Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ, Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել ՀՀ տարածք»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Տիգրան Աբրահամյանին

Օգոստոս 03,2021 12:12

ԱԺ նիստում այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին հարց ուղղելիս հիշեցրեց, որ պատերազմից հետո Ադրբեջանին են հանձնվել նոյեմբերի իննի հայտարարությամբ չամրագրված տարածքներ Կովսականի եւ Սանասարի շրջաններից, Հին թաղերից, Խծաբերդից, նաեւ՝ Դիզափայտը․ «Իսկ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հարցով եղել է բանավոր փոխըմբռնում եւ պատերազմի վտանգ։ Պատերազմի վտանգի, սպառնալիքի աճի պայմաններում արդյոք չի գործելո՞ւ այդ նախադեպը, եւ պատերազմի սպառնալիքի տակ նոր տարածքներ չե՞ն հանձնվելու Ադրբեջանին, որն իր հավակնությունների մասին բացահայտ հայտարարում է»։

Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Հին թաղերը, Խծաբերդն ու Դիզափայտը չեն հանձնվել, դրանք ապօրինաբար եւ նոյեմբերի իննի համաձայնության ակնհայտ խախտմամբ գրավվել են ադրբեջանական հարձակման հետեւանքով։ Ինչ վերաբերում է Սյունիքի հարակից հատվածներին, ապա Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ պարզաբանել է։ Մեր տրամաբանությունը եղել է հետեւյալը, որ պետական սահմանը գիծ չէ, այլ որոշակի երաշխիք։ Մի բան է, երբ ռազմական բախումներ են տեղի ունենում Կովսականի շրջանում, եւ մի բան է, երբ մեր զորքերը կանգնում են նախկին հայկական ԽՍՀ-ի սահմաններին։ Այժմ նման բան հնարավոր չէ, որովհետեւ մենք կանգնած ենք ՀՀ սահմանին, եւ դա որոշակի երաշխիքներ է ենթադրում, որովհետեւ դա նաեւ ՀԱՊԿ-ի սահմանն է։ Գուցե կասեք, որ դա չխանգարեց Սեւ լճի տարածքում կատարվածը կանխելուն, եւ ես կասեմ, որ մենք պետք է շարունակենք աշխատել ՀԱՊԿ գործընկերների հետ»։

Տիգրան Աբրահամյանը չհամաձայնեց Ռուբինյանի ասածին, թե Հին թաղերն ու Խծաբերդը չեն հանձնվել․ «Մայիսից ադրբեջանական զորքերը նույն կերպ ապօրինաբար, բայց, ստացվում է, ՀՀ իշխանության թողտվությամբ, անարգել մտան Սյունիք ու Գեղարքունիք մինչեւ 3,5 կմ խորությամբ։ Մինչեւ հիմա այդ բռնազավթված տարածքների առնչությամբ պատշաճ գործողություններ չեն արվել։ Ձեր հիմնավորմամբ՝ Ադրբեջանն ամեն պահի կարող է մտնել ու զավթել ՀՀ տարածքը, դուք էլ հետագայում կհիմնավորեք, թե չէիք ցանկանում նման բան թույլ տալ, մինչդեռ Ադրբեջանն ապօրինի բռնազավթեց»։

Ռուբինյանն արձագանքեց․ «Ոչ, Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել ՀՀ տարածք, եւ դա ապացուցվեց մեկ շաբաթ առաջ, երբ Գեղարքունիքում ՀՀ ԶՈՒ-ն դիմակայեց հարձակմանը։ Ինչ վերաբերում է ձեր նշած հատվածներին, ապա ադրբեջանական զորքերն այդտեղ գտնվում են ապօրինի եւ պետք է դուրս գան։ Դեռ փորձում ենք դիվանագիտական ճանապարհով հարցը լուծել»։

Հիշեցնենք, որ ԱԺ այսօրվա նիստում օրակարգում է ԱԺ նախագահի երեք տեղակալների պաշտոնում առաջադրումների հարցը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրում են Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, իսկ երկրորդ տեղակալի պաշտոնում՝ Հակոբ Արշակյանի թեկնածությունը։ ԱԺ նախագահի տեղակալի երրորդ պաշտոնում «Հայաստան» խմբակցության կողմից, ինչպես հայտարարեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, առաջադրվեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031