«Տեսաք ինչպես կատարվեց ԱԺ նախագահի ընտրությունը: Մենք վստահ ենք, որ դա տեղի է ունեցել «ԱԺ կանոնակարգի» կոպիտ խախտմամբ, չի կարելի ընտրություն անցկացել՝ բացառելով մյուս թեկնածուների մասնակցությունը եւ համարել, որ այդ ընտրությունները նորմալ, հավասար ու մրցակցային պայմաններում են եղել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Նա ասաց, որ այսօր դիմելու են ՍԴ ու հուսով են՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես կմասնակցի ու կստորագրի. «ԱԺ-ում հաստատվում է , որ այդ անձինք պատգամավոր են, բայց պատգամավորների լիազորությունները կասեցվում են: Սա աննորմալ վիճակ է: Մենք ՍԴ-ից պահանջելու ենք այս պարզ հարցի պատասխանը, այն, ինչ անհեթեթ կերպով մեզ դատախազությունն է պարզաբանում, թե անձեռնմխելիությունը հաղթահարել է ԿԸՀ-ն: Ո՞վ է սրա տերը, ո՞վ կարող է ապացուցել, որ այն, ինչ կատարվեց, ճիշտ է: Սրա տերը կարող է լինել միայն ՍԴ-ն: Դատախազությունն ո՞վ է՝ ԱԺ-ից բխող մարմին է: ՍԴ-ն գոնե պետք է հարցին մոտենա իրավական տեսանկյունից: Հանրությունն իրավունք ունի հասկանալ՝ այստեղ կատարվել է կամայականությո՞ւն, պարզ խոսքով ասած՝ բեսպրեդե՞լ է, թե՞ չէ: Եթե մենք սա չկանխենք, անընդհատ կշարունակվի, ինչը եղել է 3 տարի»:
Հարցին՝ ինչ-որ մի փուլում իշխանությունների հետ կառուցողական երկխոսություն կարո՞ղ է լինել՝ Ռուստամյանը պատասխանեց. «Կառուցողականության մասին չի կարող խոսք գնալ, երբ որ մեր նպատակները տարբեր են: Մենք տարբեր նպատակներ ենք հետապնդում»: Ըստ Ռուստամյանի, իշխանությունները քողարկված ծրագիր են իրականացնում, որ նսեմացված, հարեւանների բոլոր պահանջներին հլու-հնազանդ ապրենք այստեղ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ