատճառում ընթերցողին, օգնում խորհել, բանավիճել, եզրահանգումներ կատարել և արդյունքում՝ ինտելեկտուալ, հոգևոր-մշակութային աճ ապահովել։

Անհրաժեշտ եմ համարում ընդգծել հայր և որդի Աղպաշեանների հզոր քննական-վերլուծական-ստեղծագործական միտքը, երևույթները տարբեր տեսանկյուններից դիտարկելու և անաչառությամբ դրանք ներկայացնելու կարողությունը։ Նրանք ունեն խոր ասելիք և համարձակ հայացք՝ հանդեպ գալիքը։

Նրանք միշտ էլ հիացրել են ճիշտ ժամանակին և անհրաժեշտ տեղում ասված տպավորիչ խոսքով, բազմակողմանի և հետաքրքիր վերլուծություններով, ինքնատիպ հրապարակախոսությամբ:

Այսօր, պատերազմի պարտությունից հետո, երբ բարդագույն իրավիճակում են հայտնվել մեր դիվանագիտությունն ու զինված ուժերը, երբ թշնամին ներթափանցել է մեր պետական տարածք, երբ ազգը չի կարողանում ուղղել իր կոտրված ողնահարը, մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է Հայրենիքի և Սփյուռքի համախմբում: Իհարկե, կան տարբեր խոսափողերով հնչող ձայներ, որոնք փորձում են ներկայացնել Հայաստան-Սփյուռք՝ անչափ կարևոր և Երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող կապերը, սակայն արժեքավոր ու ծանրակշիռ է Պ․ Աղպաշեանի խոսքը, ով հրատապ հոդվածների շարք է տպագրում նաև այս դժվարին ժամանակներում։ Մեր կարծիքով, նրա ասելիքին պետք է ականջալուր լինեն պատասխանատուները, և այդ մեծածավալ տեղեկատվությունը պետք է օգտագործեն այս ծանր պայմաններում Հայրենիքի վերականգմանն աջակցելու համար: Միայն Հայաստանի հզորացմամբ մենք կկարողանանք վերականգնել մեր երբեմնի միջազգային վարկը, ապահովել մեր ժողովրդի անվտանգությունն ու պաշտպանությունը: Ահա թե ինչ փափագով են գրված Պարույրի հույժ արդիական հոդվածները, որոնցում բարձրացված ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի հարցադրումներն անմիջականորեն վերաբերում են Հայաստան-Սփյուռք հիմնահարցերին, ծառացած բազում մարտահրավերներին, հայոց լեզվին, եկեղեցուն, մամուլին, պետությանը, պետական իշխանությանը, անվտանգությանը, Սփյուռքի ուծացումը կանխելուն․․․

Բեյրութահայությունը, առավել ևս մտավորականությունը իմ վրա շատ խոր ազդեցություն են ունեցել, իսկ նրանց ամենակարկառուն ներկայացուցիչներից են Աղպաշեանները։

Նրանց անցած կյանքի ճանապարհը, թողած հետագիծը դաս և օրինակ են երիտասարդ սերնդի համար։ Լրագրողական, հրապարակախոսական ասպարեզում «Հովհաննես Աղպաշեան» և «Պարույր Աղպաշեան» ստորագրություններն անառարկելի հեղինակության խորհրդանիշ են։ Նրանք մի ստվար զանգվածի մոտ հիացում և հպարտություն են առաջացնում, իսկ մարդկանց մեկ այլ խումբ երկչոտ ու հևիհև ընթերցում է, թե հանկարծ ‹‹հարվածը›› դեպի իրենց ուղղված չլինի։

Աղպաշեանական անհանգիստ, ստեղծագործ ու հայաշունչ ոգին անընդհատ որոնումների մեջ է և իր ներքին իմաստուն ձայնով գտնում է պատասխաններ, միաժամանակ, ապագայի խիզախ տեսլականով գալիքի իր Արարատն է հյուսում։

Այն, որ հայր և որդի Աղպաշեանները հզոր անհատականություն են, նվիրյալ մտավորական և ճանաչված հրապարակախոս, դյուզն անգամ կասկած չկա։ Բավարար է ծանոթանալ «Մարդը, Գրողը, Թարգմանիչը, Հրապարակախոսը, Քաղաքական գործիչը, Երկիծագիրը» գրքին՝ հասկանալու համար, թե որտեղ է թաքնված Պարույր Աղպաշեանի արմատը, որտեղից է սնվում նրա կենսական ու կենսառատ գենը, ինչպիսի դաստիարակություն է նա ստացել իր փառահեղ մտավորական հորից: Հովհաննես Աղպաշեանի այս աշխատությունը, որ այդքան խնամքով հավաքել և կազմել է շնորհաշատ որդին, սեղանի գիրք կարող է հանդիսանալ յուրաքանչյուր հայրենասեր հայորդու համար: Հովհաննես Աղպաշեան /Խիկար/ հեղինակի տարիների տքնաջան ստեղծագործական աշխատանքն ամփոփված է հենց ‹‹Մարդը, Գրողը, Թարգմանիչը, Հրապարակագիրը, Քաղաքական Գործիչը, Երկիծագիրը›› վերտառությամբ 607 էջից բաղկացած աշխատության մեջ։ Այն ներառում է ութ բաժին, որոնք բովանդակում են հեղինակի հոդվածները, խորհրդածությունները, մտորումները, խոհագրությունները Սփյուռքի, Հայրենիքի, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների, Հայ Դատի, աշխարհում առկա գաղափարական-քաղաքական հակասությունների, ներգաղթի, հայապահպանության, հայ-արաբական կապերի, Միջին Արևելքում տիրող իրավիճակի մասին։ Բացի հրապարակախոսական, քարոզչական, վերլուծական հոդվածներից, գրքում տեղ են գտել հեղինակի ‹‹Գրական կտորներ››-ը, ‹‹Գրականագիտական գեղարվեստական նյութեր››, ինչպես նաև ‹‹Խիկարական կսմիթներ եւ խայթոցներ›› բաժինները։ Ամփոփիչ մասում զետեղված են հետաքրքրական հավելվածներ, ներկայացված են Հովհաննես Աղպաշեանի կյանքն ու գործը։ Գիրքն արժևորվում է նաև հեղինակի կյանքի անմահացած պատառիկներով՝ լուսանկարներով, որոնք և՛ ընտանեկան են, և՛ աշխատանքային։ Մարդը, ում երակներում հայի արյուն է հոսում, պարզապես չի կարող չըմբոշխնել և չհամաձայնվել հեղինակի հետ՝ կարդալով Հայկական հարցի, հայկական հողերի պահանջի, անխուսափելի ներգաղթի, Հայ ազգային ազատագրական շարժման ուղու և բազում այլ կարևոր հարցերի մասին:

Մեծ հետաքրքրություն և արժեք է ներկայացնում Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին նվիրված բաժինը: Ինձ հիացրին նաև Գրական կտորները, Խիկարի երգիծանքը՝ պարոնյանական որակի կսմիթներով համեմված։ Հեղինակը կարողանում է իր սուր, դիտողունակ, խայթող երգիծանքի՝ սատիրայի միջոցով վեր հանել ճշմարտությունը և ‹‹մեղավորներին գամել անարգանքի սյունին››։

Աշխատությունում խտացված են ոչ միայն հեղինակի իմացությունը և տարիների կենսափորձը, այլև սերը, ոգին, նվիրումը Հայրենիքի, Սփյուռքի, նրա մարդկանց նկատմամբ։ Այն ազգային արժեքների պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված մոտեցումների, մտահոգությունների և լուծումների ուրույն շտեմարան է, միաժամանակ, հայապահպանության, ազգային արժեքների և ինքնության պահպանման, Հայոց ոսկեղենիկ մայրենիի պաշտպանության, Հայրենիքը հավերժ պահելու նպատակով ուժերի համախմբման յուրօրինակ կոչնակ։

Գրքի առաջին՝ ընդգրկուն բաժինը վերնագրված է ‹‹Սփյուռքյան Հրապարակումներ, Հիմնախնդիրներ, Հոլովույթներ››։ Այն ներառում է հոդվածներ, որոնցում հեղինակը ներկայացրել է իր հարցադրումներն ու մտորումները խնդրո առարկայի վերաբերյալ։ Հեղինակին անհանգստացրել է հայերի մասնակցությունը երկրորդ համաշխարհային պատերազմին։ Նա գտնում էր, որ սփյուռքահայերը ևս պետք է մասնակցեն համաշխարհային պատերազմին, կռվեն կողք-կողքի հայաստանցիների հետ՝ օգնելու իրենց եղբայրներին, որպեսզի համատեղ ուժերով ապահովեն հաղթանակ գերմանական ֆաշիզմի դեմ՝ դրանով իսկ հարց բարձրացնեն ‹‹Թուրքիոյ տիրապետութեան տակ գտնվող Հայաստանի մասը Սովետական Հայաստանին վերադարձնելուն մասին››։ Այս նվիրական երազը, այս տեսլականը՝ որպես փափագ, միշտ ընդգծվել է նրա հոդվածներում։

Արդեն 1945 թվականին Հովհաննես Աղպաշեանը մեծ խանդավառությամբ ողջունել և միացել է Դերենիկ Դեմիրճյանի կոչին՝ ‹‹Սովետական Հայաստանի հայերս գրկաբաց կընդունենք արտասահմանի մեր եղբայրներին․․․››, և դեմիրճյանական այս մոտեցումները՝ որպես հայրենադարձության հունդեր, արտահայտել է իր հրապարակախոսական հոդվածներում, հնեցնելով կոչ սփյուռքահայերին՝ դարձ դեպի Հայրենի։

Գիրքն ամբողջովին ներծծված է Հայրենիքի նկատմամբ անսահման սիրով, միաժամանակ, Հայաստան ներգաղթելու, Հայրենիքի շենացմանը համահավաք մասնակցություն ունենալու հորդորներով։ Նրան անհանգստացնում էր հայ ժողովրդի զավակների անապահով վիճակը՝ Միջին Արևելքում կրկնվող հեղաշրջումների պատճառով։

Անհուն ցավով է անդրադառնում արտագաղթին, ներկայացնում է, թե ինչպես է տնտեսական բարդ պայմանների հետևանքով հայկական համայնքը փոքրանում, ինչպիսի հոգեկան ապրումներ են ունենում հեռացողները, ովքեր ստիպված են լինում կրկին բռնել գաղթի ճանապարհը, այս անգամ՝ եվրոպական կամ ամերիկյան երկրներ և ամեն բան սկսել նորից։ Տարբեր առիթներով բարձրաձայնում է ազգաձուլումի վտանգի մասին՝ մատնանշելով Ֆրանսիայի և Ամերիկայի երբեմնի ‹‹ծաղկուն›› հայ գաղութների վիճակը։ Եվ խորին համոզմունքով քարոզում է, որ փրկության գործը մասամբ Սովետական Հայաստանի կազմակերպած պարբերական ներգաղթն է։ Հեղինակը մեծ հպարտությամբ է ընդգծում, որ Մայր Հայրենիքը համայն հայության անխորտակ կռվանն է։ Խիստ տիպական, աղպաշեանական է հետևյալ ձևակերպումը․ ‹‹Դեռ մօտ կէս դար առաջ, մահուան ու արիւնի ճանբարներուն վրայ ուղեկորոյս դեգերող, անտեէր ու անօգնական, բոլորի կողմէ միայն դժբախտ բառով որակվող հայ ժողովուրդը, Սովետական իշխանութեան տարիներուն անճանաչելիօրէն փոխւեցավ, դարձաւ բոլորի հիացմունքին առարկայ՝ աշխահածանօթ ստեղծագործ ժողովուրդ››։ Նա գտնում էր, որ ներգաղթը մի կողմից կփրկի ներգաղթյալներին ձուլումից, մյուս կողմից՝ կավելացնի Հայաստանի բնակչությունը, ինչը երկրի հզորացման հիմք կարող է դառնալ։ Նա հավատում էր հայերի հայահավաքին Հայրենիքում՝ իր հրապարակումների մեջ կարևորելով ներգաղթը։ ‹‹Ազատության կարաւանը աւելի արագ պիտի ընթանայ››, ‹‹Իմ Հայրենիքը զիս կը կանչէ››, ‹‹Դարձ դէպի երկիր››, ‹‹Երևան հայ ժողովուրդի ծաղկող մայրաքաղաքը››, ‹‹Աշխարհին բացուած հայրենիքը մեր›› և այլ հոդվածներում որդիական անհուն սիրով փառաբանում է Հայաստանը, քաղաքամայր Երևանը։

Մասնակցելով հայ գրողների երկրորդ համագումարին՝ մոտիկից ծանոթանում է հայաստանցիների կյանքին ու գործունեությանը, նվաճումներին, տնտեսության զարգացման ընթացքին։ Նա անթաքույց ուրախությամբ շեշտում է, որ Հայաստանը հետամնաց գյուղատնտեսական երկրից վերածվում է արդյունաբերական հսկայի։ Հերոսաբար, զոհողությունների գնով հայերը կառուցում են իրենց երկիրը՝ այն դարձնելով նաև կրթության և գիտության օրրան։ Հիացմունքով արձանագրում է, որ հայ նորագույն գրականությունը քառորդդարյա փառավոր ուղի է անցել՝ յուրացնելով հայ գրականության լավագույն ավանդույթները և դրանք հարստացրել նորերով՝ դուրս գալով գավառական մտածողության սահմաններից, դառնալով միլինավոր մարդկանց համար հասանելի և սիրելի։

Նա հպարտությամբ է նշում, որ Երևանը դարձել է գիտության, արվեստի և արդյունաբերության կենդանի օջախ, այն արագորեն աճում է և բարեզարդվում, քայլ առ քայլ վերացվում են պատերազմի հետևանքները։ Ինչպիսի հաճույքով է նկարագրում Բաղրամյան պողոտայի վրա կառուցվող պետական և գիտական կառույցների շինարարության ընթացքն ու ավարտը, ներկայացնում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի շենքի շինարարությունը, բարձունքի վրա կառուցվող Պետական Ձեռագրատան և Մատենադարանի նոր շենքերը․ ‹‹ուր պիտի զետեղուին մօտ 13 հազար մագաղաթի և հին թուղթի վրայ գրուած ձեռագրներ։ Շշենքի մուտքը պիտի զարդարուի հայ հին պատմագիրներու եւ գրչի այլ վարպետներու արձաններով››։ Անասելի գորովանքով ու սիրով է նկարագրում Աբովյան պողոտան, պողոտայի վրա գտնվող ճաշարաններն ու սրճարանները։ Նրա ոգևորության աղբյուրը Աբովյան փողոցի վերին ծայրում գտնվող պետական համալսարանն է, իսկ ներքևում՝ Երևանի զարդ հանդիսացող հրապարակը իր անզուգական ցայտաղբյուրներով։ Առանձնակի սիրով է ներկայացնում երևանյան թանգարանները, խիստ տպավորված է երկրաբանական թանգարանով, ընթերցողին մանրամասնությամբ ներկայացնում է պատմության թանգարանը, նրա սրահները, հատկապես կանգ է առնում կերպարվեստի թանգարանի հայ միջնադարյան մանրանկարչության վրա, ապա Բաշինջաղյանի, Կոջոյանի և Սարյանի սրահների նյութերն է նկարագրում։ Նա մեծ հետաքրքրությամբ ներկայացնում է քանդակագործությունը, ցուցադրված քանդակներն ու նրանց հեղինակներին։ Աղպաշեանի համար Հայրենիքում յուրաքանչյուր քար, թուփ, շենք հարազատ է, գեղեցիկ, անկրկնելի, հայկական՝ իրենը․․․

Հայաստանին ‹‹Ցտեսություն›› ասելով՝ հեղինակը եզրակացնում է, որ Հայաստանի փրկությունը նրա սովետականացումն էր և իհարկե, իր ճակատագիրը ռուս ժողովրդի հետ կապելը։ Նրա աշխատանքների մի մասը նվիրված են համաշխարհային պատերազմին հայերի մասնակցությանը, հերոս հայորդիների կերպարներին, հայ մարշալների ու գեներալների խիզախություններին և ի վերջո, սովետական ժողովրդի հերոսական հաղթանակին և ֆաշիզմի ջախջախմանը։ ‹‹Սոցիալիզմի գիտական, թեքնիք ու ռազմական նուաճումներուն հիման վրայ, որոնց իրագործման մէջ իր պատուբեր մասնակցութիւնը բերաւ հայ ժողովուրդը, սովետական իշխանութիւնը Հայաստանը դարձուց անխոցելւի, խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի ապահովուած երկիր››։

Այդքան ազգային, այդչափ հայրենասեր անձնավորությանը չէր կարող չմտահոգել հայկական հարցը, և նա իր ‹‹Բարեկիթ›› թուրք լրագրողը››, ‹‹Հայկական հողեու պահանջը անբաժանելի է ներգաղթէն››, ‹‹Մտորումներ Հայ Դատին շուրջ››, ‹‹1915-1946 երկու հակադիր թուվականներ›› և այլ գործերում արտահայտում է տառապող հայի ճիչը՝ կապված իրենից խլված Հայրենիքի, անարդարության, թուրք ենիչերների կատարած ոճրագործությունների հետ։ Նա համոզված գրում է, որ մի օր թուրքը կարող է վերացնել հին թշնամանքը, մասամբ թեթևացնել իր վզին ընկած արյան պարտքը և խաղաղ հարաբերություններ ստեղծել հայերի հետ։ Նա խաղաղության մունետիկ էր և մեծ ոգևորությամբ է նշում Նիկիտա Խրուշչովի պատգամի մասին, ով առաջարկել էր, որ հողային և սահմանային վեճերը պետք է լուծվեն միայն խաղաղ միջոցներով՝ միջազգային համաձայնությամբ։ Դիմելով աշխարհասփյուռ հայությանը՝ նշում էր, որ նրանք իրենց համեստ լուման կարող են ունենալ խաղաղության ապահովման մեծ, համամարդկային գործում, այնուամենայնիվ պետք է ուշիմորեն և հավաքական ճիգերով հետապնդեն իրենց Դատը։

Որքան հեռատես էր Հ․ Աղպաշեանը, որ իր հոդվածներում երբևէ հայ Դատի լուծման հույսը միջազգային կառույցների վրա չէր դնում։ Իր ‹‹Դարձեալ մոռացուեցաի հայ ժողովուրդը›› հոդվածում շեշտում է, որ հայ ժողովուրդն ամենուր իր ձայնն է բարձրացնում արդարության վերականգման, դարի իր բազմաչարչար խնդրին անդրադառնալու առումով և արձանագրում․ ‹‹Աշխարհի մեծագոյն բեմը՝ ՄԱԿ-ը, որուն կիյնար առաջին հերթին արձագանքել հայ ժողովուրդին և անոր բարեկամներու կոչին քար լռութիւն պահեց ամենահանդիսավոր մէկ պահուն ՝ իր իսկ կոմէ հռչակուած ‹‹Մարդկային իրավունքներու օր››-ուան առթիւ››։ Աղպաշեանը պատգամում է, որ հայաստանյան իշխանավորները թուրքիայի հետ հարաբերություններ կարող են հաստատել միայն ցեղասպանության ճանաչման և մեր հողերը վերադարձնելու դեպքում։ Նա երիտասարդությանը կոչ է անում երբեք մոռացության չտալ Հայ Դատը, որպեսզի չխամրի և վառ պահվի ապրիլի 24-ի խորհուրդը:

Երիցս ճիշտ էր Հ․ Աղպաշեանը, քանի որ միջազգային կառույցների քար լռությունը, անտարբեր կեցվածքը, ազգային ողբերգության նկատմամբ ունեցած մոտեցումներն ակնհայտորեն դրսևորվեցին անգամ մեր օրերում՝ ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ ֆոսֆորի անձրև էր տեղում արցախցիների գլխին, երբ ադրբեջանն անօրինական կերպով պահում է գերիներին, կոպտորեն խախտում միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները։ Իրենց մարդու իրավունքների պաշտպան հռչակած, համամարդկային մշակութային արժեքների ջատագով կառույցների աչքի առջև ազերիների կողմից ոչնչացվում են հայ դարավոր մշակութային հուշարձանները, մեր ժանյակակերպ խաչքարերն ու գերեզմանները, կողոպվտում և թալանվում են հայկական թանգարաններն ու եկեղեցիները․․․Արցախի անդամահատումը նման էր հայոց ցեղասպանության անցքերի կրկնությանը։ Եվ այսօր, այս պայմաններում առավել պետք է խոսենք և պահանջենք, ձայն բարձրացնենք Արցախի ամբողջականության վերականգման և Հայ Դատի արդարացի լուծման համար։ Մենք երբեք չպետք է մոռանանաք մեր մեծերի պատգամը։ Փոթորկուն այս օրերին Հայոց անհուն ցավը՝ ապրիլքսանչորսյան վիշտը, հայ ժողովրդի ցասումը, հատկապես, երիտասարդների պահանջատիրությունը, վերջապես մեկ դար ու վեց տարի հետո ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության եղելության ընդունումը, կարծես մի նոր քայլ էր հայերի՝ իրենց իրավունքների վերականգման համար պայքարում, և այդ պայքարը երբեք կանգ չպետք է առնի․․․

Հ․ Աղպայեանը Հայաստանի զարգացման հետ էր կապում նաև Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների զարգացումը։ Նա մեծ ոգևորությամբ ներկայացնում էր ծավալուն թափ ստացող մշակութային կապերը, փոխադարձ այցելությունները, կարևորում Սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտեի գործունեությունը, ‹‹Հայրենիքի ձայն›› թերթի հրատարակումը Հայրենիքի մեջ։ Հայաստանը դիտարկում էր որպես արտաշխարհի հայության հույսի և պարծանքի առարկա, ազգապահպանումի հզոր կենտրոն։ Հայաստանի գոյությունն ու հզորացումը հույս էր ներշնչում սփյուռքահայի մեջ, որի երգն այլևս պանդուխտի լացակումաց ողբը չէ՝ լքված հայերի օջախի վրա, այլ գովերգի ու պարծանքի երգ է ծաղկած ու հզոր հայրենիքի մասին։ Նրա հոգին ցնծում էր, որ ցեղասպանության խնդիրը դարձել է նաև հայաստանցիների հարցը, Հայաստանում շուքով նշվել է ցեղասպանության 50-րդ տարելիցը, Ծիծեռնակաբերդում կառուցվել է ցեղասպանության հուշահամալիր։

Հեղինակը Սփյուռք-Հայրենիք փոխհարաբերությունների կիզակետում է պահում հայապահպանության հիմնահարցերը։ Նրան խորապես մտահոգող հանգամանքն էր, թե արդյո՞ք Սփյուռքում հայերը կդիմակայեն սպառնացող մարտահրավերներին և մինչև ե՞րբ։ Նա գտնում էր, որ խոշոր համայնքներում հայությունն իբրև իրար հետ նմանության հասարակած հայտանիշ ունեն իրենց հայկական ծագումը, լեզուն ու մշակույթը, սովորույթներն ու ավանդույթները, որոնք տարբեր տարածաշրջաններում, տարբեր արագությամբ՝ դանդաղ, թե արագ, կշիջեն։

Նա հաճախ է անդրադառնում համայնքային կյանքին և մասնավորապես լիբանանահայության տոկունությանը։ Եվ բազմիցս է արձանագրել, որ հայերն ունեն իրենց աչքառու տեղը Լիբանանի հատկապես տնտեսական և մշակութային կյանքում։ Զգալի է նաև լիբանանահայության մասնակցությունը Լիբանանի քաղաքական կյանքին, երբ պառլամենտական ընտրությունների միջոցով իբրև երկրի սահմանադրական հիմնադիրիներից մեկը ներկայացնում է ընտրական ուժ և իր հաստատուն տեղը գրավում պառլամենտում ու նաև դրանից ածանցված կառավարությունում։

Հայապահպանության գործը Սփյուռքում նա համարում է բարդ և դժվարին, անգամ՝ հերոսական ճիգեր պահանջող գործընթաց։ Նա գտնում էր, որ այդ աշխատանքները պետք է իրականացնել երեք ուղղություններով։ Այսպես, ըստ Հ․ Աղպաշեանի՝ հայապահպանության հիմնական գործոններն են․

ա/ հայ ժողովրդի աշխատավոր խավերին բարեկամացնել ու կապել իր գտնված երկրների դեմոկրատական-առաջադիմական ուժերի հետ, որոնք ապագա ունեն, հարգում են ազգային փոքրամասնությունների իրավունքները և որոնց մոտ խաթարվելու և այլասերվելու վտանգ չկա,

բ/ հայապահպանումի տեղական ճիգը /կրթական, մամուլի, մշակութային կազմակերպությունների մարզից ներս/ զուգորդել, համակարգել Հայրենիքի ճիգի հետ։ Ոգևորել և արմատավորել Հայրենիքի նկատմամաբ սեր՝ ճշգրտորեն տալով Հայաստանի իրական պատկերը՝ առանց գունազարդումների, առանց թերությունները թաքցնելու։ Այս է իրական հայրենասիրությունը և միայն դրա վրա է հնարավոր երկարաձգել հայապահպանությունը Սփյուռքում՝ մինչև որ ստեղծվեն ընդհանուր հայահավաքի համար ավելի ձեռնտու ներքին և արտաքին պայմաններ,

գ/ ցանկալի է, որ Հայրենիքն իր հերթին ավելի ընդարձակ և բազմակողմանի դարձնի կապերը Սփյուռքի հետ․ տպագրի տարբեր լեզուներով գրքույկներ և տարածի այն երկրներում, որտեղ ավելի շատ հայեր են ապրում։ Նրա երազանքն էր, որ Հայաստանը դառնա միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն, երկիր, որտեղ ավելի ու ավելի շատ հայեր և օտարերկրացիներ այցելեն և ծանոթանան հայկական մշակույթին, սոցիալ- տնտեսական ձեռքբերումներին։ Վերջապես՝ շարունակվի ներգաղթը, որը հայապահպանման ամենաազդու դարմանն է /ընդգծումը Աղպաշեանինն է/։

Նման մոտեցումներից զատ, հեղինակն առանձնացնում է երիտասարդությանը, նրան հայրենասիրության և ազգասիրություն ոգով դաստիարակելու խնդիրը, կարևորում նրա տագնապներին, մտորումներին, նրա առօրյայի և ապագայի մասին խորհրդածությունները։ Նա կարծում է, որ հայ երիտասարդն անպայման վարժարան, բարձրագույն դպրոց պետք է ավարտի, սակայն կարևոր է նաև, թե իր մասնագիտությամբ կգտնի՞ արդյոք աշխատանք, որպեսզի լավատեսությունը հոռետեսության չվերածվի։ Երիտասարդության զբաղվածությունը նրա ապագայի վրա կարող է բարերար ազդեցություն ունենալ, իսկ գործազրկությունը կամ անարդյունավետ աշխատանքը ստեղծում են նեղվածության ֆոն, ձևավորում ոչ բարենպաստ մթնոլորտ և երիտասարդությանն ապակողմնորոշում, մղում ոչ լավ արարքների։ Նրա կարծիքով, երիտասարդ սերնդի լավագույն ապագան Հայաստանն է, որտեղ ապահով ապրելու, զարգանալու բոլոր հնարավորությունները կան։ Այլ համայնքների մեջ նպատակ պետք է դնել երիտասարդությանն աշխատանքով ապահովելու, նրան դեպի զարգացման ուղի ցույց տալու, ընկերային և ազգային լավագույն ապագայի համար պայքարող ուժերի մեջ ձուլելու, որոնց մեջ երիտասարդությունն ունի իր ակնառու տեղն ու գործուն դերը։ Այս քայլերը կարող են ներկա պայմանների մեջ օգնել, դառնալ երաշխիք՝ կանխելու երիտասարդության հարաճուն վարանումները, սայթաքումներն ու ուղեկորույս վիճակը և նրան տալու հասարակական ու ազգային ճիշտ կողմնորոշում և ուղեգիծ։

Լինելով լրագրող և երկարամյա խմբագրապետ՝ նրան չէր կարող չհուզել հայկական մամուլի վիճակը Սփյուռքում և հատկապես լիբանանահայ մամուլի վիճակն ու գնալով նվազող ընթերցողների թիվը։ Նա ցավով ու վրդովմունքով շեշտում է, որ շատերը պատճառաբանելով ժամանակի սղությունը, ընտանիքում հայերեն կարդացողների պակասը, գերադասելով կարդալ օտար մամուլ, չեն բաժանորդագրվում և չեն կարդում հայկական մամուլ։ Մյուս կողմից, չկան հովանավորներ, բարերարներ, մամուլը գնալով դառնում է առևտրային, միաժամանակ, ընթերցողների պակասը հարցականի տակ են դնում թերթերի տպագրության գործը։ Ակնհայտ է, որ հատվածային, ոչ համահայկական կարծիքի ձևավորմանը չեն նպաստում նաև միայն իր ‹‹իըղով տապակուելու›› ելած թերթերը։ ‹‹Մամուլը ազգապահպանումի գործին ճիշդ նպաստելու համար, պէտք է ունենայ իրապաշտ ուղղութիւն, լրջօրէն հաշուի առնէ մեր երիտասարդութեան մտայնութիւնը, ճաշակը, ձգտումներրը, պահանջները և ըստ այնմ բարձրացնէ իր բովանդակութիւնն ու մոտեցումի մակարդակը››։ Միանշանակ ճիշտ էր այն պնդումը, որ մեծ է հայ մամուլի դերը Սփյուռքում հայապահպանության, ազգային արժեհամակարգի պահպանման, մայրենիի տարածման, հայ մշակույթի ու գրականության զարգացման գործում։

Հովհաննես Աղպաշեանն իր շատ հրապարակումներում մեծարում, շնորհակալ է լինում նաև արաբ ժողովրդից, այն երկրներից, որոնք իրենց դռները բացեցին և տանիք ու աշխատանք տվեցին թուրքական յաթաղանից մազապուրծ, ծվատված հայ ժողովրդի մի հատվածին։ Պատերազմը, տնտեսական դժվարությունները, ոճրագործություններն առավել եղբայրացրին արաբ և հայ ժողովուրդներին։ Նրանք ունեին ազատության, հոգեկան վեհության, նվիրումի և խիզախության նույն պատկերացումներն ու ձգտումները։ Արաբական աշխարհում ապաստանած հայ ժողովրդի բեկորները արաբների հետ միասնաբար կրեցին և՛ դժվարությունների բեռը, և՛ միասնաբար նշեցին հաղթանակներ, տոնեցին և զգացին անկախության բերկրանքը, արժևորեցին համատարած գրագիտության հասնելու, մշակույթը զարգացնելու արդյունքները, նրանք համատեղ կառուցեցին իրենց նոր հայրենիքը։ Նա հատկապես ընդգծում է դպրոցների թվի ավելացումը, ազգային դպրոցների հիմնումը, ինչպես նաև համալսարանների հիմնումը և այնտեղ իգական սեռի ուսանողների կրթության գործընթացի կազմակերպումը՝ անգամ հետ չմնալով ԱՄՆ-ից։ Ինչպես կասեր Աղպաշեանը, Սփյուռքը կարելի չէ հակադրել Հայաստանին։ Աղպաշեանի տարբեր առրթներով արտասանաճ ճառերը, հոբելյաններին նվիրված զեկուցումները լի են ազգասիրության և հայրենասիրության լույսով, հայապահպանության, արաբ ժողովրդի հետ բարեկամության ոգով, լիբանանյան համայնքին տված բարձր գնահատականներով, հայ գրականության մեծերին ըստ արժանվույն գնահատելու ձգտումով։ Նրա հոդվածների մի շարքն էլ նվիրված է Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որի կենտրոնը Սուրբ Էջմիածինն է։ Նա ճշգրտորեն բնութագրել է հայ եկեղեցու և հատկապես Էջմիածնի տեղն ու դերը հայապահպանության գործում․ պետականությունից զուրկ և անտիրական հայ ժողովուրդն իր փրկությունը տեսել է Էջմիծնի շուրջ համախմբման մեջ՝ այն համարելով իր գոյության միակ կռվանը։ Նրանք կարողացան դիմակայել Շահ Աբասին, ով հանդգնում էր Էջմիածիը տեղափոխել Պարսկաստան։ Էջմիածնի վերացումը հայ ժողովրդի համար այդ ժամանակներում կնշանակեր հավատքի կորստից ավելի՝ ազգային գոյության կորուստ։ Աղպաշեանն անասելի խնամքով ու գորովանքով է նկարագրում իր մուտքը Էջմիածին, թե ինչպես անմիջապես աչքերին է զառնել զանգակատունը, ապա մինչ սովետական կարգերի հաստատումը միակ կրոնական բարձրագույն ուսումնական հաստատության շենքը՝ Գևորգյան ճեմարանը և տեսել է բակում տեղադրված՝ տվյալ ժամանակի հայ քաղաքական մտքի ամենալուսավոր դեմքի՝ Անաստաս Միկոյանի արձանը։ Նրան շատ տպավորել են հավիտենական քուն մտած մեր տաղանդաշատ Հայրապետների գերեզմանները՝ եկեղեցու բակում ամփոփված և ծածկված մարմարե վերմակներով՝ Ներսես Աշտարակեցի, Խրիմյան Հայրիկ․․․ Նա նշում է, որ տպավորիչ էր Տաճարը, որի որմերն ու պատերը գեղազարդված էին Նաղաշ Հովնաթանի վրձնով, խորանի առաջամասի մարմարի վրա գծած էին սրբերի նկարները՝ իրենց գույների ամբողջ ուժգնությամբ։ Նա նաև խցում տեսել է մասունքներ, զարդեր, թագեր, շուրջառներ, Հիսուսի խաչափայտյա փշրանքը, գավազաններ, որոնք հետագայում հավուր պատշաճի պետք է տեղ գտնեին Էջմիածնի թանգարանում։

Հիացած ներկայացնում է իմաստուն Վեհափառի ընդունելությունը։ Իրեն և իր ընկերներին վեհարանում ընդունելիս՝ Վեհափառը խոսել է հայերի միասնության և Հայրենիքի շուրջ համախմբման մասին։ Վեհափառը հատուկ շեշտել է, որ ‹‹եկեղեցին հայ ժողովրդի ծառան է››։

Հեղինակը թախիծով է հիշում Կոմիտաս Վարդապետի դաշնամուրի մասին, որ այդպես էլ դարձել է էջմիածնական մասունք՝ այլևս երբեք չհնչեցնելով տարաբախտ վարդապետի սրտի ձայնը։ Հովհաննես Աղպաշեանն այնքան հյութեղ լեզվով, պատկերների առատությամբ և սիրով է նկարագրում իր Հայրենիքը, Էջմիածինը, որ տարագիր հայերը ընթերցելիս անգամ սիրահարվում էին իրենց Հայրենիքին և փափագում գեթ մեկ անգամ այցելել Հայաստան։

Գրքի յուրաքանչյուր էջից վեր է հառնում իր ժողովրդին անպարագիծ սիրով սիրող անձնավորության՝ նվիրյալ Հայի կերպարը։ Նրա բազմակողմանի վերլուծական մտքի շողարձակումները, խորաթափանց դիտողականության վառ արտահայտությունները լույս են սփռում ոչ միայն հիմնահարցի, իր կողմից առաջադրված խնդրի վրա, այլ մարդկային պայծառ էության, լուսավոր կերպարի ու վառ անհատականության վրա:

Նա իր ամբողջ կյանքը նվիրել է իր ժողովրդին, նրա պատմությանը, դեգերումներին, ստեղծագործել է, հաճախ գիտական վերլուծություն կատարել՝ կապելով Հայրենիքն ու Սփյուռքը միմյանց:

Հ․ Աղպաշեանը թողել է հսկայական գրական ժառանգություն և իհարկե, ժառանգներ, որոնց փայլուն ներկայացուցիչը Պարույրն է։ Այսօր էլ գործող լրագրող ու տաղանդաշատ հայագետ Պարույր Աղպաշեանի հզոր խոսքին, վերլուծական մտքին շատերս ենք սպասում։

Ուսումնասիրելով Հովհաննես Աղպաշեանի գիրքը, հիանալով նրա հարցադրումների, բարձրացված հիմնախնդիրների խորության ու այժմեականության վրա, ամբողջովին միանում եմ գրքի առաջաբանում՝ ‹‹Ձօն››-ում, Պարույր Աղպաշեանի տված գնահատականին առ այն, որ ազգաշունչ ու հայրենապաշտ մեծ Մարդ և մեծ Հայ էր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՂՊԱՇԵԱՆԸ, ‹‹Ով իր գիտակցական ամբողջ կեանքի ընթացքին, դարձաւ դրօշակակիրը իր ազգային-գաղափարական հաւատամքին, անսակարկօրէն եւ անտեղիտալիօրէն ծառայելով, արտադրելով, գաղափարախօսելով, ստեղծագործելով, թարգմանելով, երգիծագելով ու հրապարակագրելով, իր ազգային առաքելութեանը հավատարիմ՝արդիւնաշատ գործընթացով մը››։

Արդիական են աղպաշեանական բանաձևումները, համահունչ մեր ժամանականերին։ Հաշվի առնելով նրանց հարցադրումները՝ գործենք խելամտորեն, լինե՛նք լավատես ու հավատա՛նք մեր ժողովրդի իմաստնությանը և ինքնապահպանման ներուժին, փորձություններին դիմակայելու և վեր հառնելու, զարթոնք ապրելու կարողությանն ու հավերժելու վերին հրամանին։

Ակնկալենք խաղաղ ու ստեղծագործ օրեր, ճիշտ կողմնորոշում, որոնք պետք է գան և հնարավորություն ընձեռեն մեզ՝ ազգովի վերակառուցելու մեր Սուրբ Ոստանը՝ մեր բազմաչարչար ու չքնաղ Հայրենիքը՝ մեր Հայաստանը:

 

Հրանուշ Հակոբյան,

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

ՀՀ Սփյուռքի հիմնադիր նախարար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031