Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺԲ-ն ԱՄՆ դեսպանատան մոտ ցույց է անում

Օգոստոս 03,2021 16:41

Ազգային-ժողովրդավարական բեւեռն այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության դիմաց ցույց էր անում, որի օրակարգն է` «Ազգերի լիգայի Զեկույց առաջարկով եւ Վիլսոնի իրավարար վճռով սահմանված Հայաստանն է տարածաշրջանում կայուն խաղաղության եւ Արեւմուտքի ռազմավարական շահերի հենքը»։

Բեւեռի անդամ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ ԱՄՆ դեսպանի միջոցով, մեր ապագա ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ից ակնկալում են ավելի արդյունավետ ջանքեր, այս պահին ՀՀ ինքնիշխանությունը խլելու, յուրացնելու ռուս-թուրքական ծրագրից ՀՀ-ին հեռու պահելու, այդ հնարավորությունն ապահովելու, ապա նաեւ առաջին հանրապետության իրավահաջորդության հիմքի վրա, Վիլսոնյան Հայաստանի ռազմավարությամբ հայկական գործոնի զարգացմամբ տարածաշրջանային համատեղ գործունեության ծավալում ՝ հանուն տարածաշրջանում երկուստեք ռազմավարական շահերի ապահովման։

«Մենք պետք է նկատի ունենանք, որ սովետական եւ հետսովետական իրողություններից դուրս ենք գալիս արդեն, անշուշտ տեսնում ենք նաեւ, որ ՌԴ-ն Թուրքիան, Ադրբեջանն ամեն ջանքը գործադրում են, որպեսզի մեզ պահեն այդ իրականության մեջ եւ ամբողջությամբ, թե՛ ֆիզիկապես, թե՛ իրավական առումով կլանեն Հայաստանի հանրապետությունը: Արցախի մասին էլ չենք խոսում, իրենք կարծում են, թե Արցախն արդեն հոշոտել են։ Իհարկե, այդպես չէ, եւ մենք պատկերացնում ենք արդեն բացարձակապես նոր ժամանակաշրջանը՝ զերծ ամենայն սովետականից եւ հետսովետականից, ճիշտ անվանենք՝ ռուս-թուրքականից, եւ քաղաքակիրթ ժամանակաշրջանի Արեւմուտքի տիրույթում գտնվող քաղաքակիրթ ժամանակաշրջանի սկիզբն ենք մենք արձանագրում։ Եվ առանց ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշինքի եւ առանց 1-ին հանրապետության իրավահաջորդության եւ միջազգային համայնքի կողմից այդ հիմքի վրա հայության եւ ՀՀ-ի իրավունքների վերահաստատման, չենք պատկերացնում տարածաշրջանում կայունության, խաղաղաղության եւ զարգացման որեւէ հնարավորություն։ Ոչ թե որ այդպես է ըստ մեր ազգային շահի, այլ այդպես է օբյեկտիվորեն, եւ պատահական չէ, որ հարյուր տարի առաջ աշխարհի հզոր տերություններն այդ ամենը հասկանում էին եւ հայկական հարցի լուծման փաթեթը պատրաստեցին, սակայն հանգամանքները մեր օգտին չդասավորվեցին, եւ բոլշեւիկյան Ռուսաստանն ու քեմալական Թուրքիան կարողացան ձախողել այդ մեծ ծրագիրը։ Եվ հիմա նպաստավոր իրավիճակ է ստեղծվել ոչ միայն ազատագրվելու, այլ սովետական Հայաստան պրոյեկտից դեպի առաջին հանրապետության իրավահաջորդ Վիլսոնյան Հայաստանի պրոյեկտի գնալու եւ դա է լինելու հայության թիվ մեկ ռազմավարական նպատակը, եւ իհարկե, դա էլ լինելու հայ-ամերիկյան հարաբերությունների անկյունաքարն ու առանցքը»։

Պարոն Ավետիսյանն ասաց, որ հավատում են այդպիսի քաղաքակիրթ եւ լուսավոր ապագային, շեշտեց՝ վերջապես եկել է ժամանակը, որ հայությունը կարողանա շտկել իր մեջքը եւ տարածաշրջանում ձեռք բերել իր կարողություններին բնորոշ կարգավիճակ ու դերակատարում․ «Դա, համոզված ենք, լինելու է առաջին հերթին ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշինքի հիման վրա, որովհետեւ այն պարտավորությունները, որ միջազգային համայնքը հարյուր տարի առաջ ստանձնել է ՀՀ-ի եւ հայ ժողովրդի հանդեպ, դրանք ուժի մեջ են եւ դրանց դրոշակակիրը ԱՄՆ-ն է»։

Նա ասաց, որ այս նպատակը դեռ քաղաքական կամքի չի վերածվել, բայց ժողովրդի մեջ կա այդ իղձը, եւ դա շուտով վերածվելու է հրապարակներում դրսեւորվող քաղաքական կամքի»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031