Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պետք լինի գալ հայրենիք ու զենք վերցնել՝ ես դա կանեմ»

Օգոստոս 03,2021 14:44

Օգոստոսի 2-ին Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տանը տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական երկշաբաթյա ծրագրի 4-րդ փուլի բացման արարողությունը, որի կրթական ամբողջ բաղադրիչն իրականացնում է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը:

Ծրագրի վերջին փուլին մասնակցում են 13-18 տարեկան 130 սփյուռքահայ պատանիներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Վրաստանից, Բելառուսից, Բելգիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից և Իսպանիայից: Նշենք, որ ընդհանուր առմամբ այս տարի ծրագրին մասնակցել է շուրջ 360 երիտասարդ՝ աշխարհի 25 երկրից: Ծրագրի նպատակն է հայրենաճանաչ դարձնել սփյուռքում ապրող պատանիներին եւ ավանդ ներդնել հայրենադարձության գործում:


Aravot.am-ը եւս այնտեղ էր ու զրուցել է ոչ միայն պատանիների, այլեւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հայկ Ենգիբարյանի հետ. «Ծրագիրն իրականացվում է 2009 թվականից եւ կրում է շարունակական բնույթ, ուղղակի 2020-ին՝ վիրուսով պայմանավորված եղավ օնլայն: Այս տարի, ինչպես տեսնում եք, մեր երիտասարդներին ֆիզիկապես ընդունում ենք: Ինչպես հայտնի է՝ սա ծրագրի 4-րդ փուլն է: Ծրագրի ընթացում մասնակիցներն ունենալու են ամենօրյա հայերենի, այդ թվում նաեւ պատմության ու ազգային երգ ու պարի դասընթացներ, այնուհետեւ այցելելու ենք Հայաստանի պատմամշակութային վայրեր, եկեղեցիներ, կրթական հաստատություններ, օրինակ՝ ԵՊՀ, Հայաստանի Ամերիկյան Համալսարան, ԹՈՒՄՈ, ԱՅԲ դպրոց եւ այլն»:

Բացման ժամանակ կազմակերպիչները մասնակիցներին ներկայացրին իրենց նախատեսած ծրագիրը, որով պատանիների հետ պետք է աշխատեն ծրագրի ընթացքում՝ դասընթացները, օրակարգն իր մանրամասներով:

Aravot.am-ի հետ զրույցում պատանիները կիսվեցին իրենց տպավորություններով ու հույզերով: Ունուշան Խաչատուրը, որը 15 տարեկան է եւ եկել է Ֆրանսիայից՝ ասում է, որ ծնվել է Ստրասբուրգում ու միշտ ցանկացել է գալ հայրենիք, ծրագրին էլ մասնակցում է մոր հորդորով:

«Մայրս էր իմացել այս ծրագրի մասին ու ասել, որ անպայման մասնակցեմ: Ծրագիրն ինձ շատ հետաքրքրեց, որի արդյունքում արդեն այստեղ եմ: Մինչ սա էլի եմ եղել Հայաստանում, բայց ավելի փոքր տարիքում, վերջին անգամ 2019 թվականին: Ծրագրից հետո մեկնելու եմ Ֆրանսիա, երբ մեծանամ՝ նորից կգամ Հայաստան, հայրենիքս շատ եմ սիրում: Ինձ այստեղ ամենից շատը գրավում են տեսարժան վայրերը»:


Մասնակիցներն ասում են, որ իրենց մասնակցության նպատակը ոչ միայն հայրենիքին ավելի մոտիկից ճանաչելն է, այլ նոր ընկերներ ձեռքբերելը, եւ, որ ամենակարեւորն է՝ հայ ընկերներ:

«Եկել եմ հայրենիքս նորից տեսնելու, կարոտս առնելու ու ավելին իմանալու համար: Այստեղ շատ ընկերներ ունեմ, հիմնական նպատակս նոր ընկերներ ունենալն է ու հիմա էլ ընկերներիս մեծամասնությունը հայեր են: Արդեն 6 տարի է՝ Բարսելոնայում եմ ապրում ու, չնայած դրան՝ ինձ տանն արգելում են իսպաներեն խոսել, տանը միայն հայերեն եմ խոսում: Թե՛ Հայաստանում, թե՛ Բարսելոնայում ինձ լավ եմ զգում, համեմատական տանել չեմ կարող, որովհետեւ տարբեր են, սակայն հայկականին ոչինչ չի կարող փոխարինել: Կարծում եմ՝ արդեն բավականաչափ կարողանում եմ խոսել ու գրել հայերեն, հիմա ուզում եմ ծանոթանալ հայրենիքիս պատմությանն ու մշակույթին»,- ասում է Աննա Գրիգորյանը, որը եկել է Բարսելոնայից:

Իսկ Ռուսաստանից եկած Զաքարյան Տիգրանն ասում է, որ եկել է հայրենիքը նորովի ճանաչելու, վերջապես հայ ընկերներ ձեռքբերելու համար, որովհետեւ իր բոլոր ընկերներ ռուսներ են, երբ իմացել է այս ծրագրի մասին՝ իսկույնեւեթ խնդրել է ծնողներին, որ իրեն եւս անդամագրեն: «Ամեն ամառ գալիս եմ Հայաստան ու ընտանիքով շրջում ենք ողջ հայրենիքով: Եղել է, որ մտածեմ՝ կարող եմ այստեղ ապագայում ապրել, թե ոչ, բայց հասկացել եմ, որ ինձ այստեղ չեմ պատկերացնում: Գիտեմ, որ սա իմ հայրենիքն է ու ամեն ինչի պատրաստեմ հանուն դրա, բայց մշտական այստեղ ապրել չեմ կարող, այնտեղին եմ սովորել, ամեն անգամ գալ կարոտն առնելն ինձ երեւի թե հերիք է»: Մեր զրուցակից պատանին Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եւ մեր այն հարցին, արդյոք կծառայե՞ր հայրենիքում, եթե դրա հնարավորությունը կամ անհրաժեշտությունը լիներ՝ ասում է՝ այո, գիտի, որ երբեք հայրենիքին ծանր պահի չի թողնի: «Եթե ապագայում, որեւէ հարցով կարողանամ օգնել հայրենիքիս՝ առանց երկմտելու կանեմ դա: Ուզում եմ օդաչու դառնալ ու կարծում եմ, որ այդպես եւս կկարողանամ հայրենիքիս օգտակար լինել: Եթե պետք լինի գալ հայրենիք ու զենք վերցնել՝ ես դա կանեմ»,- ասում է Տիգրանը:

Նշենք, որ մասնակիցներից բոլորն էլ կարողանում են հաղորդակցվել հայերեն ու ցանկանում են բարելավել իրենց մայրենի լեզվի գիտելիքները:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031