Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Արցախի պետական երգչախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել «Աշխարհը խաղաղություն է ուզում» խորագրով բարեգործական համերգ:
Մեզ հետ զրույցում Արցախի պետական երգչախմբի ղեկավար, դիրիժոր Նինա Գրիգորյանը նշել է, որ համերգի ողջ հասույթը փոխանցվելու է արցախյան նորօրյա գոյապայքարում վիրավորում ստացած հայրենիքի նվիրյալներին` բուժման նպատակով:
Դասական, էստրադային և ջազային ժանրերով հագեցած համերգի ժամանակ գեղարվեստական կատարումներով հանդես են եկել դասական երգչուհիներ Լիլիթ Շահրամանյանը, Էլինա Ջամալյանը, Մարիամ Հարությունյանը, էսրադային֊ջազային երգչուհիներ Լիլիթ Ղուշունցը, Մերի Իզմայիլյանն ու Մարատ Բալայանը:
«Երկար ժամանակ հետո նորից հանդես եկա հարազատ Ստեփանակերտում: Շատ հուզված էի, բայց չնայած դրան, ներքուստ ուրախ եմ, որ կարողացել ենք մեծ բավականություն պարգևել հանդիսատեսին»,- մեզ հետ զրույցում ասել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Երգի պետական թատրոնի ուսանողուհի Լիլիթ Ղուշունցը:
Երգչուհու խոսքով` համերգի մտահղացումը ծագել է խմբավար Նինա Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ, որից հետո շատ կարճ ժամանակահատվածում կարողացել են կազմակերպել այն:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Նինա Գրիգորյանի լուսանկարը` «Արցախպրես»-ից: