ԱԺ այսօրվա նիստում «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ՔՊ-ից առաջադրված թեկնածու Ռուբեն Ռուբինյանին հիշեցրեց, որ վերջինս 2018թ․-ին, երբ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ էր, հանձնաժողովի նիստերից մեկում պնդել է՝ չի հիշում կամ ծանոթ չէ որեւէ պաշտոնական հայտարարության այն մասին, որ ԼՂ-ն պետք է բանակցային սեղան վերադառնա որպես բանակցային կողմ․ «Թե ինչ խորությամբ էիք դուք տիրապետում ԼՂ հարցին եւ բանակցային պատմությանը, մենք մի քանի անգամ հասցրել ենք իմանալ։ Պատրա՞ստ եք հրապարակային հերքել ձեր խոսքերը եւ պնդել, որ Կազանի փաստաթղթով հետագա փուլում նախատեսված չէր ԼՂ-ի՝ որպես լիիրավ կողմի մասնակցություն։ Ծանո՞թ եք Կազանի փաստաթղթին»։
Ռուբինյանը պատասխանեց․ «Ներողամտությամբ եմ վերաբերվում ձեր ոչ կոռեկտ պահվածքին։ Երիտասարդ պատգամավորներին պետք է խրախուսել եւ ներողամիտ լինել։ Կազանյան փաստաթուղթը չի ստորագրվել, հետեւաբար՝ դրանով նախատեսվածը պաշտոնական ծրագիր չէր։ Դրանով նախատեսված էր, որ հինգ շրջան հանձնելուց հետո դրան հաջորդող՝ խաղաղության մասին բանակցություններն անցնելու են ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ադրբեջանը պնդելու էր, որ ներկայացուցիչներից մեկը լիներ հայ, մյուսը՝ «Ղարաբաղի համայնքից»։
Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Ես էլ ցավակցում եմ ՀՀ քաղաքացիներին՝ ձեր խմբակցությունից որոշների՝ պատգամավոր լինելու առիթով։ Առաջին անգամ եմ իմ տարեկցից լսում «երիտասարդ» եզրույթը։ Դուք դեռ ոչ կոռեկտը չեք լսել, դեռ կհասցնեք․․․դուք հստակ ասել էիք՝ չի եղել որեւէ առաջարկ կամ ծրագիր, որով ԼՂ-ն պետք է կողմ հանդիսանար։ Ինչ վերաբերում է տարածքներ հանձնելուն, մենք տեսանք, թե նախորդներն ինչ էին բանակցում, իսկ նորերն ինչ հանձնեցին»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ