Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ուզում եք ասել՝ կարելի է ստանալ ԱԺ պատգամավորի կարգավիճակ և ուղղակի ազատվել պատասխանատվությունի՞ց. չի կարող նման բան լինել». Գևորգ Բաղդասարյանը՝ Արմեն Գևորգյանի մասին

Օգոստոս 03,2021 15:01
Gevorg Baghdasaryan

«Արմեն Գևորգյանի բացակայությունը հարգելի չէր: Աշխատանքային պարտականությունների կատարումն ինքնին չի կարող դատական նիստերին չներկայանալու պատճառ դառնալ»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:

Դատական նիստին ներկա էր Ռոբերտ Քոչարյանը: Դատական նիստի ընթացքում Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն ներկայացրեց հետաձգել դատական նիստը՝ պատճառաբանելով, որ Արմեն Գևորգյանը 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր է և աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ:

Hearings of the RA Second President Robert Kocharyan’s case took place at the Court of General Jurisdiction of Shengavit Administrative District

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց միջնորդությունը: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 10-ին՝ ժամը 13:00-ին:

Գևորգ Բաղդասարյանը կարծում է, որ ներկայացվածը հիմնավոր պատճառ չէ նիստերին չներկայանալու համար: Նա հիշեցրեց՝ անհարգելի բացակայությունն ունի հետևանք՝ բերման ենթարկել ու հավաստիացրեց՝ անհարգելի պատճառով բացակայած պատգամավորի՝ բերման ենթարկելու երաշխիքներ կան:

Աննա Դանիբեկյանը դատական նիստի ընթացքում Գևորգ Բաղդասարյանին խոսքի իրավունք չտվեց: Լրագրողները հետաքրքվեցին՝ հնարավո՞ր է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեն, նա չբացառեց դա:

Փաստմանը՝ Արմեն Գևորգյանը ՀՀ ԱԺ պատգամավոր է և հարցին՝ նրա՝ անձեռնմխելիության հետ կապված խնդիր չե՞ք տեսնում, Գևորգ Բաղդասարյանը պատասխանեց. «Ոչ, որովհետև Արմեն Գևորգյանի դեպքում հարուցված է արդեն քրեական հետապնդում: Քրեական հետապնդում հարուցելն անվերադարձ գործողություն է. չես կարող երկրորդ անգամ կատարել: Արմեն Գևորգյանը ներգրավված է՝ որպես մեղադրյալ: Եվ դա օրենքով քրեական հետապնդում հարուցելու ձևն է: Սահմանադրությունը երաշխիք է նախատեսում քրեական հետապնդում հարուցելու համար համաձայնություն ստանալու: Անձին, որը որպես մեղադրյալ ներգրավված է, ինչպե՞ս կարող ես նորից քրեական հետապնդում հարուցել: Դատարանը չպետք է դիմի ԱԺ: Չկան հիմքեր, չկա կարգավորում, համաձայնություն պետք է քրեական հետապնդում հարուցելու համար, իսկ այն արդեն հարուցված է տարիներ առաջ»:

Դատախազին վրդովեցրին լրագրողների այն փաստարկները, որոնք վերաբերում էին Արմեն Գևորգյանի՝ պատգամավոր դառնալուն: Ի պատասխան նա ասաց. «Այսինքն՝ ուզում եք ասել՝ կարելի է ստանալ ԱԺ պատգամավորի կարգավիճակ և ուղղակի ազատվել պատասխանատվությունի՞ց: Չի կարող պատգամավորի կարգավիճակը քրեական դատավարությունը կտրել միանգամից»:

Գևորգ Բաղդասարյանին լրագրողները հիշեցրին՝ իր հայրը՝ Սուրեն Բաղդասարյանը, նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, վերջին երկու տարիներին իր կարիերայում առաջխաղացում եղավ և հարցրին՝ դա իր աշխատանքի՞ գնահատականն է, թե այս գործին այդպես նվիրված լինելը, Գևորգ Բաղդասարյանը վստահեցրեց՝ դրանք ոչ մի կապ չունեն և նշեց. «Ես ամենաերկարն աշխատել եմ որպես Երևան քաղաքի դատախազ: Բացեք իմ կենսագրությունը: 2015-2016-ի չէին կարող մտածել անգամ, որ ես կարող եմ այս գործով մասնակցել, բայց այդ տարիներին ես երկու ամսվա կտրվածքով ունեցել եմ մասնագիտական առաջխաղացում: Ինչ վերաբերում է հայրիկիս, ապա տրամաբանությունից դուրս է, որ դատախազի տեղակալը որևէ ազդեցություն կարողանա ունենալ դատարանի նախագահի ընտրության հարցում: Դատարանի նախագահն ընտրվում է ԲԴԽ կողմից»:

Ճշտող հարցին՝ եթե հետագայում ամբաստանյալի կարգավիճակում լինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և Դուք լինեք նրան մեղադրող դատախազը, նույն խանդավառությամբ նրան կմեղադրե՞ք, Գևորգ Բաղդասարյանը պատասխանեց. «Հարցը կոռեկտ չեմ համարում: Ցանկացած գործով, որով մասնակցում եմ և ունեմ համապատասխան դատավարական մասնակցություն, մասնակցում եմ նույն կերպ՝ անկախ տվյալ անձի անուն ազգանունից: Ինձ համար անուն ազգանունը ոչինչ չի փոխում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031