Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավազակությամբ զուգորդված սպանություն՝ Քաջարանում. մեղադրական եզրակացությունն ուղարկվել դատախազին

Օգոստոս 03,2021 15:05

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Քաջարան քաղաքի 58-ամյա բնակչի՝ ավազակությամբ զուգորդված սպանության և առանձնապես խոշոր չափերի ոսկյա զարդեր հափշտակելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. փետրվարի 17-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած 3 անձինք, իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, մուտք են գործել Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի շենքերից մեկը և դարանակալել նկուղային հարկում: Հաջորդ օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, շենքի բակում 58-ամյա տղամարդու անցուդարձը հսկող՝ քննությամբ դեռևս չպարզված հանցակցից տեղեկություն ստանալով այն մասին, որ 58-ամյա տղամարդը պատրաստվում է խանութից վերադառնալ բնակարան, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք դուրս են եկել թաքստոցից ու չորրորդ հարկի հարթակում բռնել են Քաջարանի բնակչին: Սեղմելով նրա պարանոցը՝ կպչուն ժապավենով կապել են ձեռքերն ու ոտքերը, պարանոցից բռնելով և բերանը փակելով՝ նրան իջեցրել են շենքի նկուղ, որտեղ պահանջել են հայտնել բնակարանում պահվող ոսկյա զարդերի և գումարների տեղը: Ստանալով բացասական պատասխան՝ տղամարդիկ կպչուն ժապավենով կապել են նաև նրա բերանը, որից հետո, վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով, բութ առարկաներով հարվածներ են հասցրել նրա գլխի և դեմքի շրջաններին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի հետևանքով 58-ամյա տղամարդը մահացել է:

Այնուհետև, տուժողի գրպանից հանելով բանալիների կապոցը՝ նրանցից մեկը մնացել է նկուղում, իսկ մյուս երկուսը, բարձրանալով չորրորդ հարկ, բացել են դռան փականը և մուտք գործել բնակարան, որտեղից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 4.972.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության տարբեր ոսկյա զարդեր, բիժուտերիա: Բնակարանի շքամուտքում նկատելով տուժողի որդուն՝ տղամարդիկ անակնկալի են եկել և դիմել փախուստի, որի ընթացքում նրանցից մեկի բջջային հեռախոսն ընկել է գրպանից և մնացել դեպքի վայրում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած երեք տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ՝ ուղարկվել դատախազին:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել նշված երեք տղամարդկանց հանցագործության կատարմանն օժանդակություն ցուցաբերած երկու անհայտ անձանց նկատմամբ քրեական գործի նյութերն անջատելու և վարույթ ընդունելու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031