«Ո՞ւր է ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը։ Նրա աշխատանքը բացասակա՞ն է գնահատվել, այդ պատճառո՞վ է, որ նա այժմ անգամ ՔՊ խմբակցության անդամ չէ։ Նեղացե՞լ է ՔՊ-ից, թե առաջիկայում այլ պաշտոնի է նշանակվելու»,-ԱԺ նիստում այսօր ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ՔՊ-ից առաջադրված թեկնածու Ռուբեն Ռուբինյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նկատի ունենալով, որ իշխանությունն անգամ այս հարցում հանրության առաջ հաշվետու չէ, ինչպես խոստացել էր լինել։
Ռուբեն Ռուբինյանը նախ տեղեկացրեց, որ Արարատ Միրզոյանը շարունակում է լինել ՔՊ վարչության անդամ, թիմի կարեւորագույն դերակատարներից․ «Մի փոքր սպասեք։ Կառավարությունը դեռ մասամբ է ձեւավորված։ Առհասարակ եմ ասում, որ եթե մեր թիմակիցների վերաբերյալ հարցեր կան, առաջիկայում դրանք պատասխան կգտնեն»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ