Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարգազանց վարորդների մասին հայտնելը «գործ տալ» չէ. Անգլիայում թոշակառուները տեսախցիկներով զինված մեքենաներով շրջում են ու խախտումները նկարում. Պողոս Շահինյան

Օգոստոս 03,2021 15:32

Ճանապարհային անվտանգության առումով կարծում եմ, էական տարբերություն չկա՝ ճանապարհային ոստիկանությունն է, թե պարեկային ծառայությունը, բայց փորձի պակասը մենք զգում ենք: Այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց «Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի» ղեկավար Պողոս Շահինյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 7-ից Երեւանում իր աշխատանքը սկսեց նոր պարեկային ծառայությունը, որը փոխարինեց ճանապարհային ոստիկանությանը: Սակայն որոշ քաղաքացիներ պարեկային ծառայության աշխատանքից այնքան էլ գոհ չեն եւ սոցցանցերում պարբերաբար տեսանյութեր են հրապարակում՝ ինչպես են պարեկները թերանում, հատկապես երթեւեկության պիկ ժամերին:

Պողոս Շահինյանը կարծում է, որ նրանց պակասում է փորձը, որը կլրացվի. «Կարելի էր ինչ-որ ժամանակ կցել ճանապարհային ոստիկանների: Թեորիան լավ է, բայց պետք է նրանք պրակտիկ գիտելիքներ ձեռք բերեն: Եթե որոշ ժամանակաշրջան նրանք միասին անցնեին, միգուցե այդ խնդիրները չառաջանային»:

Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի ղեկավարի կարծիքով, տեղին է, երբ պարեկային ծառայության մեքենաներն ավելի շատ են, ինչի պատճառով վարորդներն ավելի զգոն կլինեն եւ այն իր ազդեցությունը կունենա անվտանգության վրա: Նրա խոսքով, օրինակ՝ արագաչափերն էլ ունեցել են իրենց դրական ազդեցությունը:

Բջջային հավելվածով երթեւեկության խախտումներն արձանագրելու եւ ոստիկաններին ուղարկելու՝ քաղաքացիներին ընձեռնված հնարավորության վերաբերյալ էլ, որը նույնպես քննադատությունների արժանացավ, թե «գործ տալու» մշակույթ է ներդրվում, Շահինյանն ասաց. «Ցանկացած մեխանիզմ, որը կարող է սթափեցնել վարորդին՝ ավելի զգոն լինելու, ունի իր դրական ազդեցությունը: Այս ծրագրի մասին խոսքը գնում էր 4-5 տարի առաջ եւ փորձվում էր կիրարկվել եւ այն վերջերս հաջողություն ունեցավ»: Ըստ նրա, որպես վարորդ, պետք է հետեւես ճանապարհային երթեւեկության կանոններին՝ անկախ նրանից կա՞ ոստիկան, արագաչափ, թե՝ ոչ եւ կարգազանց վարորդների մասին հայտնելը ոչ թե «գործ տալ է, այլ պատասխանատու քաղաքացու պահվածք. «Սա այն մեխանիկներից կարող է լինել, որ վարորդներին զգոն պահի եւ խախտում չկատարեն: Օրինակ՝ Անգլիայում այս հարցը լուծել են սոցիալական խնդիրներ լուծելով: Թոշակի անցած բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն մասնակցելու այդ ծրագրին: Պետությունը տրամադրում է տեսախցիկով զինված մեքենա եւ այն շրջում է: Մեքենայում խախտումները ձայնագրողը թոշակառուներն են: Սա քաղաքացու պատասխանատվությունն է, բայց ես ուզում եմ հորդորել, որ, երբ դուք նկարահանում եք ինչ-որ մեկին, եւ դուք երթեւեկության մեջ եք, նույնպես կատարում եք խախտում»:

Ըստ վիճակագրության, ճանապարհատրանսպորտային վթարների առաջին պատճառը արագությունը գերազանցելն է, երկրորդ տեղում՝ խմածությունն է, հետո՝ գծերը խախտելը: 2020 թվականին վթարներից զոհերի թիվը եղել է 348: Ըստ Շահինյանի, 2016 թվականի համեմատությամբ, 30 տոկոսով զոհերի թիվն աճել է, իսկ վնասվածքների թիվը՝ 31 տոկոսով. «Պետք է փորձենք անել այնպես, որ թույլատրեն ներմուծել անվտանգ ավտոմեքենաներ եւ լուծենք խնդիրն արդեն եղած ավտոմեքենաների պարագայում: Տալ քաղաքացուն հնարավորություն՝ փոխարինելու նորով, ինչպես էլեկտրական ավտոմեքենաների դեպքում է՝ մաքս չես վճարում, որ քաղաքացին կարողանա այն ձեռք բերել եւ փոխարինի նորով»:

Պողոս Շահինյանի խոսքով, քննարկվում է մարդաշատ վայրերում 30 կիլոմետր ժամ արագություն սահմանելը: Դպրոցների մերձակայքում ներկայումս գործում է 40 կմ ժամ արագությունը, որ թեեւ ոչ միշտ է պահպանվում, բայց վթարների նվազման հարցում որոշակի ազդեցություն ունեցել է. «Պետք է ձգտենք, գոնե դպրոցների միջակայքում դարձնենք 30 կմ ժամ արագություն»:

Ինչ վերաբերում է ճանապարհները երթեւեկության նշաններով կահավորելուն, պարոն Շահինյանի խոսքով, այն ճանապարհները, որոնք նորոգվում են, ասֆալտապատվում են, երբեմն չունեն գծանշումներ, կամ՝ զգուշացնող նշաններ եւ հաճախ է լինում, երբ մարդիկ են ընկնում փոսը կամ՝ մեքենաները. «Նման դեպքեր չպետք է լինեն: Կամ լինեն նախազգուշացնող նշաններ, որպեսզի վարորդն իմանա, որ մտնում է այն գոտի, որտեղ թույլատրելի արագությունը 40-ն է: Որովհետեւ, մեզ մոտ թույլատրելի արագության գերազանցումը 10 է եւ քաղաքում երթեւեկությունը՝ 60-ն, եւ մարդը կարող է վարել 70 կմ ժամ արագությամբ եւ անմիջապես մտնի այն գոտին, որտեղ երթեւեկությունը 40-ն է: Պատկերացրեք՝ ինչ կարող է տեղի ունենալ այդ վարորդի հետ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031