ԱԺ նորընտիր փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին այսօր լրագրողները հարցրեցին՝ Ֆրանսիայի դեսպանն ասաց, որ Ֆրանսիան պատրաստ է Երեւանի ցանկացած հայտ՝ օգնության, աջակցության հետ կապված դիտարկել, փորձագետներն ասում են՝ էլ ի՞նչ պետք է անի Ֆրանսիան, որ Երեւանը դիմի, ի՞նչ եք պատրաստվում անել: Ռուբինյանը պատասխանեց. «Եթե ես ճիշտ եմ հասկացել Ֆրանսիայի դեսպանի ասածը, նրան հնչել է հարց՝ եթե Հայաստանը ինչ-որ հարցով՝ պաշտպանական, ռազմական, դիմի, ի՞նչ կանեք, նրա պատասխանը եղել է՝ «կդիտարկենք»: Դա նորմալ է ու ես կարծում եմ, որ ցանկացած երկրի դեսպանին եթե այդպիսի հարց տրվեր, ենթադրում եմ, այդպես էլ կպատասխանեին մեր բարեկամ բոլոր երկրների դեսպանները: Ընդհանուր առմամբ մենք շատ գնահատում ենք մեր միջազգային բոլոր գործընկերների աջակցությունը, այդ թվում Ֆրանսիայի: Գաղտնիք չէ, որ բավականին մեծ աջակցություն են մեզ ցուցաբերել, բայց մեր գործողությունները կապված են տարբեր իրավիճակների հետ եւ մեր ոճը արտաքին քաղաքականության վարման այն է, որ մենք չենք պատրաստվում որեւէ երկրի հետ հարաբերություն կառուցել՝ ի հաշիվ մեկ այլ երկրի»:
Հարցին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ի վերջո ե՞րբ կդիմենք, քննարկվո՞ւմ է այդ հարցը՝ Ռուբինյանը պատասխանեց. «ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մի մարմին է, որն ունի մշտական անդամներ, ոչ մշտական անդամներ, որտեղ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով: Դա ենթադրում է, որ եթե ցանկացած երկիր ցանկացած հարցով ուզում է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, պետք է համապատասխան մթնոլորտ ապահովված լինի, հակառակ դեպքում դա անիմաստ է: Երկրորդ՝ կա քաղաքական եւ արտաքին քաղաքական պատեհության եւ նպատակահարմարության հարց: Մենք այս գործընթացը դիտարկում ենք իմ ասած համատեքստում: Եթե նման անհրաժեշտություն լինի, քայլեր կձեռնարկվեն համապատասխան մթնոլորտ ապահովելուց հետո»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ