«Թուրքիայում ուսանելու ձեր փորձն օգտագործե՞լ եք իշխանափոխություն իրականացնելու սցենարը կյանքի կոչելու հարցում»,-ԱԺ նիստում այսօր ՔՊ-ից խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ»-ից Աննա Մկրտչյանը, նկատի ունենալով, որ Ռուբինյանը 2018թ․-ից առաջ եղել է Թուրքիայում, կասկած էր հայտնել, որ նա «թուրքի գործակալ» է։
Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Ես չեմ ուսանել։ Կա Հրանտ Դինքի անվան հիմնադրամ, որի ծրագրի շրջանակում իրականացրել եմ հետազոտություն։ Թեման էր՝ Թուրքիայի հասարակական կազմակերպությունների դերը Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում։ Զուգահեռ, հիմնադրամում թուրքերենի դաս էի վերցնում, որովհետեւ Երեւանում միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորածս ժամանակ թուրքերեն էի սովորել, եւ փորձում էի կատարելագործել թուրքերենի իմացությունը։ Հուսամ՝ չեք կարծում, որ արեւելագիտական ավարտած բոլոր երիտասարդները թուրքական գործակալներ են։ Եթե ձեր հարցի իմաստն էր այն, թե արդյոք թավշյա հեղափոխությունը թուրքական պրոյե՞կտ էր (ի դեպ, շատ բովանդակային հարց է), պատասխանն է՝ ոչ»։ Դահլիճից կարճատեւ ծափեր հնչեցին։
Ագնեսա Խամոյանը շարունակեց․ «Քանի որ վստահաբար ընտրվելու եք ԱԺ փոխնախագահ, հարցնեմ՝ երաշխավորո՞ւմ եք, որ կոճակների տեղն այլեւս չեք շփոթի»։ Ռուբինյանը պատասխանեց․ «Վստահ եմ, որ կընտրեք ինձ։ Այո, երաշխավորում եմ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ