ԱԺ այսօրվա նիստում օրակարգում էր ԱԺ նախագահի երեք տեղակալների պաշտոնում առաջադրումների հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրում են Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, իսկ երկրորդ տեղակալի պաշտոնում՝ Հակոբ Արշակյանի թեկնածությունը։ ԱԺ նախագահի տեղակալի երրորդ պաշտոնում «Հայաստան» խմբակցության կողմից, ինչպես հայտարարեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, առաջադրվեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ելույթում Ռուբեն Ռուբինյանը նախ շնորհավորեց «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին՝ խորհրդարան անցնելու առիթով․ «Հակառակորդին քաղաքական շնորհավորանք հղելու ավանդույթը, որը ՀՀ քաղաքական դաշտում տարիներ շարունակ չլսված բան է եղել, ունի շատ պարզ հիմք։ Դուք իմ քաղաքական հակառակորդներն եք, որոնք, սակայն, խորհրդարանում հայտնվել են քաղաքացիների մի մասի վստահության քվեով, ուստի պետք է հաշվի նստել դրա հետ, ինչպես եւ դուք եք պարտավոր հարգել մեծամասնության քվեն եւ հաշվի նստել դրա հետ»։
Ռուբինյանը խոստացավ․ «Եթե ես երբեւէ այս ամբիոնից վիրավորեմ կամ զրպարտեմ ընդդիմադիր գործընկերներին, դա կլինի վիրավորանք՝ նրանց վստահության քվե տված քաղաքացիներին։ Նույնը եւ վերաբերում է ընդդիմադիր գործընկերներին։ Կարծում եմ՝ մենք բոլորս չենք ուզում, որ այդպես լինի։ Հպարտ եմ, որ թավշյա հեղափոխությունը եւ դրան հաջորդած արդար ընտրությունները վերջնականապես փակել են իշխանության լեգիտիմության հարցը եւ ընդդիմությանն ու իշխանությանը հնարավորություն տվել ծավալել կոշտ, բայց հանդուրժող բանավեճեր։ Մեր քաղաքական ուժն օգտվելու է այդ հնարավորությունից, կարծում եմ՝ ընդդիմությունը նույնպես։ Ժողովուրդն արժանի է լսել բարձր որակի քաղաքական բանավեճ, այլ ոչ թե անպտուղ խոսակցություններ»։
Այսօրվա իրավիճակի եւ մարտահրավերների մասին էլ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ ՀՀ-ի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության հանդեպ վտանգներ կան․ «Կամ շարունակաբար մեղադրում ենք իրար եւ մտնում ինքնաոչնչացման փուլ, հայրենակիցների արյունը դարձնում քաղաքական կապիտալ, կամ հանդուրժողականության մթնոլորտում հասկանում ենք բոլորիս երեսնամյա սխալները, քննարկում երկրի ապագան։ Ես ընտրում եմ երկրորդ ճանապարհը, բոլորին նույնն եմ առաջարկում։ Քաղաքական ճգնաժամն ավարտված է, բոլոր հարցերը տրված են, պատասխանները՝ լսված»։
Կարդացեք նաև
Հարց տալու իրավունքից օգտվելով՝ «Պատիվ ունեմ» դաշինքից Աննա Մկրտչյանը հայտարարեց․ «Բարձրաձայնեմ վտանգներով լի իրականությունը։ Նպատակ չեմ հետապնդում լսելու պատասխան, որը լի է ստով եւ կեղծիքով, որպիսին է այս մարդկանց երեք տարվա գործունեությունը։ Իշխող խմբակցությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է մեկին, որի կենսագրությունը շատ ճկուն է։ Մասնավորապես, այն փոփոխվում է ըստ զբաղեցրած պաշտոնի։ Հանրությանը հայտնի է, որ Ռուբեն Ռուբինյանն իր կյանքի որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում, եւ այդ մասին տեղեկատվություն չկա, մինչդեռ նա երկար ժամանակ է՝ հանրային պաշտոնյա է։ Այս իշխանությունը մեզ արդեն հրամցրել է իրավիճակ, երբ ԱԺ նախագահը կարող է լինել թուրքի լրտես՝ «Օմեգա» մականվամբ։ Այս անգամ էլ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում կարող է առաջարկել թուրքի լրտեսի։ Նման ռիսկեր եւ վտանգներ ունենք»։
ԱԺ նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդիմադիրներին հորդորեց որակումներից զերծ մնալ, առավել եւս, երբ խոսքը բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց մասին է․ «Հակառակ պարագայում մենք շարունակությունը դժվար ենք պատկերացնում»։
Ապա Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «2017թ․-ին թուրք ազգայնականի կողմից Ստամբուլում սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրի շրջանակում մի քանի ամիս իրականացրել եմ հետազոտություն Թուրքիայում։ Երբեք դա չեմ թաքցրել»։
Աննա Մկրտչյանն արձագանքեց․ «Թուրքիայում գտնվելու ձեր նպատակը եւ շարժառիթը տեսականորեն կարող է հանդիսանալ իրավիճակ, երբ դուք էլ եք գնացել ձեր լրտեսական տառը ստանալու, ինչպես ձեր գործընկերը»։ Դահլիճում այս խոսքերի վրա սկսեց աղմուկ բարձրանալ։ «Հանգիստ, հանգիստ, հանգիստ»,-ասաց Ռուբինյանը։
Աննա Մկրտչյանը հայտարարեց, որ Ռուբինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Շուշին «Շուշա» է անվանել․ «Ըստ էության, ձեր համար ոչ թե Արցախի հանրապետություն է, այլ Ղարաբաղի տարածք»։ Ռուբինյանը պնդեց, որ երբեւէ Շուշին նման կերպ չի անվանել․ «Խորհուրդ տամ։ Գաղտնիք չէ, որ ձեր քաղաքական ուժը խոսում էր այն լեզվով, որով հիմա դուք եք խոսում։ Դուք մեզ 8 ամիս թուրք եք անվանել։ Ի վերջո, ժողովուրդը լսել է ձեր վիրավորանքն ու մեղադրանքը, իսկ ընտրությունները տվել են ամեն ինչի պատասխանը։ Առաջարկում եմ դասեր քաղել ձեր ընտրական արդյունքներից։ Իրար թուրք անվանելը զրո քաղաքական արժեք է ստեղծում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ճիշտն ասած, երկու որակավորումն էլ ձեզ սազում է – համ թուրքի լրտեսը, համ էլ թուրքը, սակայն ոչ թե 8 ամիս են ասել, այլ շարունակելու են ասել, մինչև ազերիներին մեր երկրի տարածքներից դուրս շպրտեք, մինչև ճանաչեք Արցախի անկախությունը, մինչև վերացնեք ձեր պարգևավճարները, մինչև դադարեք կրկնուսույցներին դեսպան նշանակել, մինչև ինքներդ հերթափոխով գնաք սահման մարտական հերթապահության, մինչև Սյունիքի պաշտպանությանը մասնակցած համայնքապետերին ազատ արձակեք ու ներողություն խնդրեք նրանցից, մինչև ժողովուրդը համոզվի, որ ձեզ պահում եք երկիր սիրող հայի նման։