«Պարոն Հակոբյանին խնդրում եմ նման տոնով չխոսել մեր հետ։ Մենք էլ կարող ենք շատ բարձր տոնով խոսել։ Եթե նկատել եք, մինչեւ հիմա ես էլ եմ շատ զուսպ եղել»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը։ Հիշեցնենք, որ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանն այսօր բարձր տոնով նախատել էր ընդդիմադիր պատգամավորներին ու հիշեցրել, որ իշխանությունը ժողովրդի մանդատն է ստացել։
Ապա Սեյրան Օհանյանը դիմեց ԲՏԱ նախկին նախարար, ՔՊ-ի կողմից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Հակոբ Արշակյանին ու հարցրեց՝ ինչո՞ւ փակվեց Չարենցավանում հիմնված «Լյուբավա-Արմենիա» գործարանը, որն արտադրում էր վրաններ, քողարկող միջոցներ, մուլյաժներ, որոնց կարիքն, ի դեպ, կար պատերազմի ընթացքում։ Օհանյանը նշեց, որ գործարանը պատրաստվում էր նաեւ զրահաբաճկոններ ու սաղավարտներ արտադրել, եւ գործարանի հիմնումն իր ու Լեհաստանի պաշտպանության նախարարի մի քանի տարվա ջանքերի շնորհիվ էր հաջողվել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ