«Ձեր թիմակից Արմեն Գրիգորյանը, որը անվտանգության խորհրդի քարտուղարն էր, իսկ այսօր՝ ԱԳ նախարարի տեղակալն է, եւ ամենայն հավանականությամբ, նախարար կնշանակվի, օգտագործել է խիստ անընդունելի՝ «ԼՂ տարածք» եզրույթը։ Ձեր կարծի՞քը։ Ներքին քննարկում եղե՞լ է այդ առիթով։ Իշխանությունը ներողություն խնդրելո՞ւ է, շտկելո՞ւ է»,-ԱԺ այսօրվա նիստում խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված թեկնածու Ռուբեն Ռուբինյանին հարցրեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Եթե չեմ սխալվում, դա ասել է ոչ թե Արմեն Գրիգորյանը, այլ ՀՀ ԱԳՆ-ն։ Ալիեւը վերջերս ասել էր, թե իբր «Լեռնային Ղարաբաղ» միավոր գոյություն չունի։ Այդպես նպատակ ունի մոռացության մատնել ԼՂ-ն առհասարակ։ ԱԳՆ հայտարարության մեջ հղում է արվում այն փաստին, որ Ալիեւն ինքն է նոյեմբերի իննի հայտարարությամբ ամրագրել, որ կա Լեռնային Ղարաբաղ։ Իսկ նոյեմբերի իննի հայտարարության մեջ ամրագրված է «ԼՂ տարածքներ» եզրույթը։ Սա է եղելությունը»։
Թագուհի Թովմասյանը պնդեց, որ Ալիեւին հաճելի եզրույթներ չի կարելի օգտագործել, նման բաները հետագայում միջազգային իրավական ատյաններում ՀՀ-ի դեմ են օգտագործվելու։ Ռուբեն Ռուբինյանը կրկնեց նախորդիվ ասված պարզաբանումը։
Հիշեցնենք, որ ԱԺ այսօրվա նիստում օրակարգում է ԱԺ նախագահի երեք տեղակալների պաշտոնում առաջադրումների հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրում են Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, իսկ երկրորդ տեղակալի պաշտոնում՝ Հակոբ Արշակյանի թեկնածությունը։ ԱԺ նախագահի տեղակալի երրորդ պաշտոնում «Հայաստան» խմբակցության կողմից, ինչպես հայտարարեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, առաջադրվեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ