Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտին Գալստյան․ «Տնտեսությունում դեռեւս անորոշություն կա՝ սահմանային լարվածության հետ կապված»

Օգոստոս 03,2021 18:09

Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%: Ըստ ԿԲ-ի, 2021թ. հունիսին արձանագրվել է 0.8% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է եւ կազմել 6.5%: 12-ամսյա բնականոն գնաճը եւս շարունակել է արագանալ՝ հունիսի վերջին կազմելով 7.8%։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասաց, որ ԿԲ խորհրդի գնահատմամբ՝ տնտեսական հեռանկարների մասով դեռեւս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են եւ դրանց դրսեւորման պարագայում պատրաստ է համարժեքորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:

Թե տնտեսական հեռանկարների մասով ի՞նչ անորոշության մասին է խոսքը, պարոն Գալստյանն այսպես մեկնաբանեց․ «Ինչպես մեր արտաքին գործընկերները, այնպես էլ մենք կարծում ենք, որ հետընտրական հարաբերական կայունությունը դրական է անդրադարձել տնտեսության վրա։ Սակայն, տեսնում ենք, որ կան նաեւ գնաճային սպասումների հետ կապված որոշակի անորոշություններ։ Տնային տնտեսությունների մոտ դեռեւս գնաճի վերաբերյալ անորոշություն է պահպանվում, ինչպես նաեւ անորոշություն կա սահմանային լարվածության հետ կապված»։

ԿԲ ներկայացուցիչների կարծիքով՝ աշխարհում կորոնավիրուսի ճգնաժամը վերջնական հաղթահարված չէ, եւ դրա հետեւանքով էլ կան լուրջ անորոշություններ, որոնք ընդհանուր ազդում են աշխարհի բոլոր տնտեսությունների վրա․ «Մեծ հարցեր կան՝ գնաճային միտումներն որքան ժամանակ կպահպանվեն եւ տնտեսական աճերն երբ կվերականգնվեն»։

Պարոն Գալստյանն ասաց, որ այս տարվա ընթացիկ զարգացումների համաձայն, տնտեսական ակտիվության տեմպերը որոշակիորեն գերազանցում են սպասումները՝ ավելի մեծ աճը գյուղատնտեսությունում եւ ծառայությունների եւ արդյունաբերության ոլորտում է եղել, շինարարությունում որոշակի նվազում կա։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031