«Ոչ թե սահմանափակումներ են, այլ համակարգային վերափոխման գործողություններ։ Մեզանից ամեն մեկն ազատ է լրագրողների հետ շփվելու հարցում։ Կազմակերպվածության գործողությունը, որը պետք է տեղի ունենա, չէի համարի սահմանափակում, որովհետեւ լրագրողներն ազատ են լինելու շփվել պատգամավորների հետ, վերջիններս նույնպես»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց ՔՊ-ի կողմից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանափակմանը։ «Հուսամ, որ լրագրողները կառուցողական կմոտենան այս փոփոխություններին»,-հավելեց Հակոբ Արշակյանը։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը, որը հարց էր հղել լրագրողների աշխատանքի հետ կապված, նաեւ հարցրեց՝ խնդիրը լրագրողների հետ քննարկե՞լ եք։ Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ լրագրողների համար աշխատանքի նոր պայմաններ են ստեղծելու։ Ի պատասխան Աղվան Վարդանյանի՝ նա նշեց, որ շուտով լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ