«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Գեւորգ Պապոյանն այսօր ԱԺ ամբիոնից զարմանք արտահայտեց՝ ընդդիմադիրներն «անտեղյակ» հայացքներով ասում են, թե ինչու է ԱԺ-ի անվտանգությունն ուժեղացվել․ «Հպարտորեն ասում են, թե նախկինում ուժեղացված չի եղել։ Շատ վատ է, որ ուժեղացված չի եղել։ Որ ուժեղացված լիներ, հոկտեմբերի 27-ին մի խումբ ռոմանտիկներ չէին կարողանա այդքան հեշտ մտնել այս դահլիճ»։
Ընդդիմության շարքերից արձագանքներ լսվեցին, ինչին ի պատասխան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Զարմանում եմ, թե ինչու է հոկտեմբերի 27-ի հիշատակումը ձեր մոտ նման բան առաջացնում․․․անընդհատ տեղից խոսում եք»։
Գեւորգ Պապոյանը շարունակեց, որ եթե ծառայությունն ուժեղացված լիներ, նոյեմբերի իննի գիշերը քաղաքացիները չէին ներխուժի ԱԺ շենք ու ջարդուփշուր չէին անի։
Կարդացեք նաև
Այս խոսքերի վրա «Հայաստան» դաշինքի շարքերից բղավոց լսվեց՝ «44 օր դուք որտե՞ղ էիք, հերիք է էլի, արա՜»։ Բղավողը, կարծես, Գեղամ Նազարյանն էր։
Ավելի վաղ «Պատիվ ունեմ» դաշինքից Թագուհի Թովմասյանը շեշտել էր՝ անվտանգությունը կարեւոր է, բայց անընդունելի է, որ մետաղորսիչ սարքերով ստուգվելուց հետո պատգամավորներին չեն թույլատրում պայուսակը տանել նիստերի դահլիճ, կատարում են զննություն, ընդ որում՝ անվտանգության աշխատակիցները զննում են, այդ թվում կին պատգամավորներին, ինչն անընդունելի է։ Թովմասյանի խոսքով՝ պետք է ապահովել նաեւ անվտանգության կին աշխատակիցների ներկայություն։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ