Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում հայկական օրակարգի և որակապես նոր ռազմավարության ընդունման մասին
Ես պնդում եմ, որ հարկավոր է հնարավորինս սեղմ ժամկետում ուրվագծել Արցախի հակամարտության կարգավորման սեփական օրակարգը՝ հիմնված տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական նոր իրողությունների վրա։
Հարկ եմ համարում ընդգծել, որ Նիկոլ Փաշինյանի հետ ս.թ. հուլիսի 24-ին կայացած արտախորհրդարանական ուժերի խորհրդակցական առաջին ժողովում նաև իմ առաջարկով քննարկվել է հայ-ադրբեջանական նոր օրակարգի մշակման, Արցախի հակամարտության գործընթացում որակապես նոր ռազմավարության ընդունման եւ իրագործման անհրաժեշտության հարցը:
Իմ պատկերացմամբ, հարկ է արձանագրել մի քանի ուշագրավ հանգամանք.
Կարդացեք նաև
1.Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման նախորդ տարիների գործընթացն ամբողջությամբ տապալվել է, որի հետ միաժամանակ, հեղինակազրկվել է ԵԱՀԿ Մինսկի խումբն ամբողջությամբ:
2.ԵԱՀԿ Մինսկի խմբի բնականոն գործունեությունը վերականգնելուն ուղղված բոլոր ջանքերը ներկայումս մատնվում են անհաջողության:
3.Ադրբեջանը, արբեցած թվացյալ հաջողությունից, շարունակում է տարածաշրջանում ապակառուցողական և լարվածության պահպանման քաղաքականությունը և հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար իրականացնում է զինված սադրիչ գործողություններ, որոնց արդյունքում զոհվում են հայ զինծառայողներ:
4.Ադրբեջանը փորձում է թելադրել իր օրակարգը՝ պահանջելով, որ Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը, իր պատկերացումներով համաձայնվի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին, համաձայնություն տա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, և վերջապես՝ ստորագրի իրենց կողմից ներկայացված «Խաղաղության» պայմանագիրը:
Այս ֆոնի վրա ս.թ. հուլիսի 29-ին տեղի ունեցած կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը տառացիորեն հայտարարում է, որ Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով:
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը սահմանագծման և սահմանազատման աշխատանքների մեկնարկի առնչությամբ ավելի հեռուն է գնում և ընդգծում, որ …իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի:
Որևէ կասկած չունեմ, որ ռուսական խաղաղարար առաքելությունը կամ առհասարակ Ռուսաստանի զինված ուժերի որևէ ձևաչափով տարածաշրջանում ներկա գտնվելը որևէ փուլում լուրջ գլխացավանք ու իրական սպառնալիք է դառնալու Ադրբեջանի համար՝ դառնալով երկու պետությունների փոխհարաբերությունների վատթարացման պատճառ, բայց վերադառնալով քննարկվող հարցի տիրույթ, հարկ եմ համարում ընդգծել, որ եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք ու արձանագրենք, որ ներկայումս թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ը, և թե՛ Եվրոպական որևէ շահագրգիռ պետություն նոր բան չունեն ասելու այս գործընթացում, և յուրաքանչյուրը փորձում է իր ռազմավարական շահերին համահունչ շտրիխներ ավելացնել կամ պակասեցնել մինչ այդ իրենց առաջարկած կարգավորման նախագծերին:
Նշված պետությունները նախորդ 25 տարիներին առաջարկել են այնպիսի մեխանիզմներ, որոնք փակուղի են մտցրել հարցի խաղաղ կարգավորումը, ու, փաստորեն, հանգեցրել պատերազմի:
Եթե նրանք ցանկանային լուծել այս հակամարտությունը, արդեն վաղուց լուծել էին, եթե ցանկանային նոր բան առաջարկել, վաղուց առաջարկել էին:
Եկեք ընդգծենք, որ նրանցից յուրաքանչյուրը պարզապես փորձում է առաջ տանել իր շահերը՝ կամա թե ակամա տարածաշրջանը պահելով տևական լարվածության մեջ:
Չեմ կարծում, որ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայումը կարող է նպաստել հարցի լուծմանը, թեև հասկանում եմ այդ առաջարկի հնչեցման ենթատեքստը ինչի կարող է հանգեցնել:
Այս իրադրության պայմաններում, գիտակցելով հանդերձ, որ առաջակվող օրակարգի ընդունումը քիչ հավանական է, այդուհանդերձ, եթե մենք իսկապես ցանկանում ենք առաջ մղել մեր շահերը, ուրեմն Հայաստանը պետք է հստակ ներկայացնի իր օրակարգը՝ առաջ քաշելով հետևյալ հարցերը.
1.Ադրբեջանն անհապաղ պետք է դադարեցնի կեղծ դատավարությունները և վերադարձնի իր մոտ պատանդ պահվող բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
2.Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են զորքերը հետ քաշել ոչ միայն Սոթք-Խոզնավար հատվածում, այլև ամբողջությամբ ապառազմականացվում է հայ-ադրբեջանական սահմանը, այսինքն՝ զինված ստորաբաժանումները հետ են քաշվում, նրանց փոխարինում են ոչ թե ռուս սահմանապահները, այլ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ սահմանափակ զենքի առկայությամբ:
3.Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են ստորագրել չհարձակման, դիվերսիաների չիրականացման, ահաբեկչական գործողությունների չիրականացման մասին համաձայնություն:
4.Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծվում է դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողով, որի բնականոն գործունեության համար ստեղծվում է համապատասխան իրավական կառուցակարգեր:
5.Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը որևէ աղերս չի կարող ունենալ Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման գործընթացի հետ:
6.Շուշիի և Հադրութի շրջանի բոլոր հայ բնակիչները անվերապահորեն վերադառնում են իրենց բնակավայրերը:
7.Հայաստանը բացառում է որևէ պարագայում ՀՀ տարածքում որևէ «Սուվերեն» միջանցքի տրամադրում Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապ հաստատելու համար:
8.Հայաստանը հավատարիմ է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի դրույթների բովանդակային իրագործմանը հնավավորինս սեղմ ժամկետում:
9.Ադրբեջանի զինված ուժերը ազատում են Հայաստանի Հանրապետության Սոթք-Խոզնավար հատվածում իրենց կողմից զավթված տարածքները:
10.Թեև ԵԱՀԿ Մինսկի Խմբի նկատմամբ ունեցած վերապահումներին, Հայաստանն ու Ադրբեջանը նպաստում են, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում վերականգնվի խմբի բնականոն գործունեությունը, իսկ վերջինս պարտավորվում է ձեռնարկել գործուն միջոցներ հնարավորինս սեղմ ժամկետում Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման իրատեսական ու ողջամիտ առաջարկություն ներկայացնել կողմերին՝ հաշվի առնելով հարցի կարգավորման բոլոր պարամետրերը և միջազգային իրավունքի հայտնի բոլոր սկզբունքները:
11.Եթե Ադրբեջանը հրաժարվում է քննարկել ու իրագործել նշված օրակարգը, նշանակում է, որ նրա նպատակը ոչ թե տարածաշրջանում խաղաղության հաստատումն է և հարցի վերջնական կարգավորումը, այլ հետապնդում է ռազմական ճանապարհով սեփական հավակնությունները իրագործելու նպատակ, ուստի Հայաստանն իրեն իրավունք է վերապահում դադարեցնել բոլոր տեսակի շփումները՝ փորձելով միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Ադրբեջանի իրական նկրտումների ուղղությամբ, հավելյալ ու իրական ճնշում գործադրել այդ պետության վրա, իսկ անհրաժեշտության դեպքում՝ տալ ոչ համարժեք պատասխան…
Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ